Հենրիխ Մխիթարյան. «Արև քիչ կա, բայց լողափ գնալու համար չեմ տեղափոխվել Մանչեսթեր»

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է անցկացրել ՀՖՖ պաշտոնական կայքի հետ: Նշենք, որ հարցազրույցն անցկացվել է Հայաստան-Չեռնոգորիա խաղից առաջ:

-Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբ երեխա էիր:

– Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։

Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն  տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:

– Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։

-Ե ՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, այլ կարող  է դառնալ կյանքիդ հիմնական զբաղմունքը:

– Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի«Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։

-Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում և այսօր: Ի՞նչ է փոխվել:

– Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։

-Եղե՞լ է պահ, երբ կարող էիր թողնել ֆուտբոլը: Եթե այո՝ ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն և ինչպե՞ս հաղթահարեցիր պահը:

– Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

-Փոքր տարիքից եղել ես ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս ես վերաբերվել մարդկանց այն պնդումներին, որ անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:

– Իմ հայրը, իրոք, շատ հայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում։ Իմ ընտանիքն ինձ հնարավորություն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու և այլ մասնագիտությամբ շարունակելու միջև, և ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին։

Կարո ՞ղ ես հիշել առաջին խաղդ և գոլդ «Փյունիկի» առաջին թիմի կազմում:

– Իհարկե հիշում եմ։ Ես գոլի հեղինակ դարձա «Փյունիկի» կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրավելով «Շիրակի» դարպասը։ Ես շատ ուրախ էի այդ պահին։

-Ընդամենը 17 տարեկան էիր, երբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային  հավաքականում. Ի՞նչ էիր զգում այդ պահին:

– Շատ երջանիկ էի այդ պահին։ Մեծ պատիվ էր հրավեր ստանալ ազգային հավաքականից։ Ես իրոք ուզում էի խաղալ իմ ազգի համար և շատ աշխատանք եմ տարել ազգային հավաքականի կարևոր խաղացող դառնալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ