Հայ շախմատիստներից 5-ը շարունակեց հաղթարշավը

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկած 10 հայ շախմատիստներից 5-ը երկրորդ տուրում շարունակեց հաղթարշավը:

Մինչև 12 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով բուլղարացի Վալենտին Միտևին: Նա 25 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Իսկ ահա Սարգիս Սարգսյանն ու Գրիգոր Դավթյանը հաղթական մեկնարկից հետո պարտություններ կրեցին: Փոխարենն առաջին հաղթանակները տարան մրցաշարը պարտությամբ սկսած Արշակ Մելքոնյանը, Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը և Սևակ Մանուկյանը:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հաղթարշավը շարունակեց Գոռ Սարգսյանը, ով առավելության հասավ Կանադան ներկայացնող Նամեր Իսանիի նկատմամբ: Գոռը 2 միավորով 26 առաջատարների թվում է: Հայկ Գրիգորյանն ու Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ ու վաստակեցին 1,5-ական միավոր: Հաղթանակներ տոնեցին Արսեն Դավթյանը, Դավիթ Գասպարյանն ու Էրիկ Հակոբյանը:

Ամենակրտսեր տարիքային խմբում Նիկոլայ Հովյանը հաղթեց Չժան Ցզյունհաոյին և 2 միավորով 25 մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Տուրը հաղթական էր նաև Ռուդոլֆ Փաշիկյանի համար, ով ունի 1,5 միավոր: Առաջին միավորը վաստակեց Մենուա Հակոբյանը:

Հայ շախմատիստուհիներից առավել հաջող են հանդես գալիս մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը, որոնք 2-ական միավորով 19 առաջատարների շարքում են: Աստղիկը հաղթեց իրանցի Ռասուլ Սեբտին, իսկ Մարիամը պարտության մատնեց իր հայրենակցուհի Ասյա Եդիգարյանին: Մարիետա Խաչատրյանն առաջին հաղթանակը տոնելով, վաստակեց 1,5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող 4 շախմատիստուհիներից միայն Անետա Ասկարյանը հաղթեց, իսկ մյուսները կրկին պարտվեցին:

Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում էլ միակ հաղթանակը տարավ Սյուզաննա Առաքելյանը՝ պարտության մատնելով Էմմա Մխիթարյանին: Անգելինա Ղուկասյանն առաջին կես միավորը վաստակեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ