Հենրիխ Մխիթարյան. «Կարևորը ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը»

Հենրիխ Մխիթարյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան դառնալու արարողության ժամանակ ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների հարցերին.

– Ի՞նչ առաքելություն ունեք նոր կարգավիճակում:

– Կարծում եմ՝ բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբնական շրջանում կփորձեմ օգնել իմ խորհուրդներով, իսկ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրի, որ պետք է առավել անել, խնդիր չկա՝ միշտ պատրաստ եմ:

-Ի՞նչ կտա Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականին որպես մարզիչ:

– Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ նրանով, միշտ աջակցություն եմ ստացել նրանից, երբ դեռ փոքր էի: Կարող եմ ասել, որ սկսելով նրա հետ աշխատել այս օրերին՝ մեծ տպավորություններ եմ ստացել, քանի որ նա ունի շատ մեծ գիտելիքներ, շատ լավ է հասկանում ֆուտբոլը: Կարծում եմ, որ նրա հետ կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այսպիսի մասնագետների հետ, որովհետև գիտեմ, որ նրանք կարող են հավաքականին ինչ-որ բան տալ:

– Ի՞նչ մարզավիճակում եք: Ի՞նչ եք կարծում առաջիկա հանդիպման ու մրցակցի մասին:

– Ճիշտ է, վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆեներբահչեի» հետ, ընդամենը 30 րոպե, բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև կարևորն այստեղ ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը: Եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի, ապա մարզավիճակը մղվում է երկրորդ պլան: Այնպես որ՝ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ հավաքականին, քանի որ սպասելիքները շատ մեծ են:

Մոնտենեգրոյի հավաքականին դեռ լավ ծանոթ չեմ, բայց ժամանակ կա ծանոթանալու ու վերլուծելու նրանց խաղը:

– Ի՞նչ կերպ եք պատկերացնում Ձեր ներդրումը որպես Բարի կամքի դեսպան, գործնականում ի՞նչ եք անելու:

– Եթե ընտրվել եմ որպես Բարի կամքի դեսպան, ուրեմն ինչ-որ բան կարող եմ անել, գուցե Մեսիի չափ չեմ օգնի, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ միջոցառումները կազմակերպվելու են, երբ ես արձակուրդում լինեմ ու Հայաստանում գտնվեմ: Կարծում եմ, բացի կրթությունից կկարողանամ նաև ֆիզիկական կուլտուրայի հարցերով զբաղվեմ երեխաների շրջանում:

– Ինչպե՞ս են Ձեր գործերը «Մանչեսթեր Յունայթեդում»:

– Ամեն ինչ շատ լավ է: Կարծում եմ՝ քիչ խաղաժամանակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այնտեղ: Ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքն իրականացնել ու առաջ շարժվել: Եթե այս պարագայում ես հանձնվեմ, կնշանակի, որ ոչնչի չեմ հասել ու ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար, ու ամեն ինչ ջուրը կընկնի: Փորձում եմ այս իրավիճակում ինձ մեջ ուժ գտնել ու պայքարել, ու ամեն ինչ անում եմ, որ իմ ուզածին հասնեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ