Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

Զվարթնոց օդանավակայանում Ռիոյի Օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձող մարզիկներին դիմավորելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի հայրը` Գևորգ Մարտիրոսյանը, ով պատասխանեց Վիվառո Նյուզի հարցերին.

-Շնորհավորում ենք Ձեզ Սիմոնի հաջողությունների կապակցությամբ: Ինչ զգացողություններ ունեցաք, երբ Ձեր որդին նվաճեց արծաթե մեդալ:

-Բոլորն են այդ հարցը տալիս, բայց պետք է իմ տեղը լինեք, որպեսզի պատկերացնեք: Բառերով չեմ կարող բացատրել: Դուք որ նայել եք ելույթը, ինչ զգացողություններ եք ունեցել, Ձեր զգացողությունները բազմապատկեք 1000-ով, նման զգացողությունները բացատրել անհնար է:

-Հիշում եք առաջին օրը, երբ Սիմոնը գնաց ծանրամարտի մարզման:

-Հիշում եմ, ես ինքս ծանրորդ եմ, ու չէի ուզում որ նա զբաղվեր ծանրամարտով, որովհետև գիտեմ թե ինչ կիլոգրամներ է բարձրացնում մարզիկն ամեն օր: Ինքն է ընտրել ծանրամարտը: Մինչ այդ մի ամսով բռնցքամարտի է գնացել, ու մարզիչն ինձ ասում էր, որ ապագա չեմպիոնի հայրն եմ: Բայց հետո խնդիրներ եղան, այլևս չէր կարող գնալ բռնցքամարտի մարզումների, քանի որ տրանսպորտ չկար: 13 տարեկանում ինքը մոտեցավ ինձ ու ասաց, որ ուզում է ծանրամարտով զբաղվել: Երբ մի քանի մարզման գնաց, մարզիչն ինձ տեսնելիս ասաց, որ այլևս առանց Սիմոնի մարզադպրոց չգնամ:

-Օլիմպիական խաղերից առաջ ինչ տրամադրվածություն ուներ Սիմոնը:

-Նա շատ լավ էր տրամադրված, վստահ էր, որ մեդալով է վերադառնալու: Կարևոր չէր թե ինչ գույնի մեդալ, նա համեստ է եղել, դա արդեն Աստծո կամքն է: Բայց նրա բարձրացրած քաշերը տեսնելով արդեն պարզ էր, որ մեդալ է ունենալու:

-Ինչ ասաց Ձեզ արծաթե մեդալը նվաճելուց հետո:

-Շատ արագ կապ հաստատեցինք սկայպի միջոցով, առաջինը որ տեսանք, նրա ժպիտն էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ