Հայ 9 շախմատիստներից 7-ը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Հայ պատանի շախմատիստները բավական հաջող մեկնարկեցին Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Հայաստանի 9 ներկայացուցիչներից 7-ը հաղթանակով սկսեցին մրցաշարը: Միակ պարտությունը կրեց մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը՝ սևերով զիջելով ռուսաստանցի Ռոստիսլավ Մարչուկին: Տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանը սևերով հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Սոնդերգարդ Թհիբոյին, իսկ Քրիստինե Սմբատյանը ոչ-ոքի խաղաց Լիտվան ներկայացնող Մարիա Սիբաևայի հետ:

Մ-16 և Մ-18 մրցաշարերում հանդես եկող մեր 6 շախմատիստներն էլ մեկնարկային տուրում հաղթեցին մրցակիցներին: Մինչև 16 տարեկանների մրցաշարում Արփինե Գրիգորյանը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջուլիա Սևիլային, Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ իսրայելցի Շակեդ Տիֆերետի նկատմամբ, իսկ Դավիթ Միրզոյանը պարտության մատնեց վրացի Շոթա Խոդաշնելիին:

Մինչև 18 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մանուել Պետրոսյանը հաղթելով ֆրանսիացի Կլեմենտ Մեյնիերին, իր բարձր լրացուցիչ գործակցի շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մանուելը ՖԻԴԵ-ի իր վարկանիշով (2530) երկրորդն է մասնակիցների մեջ ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինից հետո (2582):

Հաղթանակ տարավ նաև մինչև 18 տարեկանների Հայաստանի այս տարվա չեմպիոն Արամ Հակոբյանը, որի մրցակիցը ղազախ Այրատ Սադուբաևն էր: Սիրանուշ Ղուկասյանն էլ պարտության մատնեց սլովակ Յանա Լիսկինսկային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ