Հայկ Մարտիրոսյանի հաղթարշավը շարունակվեց, Մանուել Պետրոսյանն ու Սիրանուշ Ղուկասյանն առաջատարների թվում են

Մեկօրյա հանգստից հետո Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները:

Կրկին գերազանց խաղաց մինչև 16 տարեկանների մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը, որի հաղթարշավը մրցակիցներից ոչ մեկին առայժմ չի հաջողվում կանգնեցնել: Անզոր գտնվեց նաև իտալացի ՖԻԴԵ-ի վարպետ Լուկա Մորոնին, որին Հայկը հաղթեց սև խաղաքարերով:

Հերթական հաղթանակից հետո Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Այժմ նա մեկ միավորով է գերազանցում իր մոտակա հետապնդողներ, իրանցիներ Ամին Տաբատաբաեիին և Պարհամ Մագսոդլոոյին, ինչպես նաև ռուսաստանցի Ալեքսեյ Սորոկինին, որի հետ էլ կմրցի 7-րդ տուրում:

Մ-16 մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Միրզոյանը հաղթեց լատվիացի Կլավս Ստաբոլնիեկսին և 3,5 միավորով տեղափոխվեց 27-րդ հորիզոնական:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը պարտվեց ուկրաինուհի Ալյոնա Մարտինկովային: Արփինեն 3 միավորով 24-րդ տեղում է:

Մ-18 մրցաշարում հաջող հանդես եկող Մանուել Պետրոսյանի մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինն էր, ում հետ հայ շախմատիստը գլխավորում էր աղյուսակը: Առաջատարները հաշտություն կնքեցին ու 5-ական միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը: Նրանցից կես միավորով է հետ մնում Արամ Հակոբյանը, ով հաղթեց հնդիկ Վայշալիին:

Հաջող ելույթներն է շարունակում նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը, ով սևերով հաղթեց հույն գրոսմայստեր Ստավրուլա Ցոլակիդոուին և վաստակելով 5 միավոր, ռուսաստանցի Ալեքսանդրա Օբոլենցևայի, վրացի Նինո Խոմերիկիի և իսրայելցի Միչալ Լահավի հետ գլխավորեց աղյուսակը:

Մ-14 մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արթուր Դավթյանը, ով ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ, 4,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Նա 1,5 միավորով է հետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Սեմյոն Լոմասովից: Շանթ Սարգսյանը կրկին պարտվեց՝ այս անգամ զիջելով չինացի Չենքսի Ժաոյին: Շանթը 3 միավորով նահանջեց 36-րդ հորիզոնական:

Աղջիկների մրցաշարում 2 անընդմեջ հաղթանակներից հետո Քրիստինե Սմբատյանը պարտվեց բելգիացի Դարիա Վանդույֆհույսին: Քրիստինեն 2,5 միավորով 51-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ