Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ավարտական տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան ԱՄՆ-ն ներկայացնող Տհանգ Տրանի հետ, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը նվաճեց մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որի առթիվ շնորհավորում ենք պատանի տաղանդավոր շախմատիստին:

 Հայկի հաջողությունն օրինաչափ է: Նա գերազանց անցկացրեց մրցաշարը՝ մնալով անպարտելի: Հայ շախմատիստը մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել, իսկ ավարտական 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի՝ վաստակելով 9 միավոր: Նրանից կես միավորով հետ մնաց ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոն, ով հաշտություն կնքեց Լեոն Լիվաիցեի հետ:

Հայկ Մարտիրոսյանը շախմատային կարիերայում հասավ առայժմ իր ամենամեծ նվաճմանը: Նա մինչև 12 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, անցյալ տարի էլ Հունաստանում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր բրոնզե մրցանակակիր:

Մ-18 մրցաշարում էլ Մանուել Պետրոսյանն էր հավակնում աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Հայ շախմատիստը հիանալի օգտագործեց ոսկե մեդալ նվաճելու իր հնարավորությունը՝ սևերով պարտության մատնելով մադագասկարցի Անտենաինա Ռակոտոմահարոյին: Մանուելը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նրա գլխավոր հակառակորդ ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինը չկարողացավ հաղթել ֆրանսիացի Բիլել Բելահցենեին՝ բավարարվելով ոչ-ոքիով և Մանուելին զիջեց կես միավորով:

Մանուել Պետրոսյանն էլ գերազանց անցկացրեց մրցաշարը՝ չկրելով ոչ մի պարտություն: Այս տարին իրոք շատ արգասաբեր էր պատանի շախմատիստի համար: Օգոստոսին Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում էլ Մանուելը չեմպիոնի տիտղոսին էր արժանացել Մ-18 մրցաշարում: Նա կրկնել էր 4 տարի առաջ նույն Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության իր արդյունքը: Այն ժամանակ Մանուելը չեմպիոն էր հռչակվել մինչև 14 տարեկանների պատանիների մրցավեճում: Մանուելին ևս շնորհավորում ենք փառահեղ նվաճման առիթով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ