Հայկ Մարտիրոսյանի հաղթարշավն ընդհատվեց, Սիրանուշ Ղուկասյանը զիջեց առաջատարի դիրքը

Խանտի Մանսիյսկում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Վերջնագծում մրցանակային տեղերի համար պայքարն ավելի է թեժացել: Մինչև 16 տարեկանների մրցաշարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդ Հայկ Մարտիրոսյանը, ով հաղթել էր իր նախորդ բոլոր 7 մրցակիցներին և ռուսաստանցի Սեմյոն Լոմասովի հետ (Մ-14) առաջնության մասնակիցների մեջ բացարձակ լավագույն արդյունքն ուներ, 8-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց:

Նրա հաղթարշավը հաջողվեց կանգնեցնել իրանցի միջազգային վարպետ Պարհամ Մագսոդլուին, ով Մ-16 մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2566): Կես միավորի կորուստը ոչ մի կերպ չսասանեց Հայկի առաջատարի դիրքերը: Պատանի շախմատիստը մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 7,5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մեկ միավորով գերազանցելով իրեն հետապնդող ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոյին: Հենց նրա հետ էլ Հայկը կմրցի վաղը կայանալիք 9-րդ տուրում: Մ-16 մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Միրզոյանը հաղթեց բելառուս Սերգեյ Կալինուսկուն և 4,5 միավորով տեղափոխվեց 30-րդ հորիզոնական:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը պարտվեց գերմանացի Ֆիոնա Սիբերին: Արփինեն 4 միավորով 26-րդ տեղում է: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ Սիրանուշ Ղուկասյանի և ռուսաստանցի Ալեքսանդրա Օբոլենցևայի մրցախաղն էր: Ցավոք վճռորոշ այդ մրցախաղում հայ շախմատիստուհին պարտվեց՝ մրցաշարում 2-րդ անգամ անհաջողության մատնվելով: Հիշեցնենք, որ մինչ այդ Սիրանուշը 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել:

Այս անհաջողությունից հետո հայ շախմատիստուհին 6 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական՝ 1-ին տեղը զիջելով 7 միավոր ունեցող Ալեքսանդրա Օբոլենցևային: 6-ական միավոր են վաստակել նաև վրացի Նինո Խոմերիկին և հույն Ստավրուլա Ցոլակիդուն:

Պատանիների Մ-18 մրցաշարում էլ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը միանձնյա առաջատար, ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի և նրանից ընդամենը կես միավոր պակաս վաստակած Արամ Հակոբյանի մրցավեճն էր: Ցավոք հայ շախմատիստը զիջեց մրցակցին՝ մրցաշարում կրելով 2-րդ պարտությունը: Վավուլինը 7 միավորով ամրապնդեց առաջատարի իր դիրքը, իսկ Հակոբյանը 5,5 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Իսկ 2-րդ տեղում 6 միավորով Մանուել Պետրոսյանն է, ով 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով Գերմանիան ներկայացնող Դմիտրի Կոլարսի հետ: Մանուելն առայժմ անպարտելի է:

Մ-14 մրցաշարում Արթուր Դավթյանը հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գաբրիել Սամին, 6 միավորով եզրափակեց առաջատար եռյակը: Նա 1,5 միավորով է հետ մնում առաջատար Սեմյոն Լոմասովից:

Հաղթանակ տոնեց նաև Շանթ Սարգսյանը, ով առավելության հասավ Կանադայի ներկայացուցիչ Եուգենե Հուայի նկատմամբ: Շանթը 5 միավորով տեղափոխվեց 20-րդ հորիզոնական: Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը պարտվեց հնդիկ Աշնա Մակհիջային: Քրիստինեն 3,5 միավորով 51-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ