Հայ շախմատիստներից 4-ը հավակնում են մեդալների

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները, որոնք ուրվագծեցին մրցանակային տեղերի համար պայքարողների շրջանակը: Այդ պայքարին մասնակցում են Հայաստանի 9 ներկայացուցիչներից  4-ը: Ընդ որում Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը հավակնում են աշխարհի չեմպիոնի տիտղոսին:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում գերազանց հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը ևս մեկ քայլով մոտեցավ իր նպատակի իրագործմանը: Հայկը 3-րդ անընդմեջ պարտիան ոչ-ոքի ավարտեց՝ հաշտություն կնքելով ռուսաստանցի Թիմուր Ֆախրուտդինովի հետ: Ավարտական տուրից առաջ Մարտիրոսյանը 8,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան հետապնդող ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոն ունի 8 միավոր:

Չեմպիոնության համար պայքարում վճռորոշ կլինեն 11-րդ տուրում կայանալիք Հայկ Մարտիրոսյան-Տհանգ Տրան և Լեոն Լիվաիցե-Ալեքսանդր Տրիապիշկո մրցախաղերը:

Նույն մրցաշարում հանդես եկող Դավիթ Միրզոյանը պարտվեց լեհ Քամիլ Կոզիոլին: Միրզոյանը 4,5 միավորով 53-րդ տեղում է:

Մանուել Պետրոսյանն էլ հավակնում է մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսին: 10-րդ տուրում հաղթելով Ավստրիան ներկայացնող Վալենտին Դրագնևին, հայ շախմատիստը վաստակեց 8 միավոր և ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինի հետ գլխավորեց աղյուսակը: Ավարտական տուրում Մանուելը սևերով մրցելու է մադագասկարցի Անտենաինա Ռակոտոմահարոյի հետ, իսկ Վավուլինը նույն գույնի խաղաքարերով խաղալու է ֆրանսիացի Բիլել Բելահցենեի հետ:

Մ-18 մրցաշարի մեր մյուս մասնակից Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղալով ուզբեկ Ադել Ռահմանի հետ, զրկվեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից: Նա 6 միավորով 13-րդ տեղում է:

Մ-14 մրցաշարում 7-ական միավոր ունեցող Արթուր Դավթյանը և Շանթ Սարգսյանը հնարավորություն ունեն պայքարելու բրոնզե մեդալի համար: Դավթյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար Սեմյոն Լոմասովի հետ, ով վաստակեց 9 միավոր: Սարգսյանը հաղթեց ռուսաստանցի Կիրիլ Շուբինին և ավարտական տուրում մրցելու է հենց Սեմյոն Լոմասովի հետ:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը, ով դեռ մի քանի տուր առաջ հավակնում էր աշխարհի չեմպիոնուհու տիտղոսին, 3-րդ անընդմեջ պարտությունը կրելով, զրկվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Նրա մրցակցուհին ռուսաստանցի Իրինա Դրոգովոզն էր: Սիրանուշը 6 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական:

Աղջիկների Մ-16 մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաղթեց չինացի Յանգ Յիջինգին ու 6 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական: Մ-14 մրցաշարում Քրիստինե Սմբատյանը պարտվեց պերուացի Բեատրիս Պուպիին: Նա 4 միավորով 55-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ