Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի առաջին խմբի 77-րդ առաջնությունը, որում մասնակից 14 շախմատիստները բացի մրցանակային տեղերից, վիճարկում էին նաև հաջորդ տարի կայանալիք բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերը:

Ավարտական՝ 13-րդ տուրից առաջ չեմպիոնի կոչմանը հավակնում էին մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը և նրան կես միավոր զիջող Տիգրան Հարությունյանը: Սակայն վերջինս ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ կարճատև պայքարից հետո արդեն 11-րդ քայլին հաշտություն կնքեց Նորայր Թորոսյանի հետ, վաստակեց 9 միավոր, ինչը բավարար էր բարձրագույն խմբի ուղեգրի նվաճման համար, ու վերածվեց հանդիսատեսի:

Այնպես որ Հայկ Մարտիրոսյանին չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքի ավարտել պարտիան Դավիթ Քալաշյանի հետ: Այդպես էլ եղավ: 30-րդ քայլին նա հաշտություն կնքեց  մրցակցի հետ և 9,5 միավորով դարձավ առաջին խմբի առաջնության հաղթող:

Մրցանակային 3-րդ տեղը գրավեց ու 3–րդ ուղեգիրը նվաճեց Մանուել Պետրոսյանը, ով հաղթելով մրցաշարի բացահայտ հետնապահ Կարեն Հովհաննիսյանին, վաստակեց 8,5 միավոր:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռաֆայել Բակունց-Արամ Հակոբյան՝  0:1, Արման Միքայելյան-Հովիկ Հայրապետյան՝ 0:1, Շանթ Սարգսյան-Արմենակ Եղիազարյան՝ 0:1, Լևոն Բաբուջյան-Դավիթ Շահինյան՝ 0,5:0,5: Ի դեպ, Բաբուջյանի և Շահինյանի մրցավեճը վերջինն ավարտվեց: Մրցակիցները հաշտություն կնքեցին 112-րդ քայլին:

Եվ այսպես, 4-14-րդ հորիզոնականներում առաջնության մասնակիցները դասավորվեցին հետևյալ հերթականությամբ.

4.Հովիկ Հայրապետյան՝ 8

5.Արման Միքայելյան՝  7,5

6.Արամ Հակոբյան` 7

7.Արմենակ Եղիազարյան՝ 6,5

8.Դավիթ Շահինյան՝ 6,5

9.Ռաֆայել Բակունց` 6,5

10.Դավիթ Քալաշյան` 6,5

11.Լևոն Բաբուջյան՝ 5

12.Նորայր Թորոսյան` 5

13.Շանթ Սարգսյան՝ 4

14.Կարեն Հովհաննիսյան` 1,5

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ