Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար, Մանուել Պետրոսյանը բաժանում է 1-2-րդ տեղերը

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրում հայ շախմատասերների ուշադրության կենտրոնում մինչև 16 տարեկանների մրցաշարի առաջատարներ Հայկ Մարտիրոսյանի և իրանցի Ամին Տաբատաբաեիի մրցավեճն էր: Ինչպես նախորդ 4 պարտիաներում, այս անգամ էլ Հայկն իրեն գերազանց դրսևորեց ու 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, 5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մ-16 մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Միրզոյանը պարտվեց խորվաթ Լեոն Լիվաիցին: Դավիթը 2,5 միավորով 42-րդ տեղում է: Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաշտություն կնքեց հնդիկ Պրյանկայի հետ: Արփինեն վաստակեց 3 միավոր և տեղափոխվեց 16-րդ հորիզոնական:

Մ-18 մրցաշարում հաջող հանդես եկող Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը 5-րդ տուրում մրցեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց սևերով խաղացող Մանուելին, ով վաստակելով 4,5միավոր, ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի հետ գլխավորեց աղյուսակը: Հաջորդ տուրում նրանք կմրցեն միմյանց հետ:

Արամ Հակոբյանն առաջին պարտությունը կրեց ու 3,5 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Տուրը հաղթական էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանի համար, ով առավելության հասավ հնդիկ միջազգային վարպետ Մահալակշմիի նկատմամբ: Սիրանուշը 4 միավորով 5-րդ տեղում է և ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարից:

Մ-14 մրցաշարում 3 անընդմեջ հաղթանակներից հետո անհաջողության մատնվեց Շանթ Սարգսյանը՝ սպիտակներով զիջելով ռուսաստանցի Դանիլա Պավլովին: Շանթը 3 միավորով 23-րդ տեղում է: Իսկ ահա Արթուր Դավթյանը հաղթելով Կանադան ներկայացնող Եուգենե Հուային, 4 միավորով բարձրացավ 6-րդ տեղ: Նա մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից:

Աղջիկների մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Քրիստինե Սմբատյանը, ով սևերով խաղում էր ռուսաստանցի Ալինա Բեշուկովայի հետ: Քրիստինեն վաստակեց 2,5 միավոր և բարձրացավ 39-րդ հորիզոնական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ