Հայկ Մարտիրոսյանը չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն է

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում իր հմուտ խաղով շարունակում է բոլորին հիացնել միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, ով մինչև 16 տարեկանների մրցաշարում չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդն է: 7-րդ տուրում էլ Հայկն իրեն գերազանց դրսևորեց՝ սպիտակներով հաղթելով ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքսեյ Սորոկինին: Հերթական հաղթանակից հետո Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով ավելի առաջ պոկվեց իր մոտակա հետապնդողներից՝ նրանց գերազանցելով արդեն 1,5 միավորով:

Մ-16 մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Միրզոյանը պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին և 3,5 միավորով նահանջեց 42-րդ հորիզոնական:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաղթեց Զայնաբ Սաումիին: Արփինեն 4 միավորով 19-րդ տեղում է:

Վերելքով է հանդես գալիս նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Սիրանուշ Ղուկասյանը, ով 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցն իր հետ աղյուսակը գլխավորող 3 շախմատիստուհիներից մեկն էր՝ վրացի Նինո Խոմերիկին: Հայ շախմատիստուհին 6 միավորով ռուսաստանցի Ալեքսանդրա Օբոլենցևայի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը:

Պատանիների Մ-18 մրցաշարում հաջող հանդես եկող Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեց իրանցի միջազգային վարպետ Շահին Լորպարիզանգենեհի հետ ու վաստակեց 5,5 միավոր: Մանուելին միավորներով հավասարվեց Արամ Հակոբյանը, ով հաղթեց իրանցի մեկ այլ միջազգային վարպետ ԽալիլՍայեդ Մուսավիին: Մեր շախմատիստները բաժանում են 2-3-րդ տեղերը՝ ընդամենը կես միավորով հետ մնալով առաջատարի դիրքը ստանձնած ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինից:

Մ-14 մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արթուր Դավթյանը, ով ոչ-ոքի խաղալով ուկրաինացի միջազգային վարպետ Կիրիլ Շևչենկոյի հետ, 5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Շանթ Սարգսյանն առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ռուսլան Սալիմովի նկատմամբ: Շանթը 4 միավորով տեղափոխվեց 27-րդ հորիզոնական:

Աղջիկների մրցաշարում Քրիստինե Սմբատյանը հաղթեց Իռլանդիան ներկայացնող Մերսեդես Պլազային: Քրիստինեն 3,5 միավորով 42-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ