Ղարամյանը քառորդ եզրափակչում է, իսկ Անդրիասյանը դուրս մնաց պայքարից

Ֆրանսիական Բաստիա քաղաքում ավարտվեց շախմատի Corsican Circuit մրցաշարի առաջին փուլը, որի արդյունքներով 12 լավագույն շախմատիստները շարունակեցին պայքարը արագ շախմատի մրցաշարում: Նրանց թվում են Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը:

9-րդ տուրում հայ շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Զավենը խաղում էր Դանիել Վոկատուրոյի հետ, իսկ Ղարամյանի մրցակիցը Մադս Հանսենն էր: Անդրիասյանը մրցաշարն անցկացնելով առանց պարտության, 6 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Տիգրանը 5,5 միավորով հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: 1-ին տեղը 7 միավորով զբաղեցրեց Անտոն Կորոբովը, որից կեսական միավորով հետ մնացին Ալեքսանդր Մոիսեենկոն և Միխայիլ Անտիպովը:

Արագ շախմատի մրցաշարում 12 մասնակիցներին միացան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովն ու Հոու Յիֆանը:

Վիճակահանությամբ 1/8 եզրափակչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկն էր: Ցավոք, հայ շախմատիստն արագ շախմատի 2 պարտիաներում էլ զիջեց մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Իսկ ահա Տիգրան Ղարամյանը հաջողությամբ հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը: Իտալացի Դանիել Վոկատուրոյի հետ անցկացրած առաջին պարտիայում Տիգրանը հաղթեց, երկրորդում՝ պարտվեց: Հաջորդ երկու պարտիաներում հայ շախմատիստն առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու մտավ քառորդ եզրափակիչ: Այդ փուլում Ղարամյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ով 2 պարտիաներում էլ հաղթել էր հոլանդացի Կոեն Լենհաուտսին:

Քառորդ եզրափակչում զույգեր են կազմել նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Վլադիմիր Օնիշչուկը, Հոու Յիֆանն ու Անտոն Կորոբովը, Թեյմուր Ռաջաբովն ու Ալեքսանդր Մոիսեենկոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ