Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը շարունակում են չեմպիոնական մրցավազքը

Խանտի Մանսիյսկում շախմատի աշխարհի պատանեկան առաջնության պարգևները վիճարկող շախմատիստներն անցկացրին 9-րդ տուրի հանդիպումները: Մինչև 16 տարեկանների մրցաշարում վստահ քայլերով դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանն է ընթանում մրցաշարում գերազանց հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը: Հայ շախմատիստը 7 անընդմեջ հաղթանակներից հետո 2-րդ պարտիան ոչ-ոքի ավարտեց՝ հաշտություն կնքելով իր մոտակա հետապնդող ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոյի հետ:

9 հնարավորից վաստակած 8 միավորով Հայկը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով իր մոտակա մրցակիցներ Ալեքսանդր Տրիապիշկոյին և իրանցի միջազգային վարպետ Պարհամ Մագսոդլուին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան անհրաժեշտ է ավարտական երկու տուրերում առավելագույնը 1,5 միավոր վաստակել, ինչը հայ տաղանդավոր պատանու համար բնավ էլ դժվար խնդիր չէ: Վաղը կայանալիք 10-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով կխաղա ռուսաստանցի Թիմուր Ֆախրուտդինովի հետ:

Մ-16 մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Միրզոյանը պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Կոնստանտին Ուրբանին: Դավիթը 4,5 միավորով տեղափոխվեց 38-րդ հորիզոնական:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաղթեց լեհ Վիկտորիա Կիսլակին: Արփինեն 5 միավորով 20-րդ տեղում է:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու զրկվեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից: Նրա մրցակցուհին իսրայելցի Միչալ Լահավն էր: Սիրանուշը 6 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Նա այժմ 2 միավորով է հետ մնում առաջատար ռուսաստանցի Ալեքսանդրա Օբոլենցևայից:

Պատանիների Մ-18 մրցաշարում չեմպիոնական մրցավազքն է շարունակում Մանուել Պետրոսյանը, ով հաղթելով ֆրանսիացի Բիլել Բելահցենեին, 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինին:

Իսկ ահա Արամ Հակոբյանը կրկին պարտվելով, զգալիորեն դժվարացրեց մրցանակային տեղերի համար պայքարելու իր խնդիրը: Նրա մրցակիցը թուրք գրոսմայստեր Վահապ Սանալն էր: Արամը 5,5 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական:

Մ-14 մրցաշարում Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց լեհ Պավել Տեցլավի հետ և 6,5 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Այժմ նա 2 միավորով է հետ մնում առաջատար Սեմյոն Լոմասովից:

Կրկին հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը, ով առավելության հասավ չինացի Հոնգչի Պենգի նկատմամբ: Շանթը 6 միավորով տեղափոխվեց 12-րդ հորիզոնական: Մեր երկու շախմատիստներն էլ դեռ կարող են պայքարել մեդալների համար:

Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը ոչ-ոքի խաղաց սլովակ Դոմինիկա Տոմցիկովայի հետ: Քրիստինեն 4 միավորով 46-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ