Հայկ Մարտիրոսյանը 100-տոկոսանոց արդյունքով առաջատարներից մեկն է

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում գերազանց է հանդես գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը, ով 4-րդ տուրում էլ հաղթանակ տոնեց: Նրա մրցակիցն առաջատարներից մեկն էր՝ սլովակ Վիկտոր Գազիկը: Հայկը 100-տոկոսանոց արդյունքով 4 տուրից հետո իրանցի Ամին Տաբատաբաեի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տարիքային այս խմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը մրցաշարում առաջին անգամ ոչ-ոքի խաղաց՝ հաշտություն կնքելով վիետնամցի Դոնգ Հոնգ Նգուենի հետ: Դավիթը 2,5 միավորով 26-րդ տեղում է:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաղթեց ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Աֆանասևային: Այս հաղթանակի շնորհիվ Արփինեն վաստակեց 2,5 միավոր և տեղափոխվեց 18-րդ հորիզոնական:

Հայ շախմատիստներից հաջող ելույթները շարունակեցին նաևՄ-18 մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, որոնք 3-րդ հաղթանակները տոնեցին:  Մանուելի մրցակիցը ղազախ միջազգային վարպետ Զանատ Սայինն էր, իսկ Արամը մրցեց Գերմանիան ներկայացնող Դմիտրի Կոլարսի հետ: 4 տուրից հետո Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը 3,5 միավորով ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի և մադագասկարցի Անտենաին Ռակոտոմահարոյի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վիճակահանության քմահաճույքով հայ շախմատիստները 5-րդ տուրում մրցելու են միմյանց հետ:

Տուրը հաղթական էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանի համար, ով առավելության հասավ լատվիացի Մարգարիտա Պարխոմենկոյի նկատմամբ: Սիրանուշը 3 միավորով 8-րդ տեղում է և ընդամենը կես միավորով է հետ մնում 4 առաջատարներից:

Մ-14 մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Շանթ Սարգսյանը՝ սևերով առավելության հասնելով չինացի Յունֆենգ Ժոուի նկատմամբ: Արթուր Դավթյանն էլ հաղթանակած դուրս եկավ ֆրանսիացի Ալբերտ Տոմասի հետ մրցապայքարից: Մեր երկու շախմատիստներն էլ 3-ական միավոր են վաստակել՝ մեկ միավորով հետ մնալով առաջատարի դերը ստանձնած ռուսաստանցիներ Անդրեյ Եսիպենկոյից և Սեմյոն Լոմասովից:

Աղջիկների մրցաշարում վերջապես առաջին հաղթանակը տոնեց Քրիստինե Սմբատյանը, ով սպիտակներով խաղում էր ռուսաստանցի Դայանա Նասիբուլինայի հետ: Քրիստինեն վաստակեց 1,5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ