Հայ շախմատիստներից միայն 8-ամյա Նիկոլայ Հովյանն է մեդալների հավակնում

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը մոտենում է վերջնագծին: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Հայաստանի 29 շախմատիստներից միայն ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Նիկոլայ Հովյանն է դեռևս պահպանում մեդալ նվաճելու հնարավորությունը: 8-ամյա պատանին 9-րդ տուրում հաղթելով թուրք Էդիզ Գուրելին, վաստակեց 6,5 միավոր: Դա հայ շախմատիստների մեջ այս պահին լավագույն արդյունքն է: Հովյանը 2 միավորով է հետ մնում առաջատարից:

Տարիքային այս խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը հաղթեց, իսկ Մենուա Հակոբյանը ոչ-ոքի խաղաց: Փաշիկյանն ունի 5 միավոր, Հակոբյանը՝ 4,5:

Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքն ունի մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Մարիամ Մկրտչյանը: Նա հաշտություն կնքեց թուրք Սիլա Կագլարի հետ ու վաստակեց 6 միավոր: Մարիամը 2 միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասաուբաևայից:

Մեր մյուս շախմատիստուհիներից այս տուրում հաղթեցին Աստղիկ Հակոբյանը և Հասմիկ Քոչինյանը: Ասյա Եդիգարյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիետա ու Նադեժդա Խաչատրյանները պարտվեցին:

Ցավոք, Բաթումում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս մինչև 12 տարեկան պատանիների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով պարտվելով Էկին Օզենիրին, 5,5 միավորով նահանջեց 28-րդ հորիզոնական և վերջնականապես զրկվեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից:

Տուրը հաղթական էր տարիքային այս խմբում հանդես եկող Գոռ Գրիգորյանի, Սարգիս Սարգսյանի և Սևակ Մանուկյանի համար:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Արսեն Դավթյանը ոչ-ոքի խաղաց ու վաստակեց 6 միավոր: Նրան կես միավոր է զիջում Հայկ Գրիգորյանը, ով ևս հաշտություն կնքեց մրցակցի հետ: Հաղթանակներ տոնեցին Գոռ Սարգսյանը, Էմին Օհանյանն ու  Էրիկ Հակոբյանը:

Մինչև 10  տարեկան աղջիկների մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունքն ունեցող Սեդա Բադալյանը հաղթեց ու վաստակեց 5,5 միավոր: Հաջողությունն ուղեկցեց նաև 4 միավոր վաստակած Թամար Գոգինյանին: Անհաջողության մատնվեց Անետա Ասկարյանը, իսկ Նարե Մեյրոյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ:

Ամենակրտսեր տարիքային խմբում Անգելինա Ղուկասյանը պարտվեց Սյուզաննա Առաքելյանին, ով վաստակեց 4,5 միավոր: 4 միավոր ունի Էմմա Մխիթարյանը, ով հաղթանակ տոնեց վրացի Նինո Չիխենկելիի նկատմամբ:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ