Հայաստան – Չեռնոգորիա. Մեր ընտրանին չի պարտվի

Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի E խմբի 4-րդ տուրում նոյեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին ուժերն է չափելու Չեռնոգորիայի հավաքականի հետ:

Այս հանդիպումը փաստացի առաջատարի և հետնապահի պայքար է, քանի որ Չեռնոգորիան վաստակած 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մեր ընտրանին 3-րդ տուրից հետո իր ակտիվում ոչ մի միավոր չունի: Նայելով մրցաշարային աղյուսակին ու հավաքականների ելույթներին՝ կարելի է կանխատեսել, որ հյուրերն այս խաղում խնդիր չեն ունենալու, սակայն դա միայն առաջին հայացքից:

Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մեր ընտրանին ջանք ու եռանդ չի խնայի խաղադաշտից գլխիկոր չհեռանալու համար, իսկ Չեռնոգորիայի հավաքականը Հայաստան կժամանի ներքուստ այն վստահությամբ, որ 3 միավորով է հեռանալու Երևանից: Այդ վստահությունը կարող է ստիպել հյուրերի ֆուտբոլիստներին թերագնահատել մրցակցին, իսկ Հայաստանի հավաքականը թերագնահատողներին չի սիրում. դա բազմիցս է ապացուցվել: Այնպես չէ, իհարկե, թե Չեռնոգորիայի թիմը թերագնահատելու է մեր ընտրանուն. ի վերջո ամեն ինչ պարզ է դառնալու խաղադաշտում: Աչքի տակ անցկացնելով Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման համար «Վիվառոյի» սահմանած գործակիցները՝ փորձեմ մի քանի իրադարձություն առանձնացնել, որոնք, ըստ իս, շատ հավանական են:

Հայաստանի հավաքականը չի պարտվի – 1.70 գործակից(հաղթած)

Ընտրական փուլում Դանիայի, Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականներին պարտվելուց հետո կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը խմբում իր առաջին միավորները կվաստակի Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը: Վիճակագրությանը նայելով՝ նման կարծիք կազմելը բարդ է, սակայն այս խաղում մեր ընտրանին ամեն ինչ անելու է նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ առաջին պարտությունը չկրելու համար: Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմին, հետևաբար մեր հավաքականի՝ խաղի կազմակերպման ամբողջ ծանրությունը նրա ուսերին է: Մխիթարյանի համար այս հանդիպումը շատ մեծ նշանակություն է ունենալու: Նրա յուրաքանչյուր գործողություն դիտվելու ու դիտարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև այնտեղ՝ Մանչեսթերում: Մխիթարյանի գործոնը մեր հավաքականի համար իսկապես կենսական նշանակություն ունի՝ թե՛ խաղային տեսանկյունից, թե՛ բարոյահոգեբանության, և Հայաստանի հավաքականի առաջատարն ամեն ինչ կանի, որպեսզի երկրպագուներն ուրախանան, թիմը վերջապես կայուն խաղ ցուցադրի, իսկ ինքն ապացուցի, որ խաղադաշտում անելիք ունի, և որ իրեն չվստահելը երբեք մեծագույն մարզչի ճիշտ որոշում համարվել չի կարող:

Հայաստանի հավաքականը գոլ կխփի – 1.50 գործակից(հաղթած)

Հայաստանի ազգային հավաքականն ընտրական խմբում միայն լեհերի դարպասն է գրավել, սակայն դա չի նշանակում, թե մերոնք «դարպասի տեղը չգիտեն»: 10 հոգով խաղալով լեհերի դեմ՝ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կամային ուժ ունի ու չհանձնվեց՝ պայքարելով մինչև վերջ: Նույնիսկ խաղավերջում Արաս Օզբիլիսն ստացավ հիանալի հնարավորություն մեր ընտրանուն հաղթանակ պարգևելու համար: Այո՛, հաղթանակ, քանի որ այդ գոլից հետո լեհերի համար գրեթե անհնարին կլիներ փրկել խաղը, սակայն եղավ հակառակը… Ինչևէ, առաջիկա խաղը նման է լինելու լեհերի դեմ հանդիպմանը, և հակագրոհներ կազմակերպելու հիանալի հնարավորությունները կարող են կիրառվել մեր ընտրանու կողմից ու հաջողություն բերել:

Չեռնոգորիայի հավաքականը 2 կամ ավելի գոլ չի խփի – 1.50 գործակից(պարտված)

Չնայած նրան, որ Չեռնոգորիայի հավաքականը Լեհաստանի ընտրանու հետ միասին խմբում ամենաշատ(7) գոլերն է հեղինակել՝ պետք է հաշվի առնել, որ այդ գոլերից միայն 5-ը թիմը խփել է Ղազախստանի ընտրանու դարպասը: Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Չեռնոգորիայի ֆուտբոլիստները դարձել են 1 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Եվ ահա նախորդ տուրում Չեռնոգորիայի ընտրանին նվազագույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Դանիայի ընտրանուն:

Խաղի ստույգ հաշիվը՝ 1-1 – 5.98 գործակից(պարտված)

Բարդ հանդիպումներում Չեռնոգորիայի հավաքականը վստահություն այդքան էլ չի կարողանում պահպանել, առավել ևս, երբ խաղասկզբից լրիվ այլ հանդիպման պատկերացում է ունենում: Իհարկե Դանիայի հավաքականի դեմ խաղը բացառություն է, սակայն պետք է հասկանալ, որ դա բառի բուն իմաստով բացառություն է, իսկ մյուս խաղերում հիմնականում դա չի ստացվում: Փաստն այն է, որ Չեռնոգորիայի հավաքականը 2015 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև այժմ(Ղազախստանի հավաքականի դեմ խաղից բացի) չի կարողանում մրցակցի դարպասն ուղարկել 1 գոլից ավելի թե՛ պաշտոնական, թե՛ ընկերական խաղերում: Մեր հավաքականի դեմ խաղը, կարծում եմ, բացառություն չի լինի, քանի որ Չեռնոգորիայի ընտրանուն լուրջ պայքար է սպասվում: Ամեն դեպքում հյուրերը, կարծում եմ, կկարողանան գրավել մեր ընտրանու դարպասը պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով, սակայն ոչ ավելի, քան մեկ անգամ, իսկ Հայաստանի ընտրանին ընձեռված հնարավորություններից, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգտագործել միայն մեկը: Ոչ-ոքին Հայաստանի հավաքականի համար բավարար կլինի, իսկ Չեռնոգորիայի հավաքականը ոչ հեշտությամբ, բայց կհամակերպվի դրա հետ…

gevorg.movsisyan

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ