Հայաստանի հավաքականի 4 ըմբիշ՝ Իրանի ակումբային թիմերի առաջնությունում

Գերմանիայի բունդեսլիգայի և Հնդկաստանի ակումբային թիմերի առաջնություններում անցյալ տարի իրենց ուժերը փորձելուց հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ըմբիշներից երկուսը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2016 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու այս տարվա Եվրոպայի չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանն օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն Իզե քաղաքի «Սինեն Սանթ» թիմի կազմում մասնակցել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի Իրանի առաջնության 1-ին փուլի հանդիպումներին՝ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

8 ակումբների մրցապայքարում «Սինեն Սանթը» 3-րդ տեղն է գրավել:

Ռոմանին հաջողվել է անցկացրած 4 գոտեմարտերից 3-ը շահել ու միայն մեկում զիջել մրցակցին, իսկ Վարշամն իր բոլոր 4 գոտեմարտերն էլ հաղթանակով է ավարտել:

Իրանի առաջնության 2-րդ՝ եզրափակիչ փուլը կայանալու է հոկտեմբերի 20-22-ը: Մրցապայքարին կավելանա ևս 2 ուժեղագույն թիմ, ու ստուգատեսի մասնակից 10 թիմերը կվիճարկեն դեկտեմբերի 8-9-ը Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցելու 2 ուղեգրերը:

Նշենք, որ «Մի Մերազինայի» կազմն էլ ուժեղացվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար երկու ըմբիշներով՝ տիտղոսակիր, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանով ու 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանով:

Այսպիսով՝ ակումբային թիմերի 2016 թ Իրանի առաջնության 2-րդ՝ եզրափակիչ փուլին Հայաստանի ազգային հավաքականի միանգամից 4 ըմբիշ է մասնակցելու:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 2-րդ փուլին մասնակցելու համար Իրան կմեկնեն հոկտեմբերի 18-ին: Մասնակիցների կշռման արարողությունն ու թիմերի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21- 22-ին կխաղարկվեն առաջնության մրցանակները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ