Հայ շախմատիստներից լավագույնը Մարիամ Մկրտչյանի արդյունքն է

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրից հետո Հայաստանի 29 պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տոնեց: Նրա մրցակցուհին ԱՄՆ-ը ներկայացնող Էվելին Չժուն էր: Մարիամը 5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասաուբաևային: Վերջինս առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նաստասիա Մատուսի հետ:

Տարիքային այս խմբի աղջիկների մրցաշարում հաղթանակներ տոնեցին նաև Հասմիկ Քոչինյանն ու Ասյա Եդիգարյանը, իսկ Մարիետա Խաչատրյանն  ու Աստղիկ Հակոբյանը պարտվեցին: Հասմիկը վաստակեց 3,5 միավոր, իսկ մեր մյուս երեք շախմատիստուհիներն ունեն 3-ական միավոր:

Ցավոք 6-րդ տուրն անհաջող էր մինչև 12 տարեկան պատանիների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանի համար, ով մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց ու զգալիորեն բարդացրեց ոսկե մեդալի համար մղվող պայքարում իր խնդիրը: Նրա մրցակիցը չինացի Ռենջիե Հուանգն էր: Մամիկոնը 4 միավորով նահանջեց 18-րդ հորիզոնական: Հայ շախմատիստն արդեն 2 միավորով է հետ մնում առաջատարից:

Տարիքային այս խմբում հանդես եկող հայ շախմատիստներից պարտություններ կրեցին նաև Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը, Սևակ Մանուկյանը և Գրիգոր Դավթյանը: Հաջողությունն ուղեկցեց միայն Սարգիս Սարգսյանին և Արշակ Մելքոնյանին:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս 3,5-ական միավոր վաստակած Արսեն Դավթյանը, Դավիթ Գասպարյանը և Հայկ Գրիգորյանը:  Այս եռյակից 6-րդ տուրում հաղթեց միայն Հայկը: Դավիթը ոչ-ոքի խաղաց, իսկ Արսենը պարտվեց:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Նիկոլայ Հովյանը պարտվեց ադրբեջանցի Ֆարիդ Օրուջովին և 4 միավորով նահանջեց 26-րդ հորիզոնական: Ռուդոլֆ Փաշիկյանը հաղթելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Բայար Իդերին, վաստակեց 3,5 միավոր: Իսկ 2,5 միավոր ունեցող Մենուա Հակոբյանը պարտվեց:

Մինչև 10  տարեկան աղջիկների մրցաշարին մասնակցող Սեդա Բադալյանը հաշտություն կնքեց Գալինա Միխեևայի հետ ու վաստակեց 3,5 միավոր: Հաղթանակ տոնելով, Անետա Ասկարյանը վաստակեց 3 միավոր:

Իսկ ամենակրտսեր տարիքային խմբում Անգելինա Ղուկասյանը և Սյուզաննա Առաքելյանը վաստակել են 2,5-ական միավոր: Էմմա Մխիթարյանը միակն էր, ով հաղթանակ տոնեց՝ վաստակելով 2 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ