Հայացք 18-րդ տուրի հանդիպումներին

«Միկայի» ռևանշն ու 2-րդ անընդմեջ հաղթանակըmia'

ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ մրցախաղից ընդամենը 3 օր անց «Միկան» ու «Գանձասար Կապանը» կրկին ասպարեզ էին դուրս եկել՝ պայքարի մեջ ներգրավվելով առաջնության մրցավեճում: Գավաթային ծանր մրցախաղից հետո ֆուտբոլիստները չէին հասցրել լրիվ վերականգնվել, ուստի հոգնածությունը զգացնել տվեց: Դա առավել ցայտուն արտահայտվեց գանձասարցիների գործողություններում:

Հանդիպումն աչքի չընկավ դիտարժան ֆուտբոլով, վտանգավոր պահերն էլ բավական սակավաթիվ էին: Փոխարենը երկու թիմերն էլ հաճախակի խախտում էին խաղի կանոնները՝  երբեմն դիմելով բացահայտ կոպտության: Արդյունքում մրցավար Գևորգ Եղոյանը ստիպված էր յուրաքանչյուր թիմից 4-ական ֆուտբոլիստի զգուշացնել:

Ի տարբերություն հյուրերի, «Միկայի» ֆուտբոլիստներն ավելի արագ էին գործում ու աչքի ընկան կազմակերպված գործողություններով, ինչն էլ վճռորոշ նշանակություն ունեցավ: Հանդիպման հաշիվն էլ «Միկան» բացեց արագ հակագրոհի շնորհիվ, երբ ձախ եզրով պաշտպանությունը ճեղքած Միխայիլ Գորելիշվիլու հաշվենկատ փոխանցումից հետո դարպասի դիմաց հայտնված Սերգեյ Շումիլինն առաջ մղեց իր թիմին՝ խփելով ՀՀ առաջնություններում իր անդրանիկ գոլը:

Թեև 2-րդ խաղակեսում կատարած փոփոխությունների շնորհիվ գանձասարցիները որոշակիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները, սակայն նրանց չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Իսկ ահա «Միկան» Միխայիլ Գորելիշվիլու դիպուկ հարվածի շնորհիվ 2-րդ գոլը խփեց ու ռևանշի հասավ մրցակցի նկատմամբ գավաթային մրցավեճում կրած պարտության դիմաց:

Այսպիսով, «Միկան» Սերգեյ Յուրանի գլխավորությամբ առաջնությունում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, իսկ գանձասարցիներն առաջնության գարնանային հատվածի 2-րդ խաղն էլ տանուլ տվեցին՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին:

Ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց

Առաջնության գարնանային հատվածում վերելքով հանդես եկող «Բանանցի» և անհաջող մեկնարկած «Արարատի» մրցավեճը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: Կարելի է վստահորեն փաստել, որ այն արդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները, որոնք ականատես եղան համառ և անզիջում պայքարի, որի ընթացքում մրցող թիմերը 2-ական գոլի հեղինակ դարձան՝ արձանագրելով մարտական ոչ-ոքի:

Հետաքրքիր է, որ խաղից հետո երկու մարզիչներն էլ գանգատվում էին, թե 2 գոլ են նվիրել մրցակցին: Այս առումով ավելի ճշմարտացի էր Վարուժան Սուքիասյանը, քանի որ «Բանանցը» հաշիվը հավասարեցրեց «Արարատի» պաշտպաններ Սուլեյման Կոնեի և Նորայր Գրիգորյանի կոպիտ սխալի հետևանքով, որոնք փորձելով կանխել մրցակցի գրոհը, միմյանց խանգարեցին և գնդակը հայտնվեց Լաերսիոյի մոտ, ով անմիջապես գրավեց դարպասը: Իսկ 2 րոպե անց անվստահ գործեց «Արարատի» դարպասապահ Գևորգ Պրազյանը՝  չկարողանալով հետ մղել Զավեն Բադոյանի ոչ այնքան ուժգին հարվածը:

Իսկ մինչ «Արարատի» համար այդ երկու չարաբաստիկ դրվագները, արարատցիներն արդեն բացել էին հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ էր դարձել Մոյսես Օրոզկոն՝ հստակ իրացնելով Ումարու Կաինայի նկատմամբ կոպիտ խաղի համար «Բանանցի» դարպասին նշանակված 11մ հարվածը:

2-րդ խաղակեսի սկիզբն էլ հաջող էր արարատցիների համար, որոնց հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, երբ Բրայան Դե լա Ֆուենտեն մոտ տարածությունից գրավեց դարպասը:

«Բանանցին» չհաջողվեց շարունակել հաղթարշավը՝ առաջնության գարնանային հատվածում առաջին միավորները կորցնելով: «Արարատն» էլ հերթական անգամ չկարողացավ խախտել տխուր ավանդույթը: «Արարատին» Հայաստանի առաջնություններում արդեն 13 խաղ չի հաջողվում հաղթել «Բանանցին»: Իսկ հյուրընկալվելիս արարատցիները «Բանանցին» վերջին անգամ պարտության են մատնել 2001թ: Դրանից հետո մրցակցի հարկի տակ «Բանանցի» հետ անցկացրած առաջնության 22 հանդիպումներից 15-ում արարատցիները պարտվել են, 7-ն ավարտել են ոչ-ոքի:

Մանոյանը «Փյունիկին»  փրկեց պարտությունից

շիրակ

Վերջին 2 մրցաշրջաններում «Փյունիկի» հետ հանդիպումներն անհաջող են դասավորվել շիրակցիների համար, որոնք չեմպիոնի հետ առաջնության նախորդ 7 խաղերից 6-ում պարտվել էին, մեկն ավարտել էին ոչ-ոքի: Մրցակիցների հերթական մրցավեճում գյումրեցիներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին: Նրանք փյունիկցիներին գերազանցեցին իրենց ակտիվությամբ ու ստեղծած գոլային պահերով և շատ մոտ էին հաջողությանը:

Շիրակցիները հստակ էին գործում պաշտպանությունում՝ զրկելով փյունիկցիներին ազատ գործելու հնարավորությունից և թույլ չտալով սպառնալ դարպասին: Իսկ առջևի գծում շատ լավ էին համագործակցում Օդիլոն Կուակուն և Դրիսսա Դիարասուբան: Հենց վերջինս էլ 59-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, երբ «Փյունիկի» պաշտպանի սխալից հետո մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն Գոռ Մանուկյանին հաջողվեց փրկել դրությունը:

Այնուամենայնիվ, «Շիրակի» ակտիվ խաղը տվեց իր ցանկալի արդյունքը և թիմի նորեկ Ռումյան Հովսեփյանը առաջ մղեց գյումրեցիներին: Բայց «Շիրակին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղավարտից 2 րոպե առաջ Դավիթ Մանոյանը «Փյունիկին» փրկեց պարտությունից՝ վարպետորեն իրացնելով տուգանային հարվածը: Ավելին, հյուրերը նույնիսկ կարող էին խաղադաշտից պարտված հեռանալ, եթե ավելացված ժամանակում փյունիկցի Նարեկ Ասլանյանը նպաստավոր դիրքից, մոտ 3 մետրից չվրիպեր:

Ինչևէ, «Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Շիրակն» առաջին միավորը վաստակեց: Իսկ «Փյունիկն» արդեն 4 միավորով է հետ մնում «Ալաշկերտից», որն այս տուրում ազատ էր ու հերթական 3 միավորը ստացավ «Ուլիսի» հետ չկայացած խաղում:

8 փաստ 18-րդ տուրի մասին

  1. Հյուրերին չհաջողվեց տուրում հաղթել՝ 3 հանդիպումներից 2-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Ընթացիկ առաջնությունում նման դեպք գրանցվեց 5-րդ անգամ:
  2. Բավական արդյունավետ գործեցին լեգեոնականները՝ իրենց օգտին գրանցելով տուրում խփված 8 գոլերից 5-ը: Նրանցից «Բանանցի» հարձակվող Լաերսիոն իր 9-րդ գնդակը խփեց:
  3. ՀՀ առաջնություններում «Միկային» վերջապես հաջողվեց հաղթել «Գանձասար Կապանին»: Նախորդ 5 հանդիպումներից 2-ում հաղթել էին գանձասարցիները, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի:
  4. Ընթացիկ առաջնությունում «Գանձասար Կապանն» արդեն 6 խաղ շարունակ չի հաղթել՝ կրելով 4 պարտություն, 2-ն ավարտելով ոչ-ոքի:
  5. «Բանանցի» կազմում նորամուտը նշելուց հետո Զավեն Բադոյանն արդեն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում դաշտից չի հեռանում առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ:
  6. «Միկայի» ռուսաստանցի հարձակվող Սերգեյ Շումիլինը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, իսկ Ռումյան Հովսեփյանն առաջին գոլը խփեց «Շիրակում»:
  7. Դարպասապահներից միայն Արսեն Բեգլարյանին հաջողվեց դարպասն անառիկ պահել: «Միկայի» դարպասապահն արդեն 2-րդ անընդմեջ խաղում, 239 րոպե շարունակ գոլ բաց չի թողում:
  8. Տուրում նշանակված միակ 11մ հարվածն անվրեպ իրացրեց Մոյսես Օրոզկոն՝ գրավելով Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում «Արարատի» օգտին նշանակված առաջին 11մ հարվածն էր:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ