Գաբուզյանն ու Հայրապետյանն առաջատար եռյակում են

Իրանի Համադան քաղաքում վերջնագիծը հատեց շախմատային 13-րդ փառատոնը, որի 67 մասնակիցների թվում էին հայաստանցի 8 շախմատիստներ: Ավարտական՝ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղալով ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ, Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 6,5 միավոր ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Գաբուզյանն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, Լատվիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովից:

Մրցանակային եռյակը եզրափակեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով ավարտական տուրում սևերով առավելության հասավ իր հայրենակից Գևորգ Հարությունյանի նկատմամբ ու վաստակեց 6,5 միավոր: Հովիկը միայն լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զիջեց Հովհաննես Գաբուզյանին:

Մրցաշարում մեր մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Գևորգ Հարությունյան՝ 5,5 (15-րդ տեղ), Դավիթ Պետրոսյան՝ 5 (20-րդ), Արմինե Բաբայան՝ 5 (26-րդ), Հայկ Երիցյան 4,5 (38-րդ), Հովհաննես Հակոբյան՝ 4 (43-րդ), Մարիա Գևորգյան` 3 (59-րդ):

Շախմատային փառատոնի ավարտական տուրից առաջ անցկացված կայծակնային մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Գևորգ Հարությունյանը, ով 11 հնարավորից վաստակած 9 միավորով գրավեց 3-րդ տեղը: Գևորգն ընդամենը մեկ միավոր զիջեց մրցաշարի հաղթող ճանաչված իրանցի Պարհամ Մագսուդլուին: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց իրանցի մեկ այլ շախմատիստ՝ Խալիլ Մուսավին, ով հաղթողից հետ մնաց ընդամենը կես միավորով:

Լուսանկարը՝ Mediamax
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ