Հայ շախմատիստները մնացին առանց պարգևների

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ավարտվեց շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարը: Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:  Վերջին՝  9-րդ տուրում Գաբրիելը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ: Սարգսյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության:

Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը 5,5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 22-րդ և 23-րդ տեղերը: Մովսիսյանն ավարտական տուրում հաշտություն կնքեց Հարիկա Դրոնավալիի հետ, իսկ Մելքումյանը պարտվեց Դավիթ Հովելին՝ զրկվելով դրամական պարգևի արժանանալու հնարավորությունից:

Գլխավոր մրցանակի՝ 12 հազար ֆունտ ստեռլինգի բախտը որոշվեց Ուեսլի Սոն-Պավել Էլյանով և Ֆաբիանո Կարուանա-Մայքլ Ադամս պարտիաներում: Մրցաշարի միանձնյա առաջատար Էլյանովը բավարարվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Կարուանան հաղթանակ տարավ: Այսպիսով, Կարուանան և Էլյանովը վաստակեցին հավասար՝ 7,5-ական միավոր:

Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովը, ով պարգևատրվեց գավաթով և 9 հազար ֆունտ ստեռլինգով: 2-րդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանան ևս ստացավ 9 հազար ֆունտ ստեռլինգ:

Լավագույն եռյակը 7 միավորով եզրափակեց Արկադի Նայդիչը, ով հաղթեց Մաքսիմ Ռոդշտեյնին: Նայդիչը պարգևատրվեց 4 հազար ֆունտ ստեռլինգով: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների արժանացան 1-9-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ