Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 9

09.11.2016

Հենրիխ Մխիթարյան. «Կարևորը ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը»

Հենրիխ Մխիթարյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան դառնալու արարողության ժամանակ ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների հարցերին. - Ի՞նչ առաքելություն ունեք նոր կարգավիճակում: - Կարծում եմ՝ բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբնական շրջանում կփորձեմ օգնել իմ խորհուրդներով, իսկ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրի, որ պետք է առավել անել, խնդիր չկա՝ միշտ պատրաստ եմ: -Ի՞նչ կտա Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականին որպես մարզիչ: - Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ նրանով, միշտ աջակցություն եմ ստացել նրանից, երբ դեռ փոքր էի: Կարող եմ ասել, որ սկսելով նրա հետ աշխատել այս օրերին՝ մեծ տպավորություններ եմ ստացել, քանի որ նա ունի շատ մեծ գիտելիքներ, շատ լավ է հասկանում ֆուտբոլը: Կարծում եմ, որ նրա հետ կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այսպիսի մասնագետների հետ, որովհետև գիտեմ, որ նրանք կարող են հավաքականին ինչ-որ բան տալ: - Ի՞նչ մարզավիճակում եք: Ի՞նչ եք կարծում առաջիկա հանդիպման ու մրցակցի մասին: - Ճիշտ է, վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆեներբահչեի» հետ, ընդամենը 30 րոպե, բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև կարևորն այստեղ ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը: Եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի, ապա մարզավիճակը մղվում է երկրորդ պլան: Այնպես որ՝ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ հավաքականին, քանի որ սպասելիքները շատ մեծ են: Մոնտենեգրոյի հավաքականին դեռ լավ ծանոթ չեմ, բայց ժամանակ կա ծանոթանալու ու վերլուծելու նրանց խաղը: - Ի՞նչ կերպ եք պատկերացնում Ձեր ներդրումը որպես Բարի կամքի դեսպան, գործնականում ի՞նչ եք անելու: - Եթե ընտրվել եմ որպես Բարի կամքի դեսպան, ուրեմն ինչ-որ բան կարող եմ անել, գուցե Մեսիի չափ չեմ օգնի, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ միջոցառումները կազմակերպվելու են, երբ ես արձակուրդում լինեմ ու Հայաստանում գտնվեմ: Կարծում եմ, բացի կրթությունից կկարողանամ նաև ֆիզիկական կուլտուրայի հարցերով զբաղվեմ երեխաների շրջանում: - Ինչպե՞ս են Ձեր գործերը «Մանչեսթեր Յունայթեդում»: - Ամեն ինչ շատ լավ է: Կարծում եմ՝ քիչ խաղաժամանակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այնտեղ: Ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքն իրականացնել ու առաջ շարժվել: Եթե այս պարագայում ես հանձնվեմ, կնշանակի, որ ոչնչի չեմ հասել ու ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար, ու ամեն ինչ ջուրը կընկնի: Փորձում եմ այս իրավիճակում ինձ մեջ ուժ գտնել ու պայքարել, ու ամեն ինչ անում եմ, որ իմ ուզածին հասնեմ:
08.11.2016

Հայաստան – Չեռնոգորիա. Մեր ընտրանին չի պարտվի

Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի E խմբի 4-րդ տուրում նոյեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին ուժերն է չափելու Չեռնոգորիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը փաստացի առաջատարի և հետնապահի պայքար է, քանի որ Չեռնոգորիան վաստակած 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մեր ընտրանին 3-րդ տուրից հետո իր ակտիվում ոչ մի միավոր չունի: Նայելով մրցաշարային աղյուսակին ու հավաքականների ելույթներին՝ կարելի է կանխատեսել, որ հյուրերն այս խաղում խնդիր չեն ունենալու, սակայն դա միայն առաջին հայացքից: Արթուր Պետրոսյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մեր ընտրանին ջանք ու եռանդ չի խնայի խաղադաշտից գլխիկոր չհեռանալու համար, իսկ Չեռնոգորիայի հավաքականը Հայաստան կժամանի ներքուստ այն վստահությամբ, որ 3 միավորով է հեռանալու Երևանից: Այդ վստահությունը կարող է ստիպել հյուրերի ֆուտբոլիստներին թերագնահատել մրցակցին, իսկ Հայաստանի հավաքականը թերագնահատողներին չի սիրում. դա բազմիցս է ապացուցվել: Այնպես չէ, իհարկե, թե Չեռնոգորիայի թիմը թերագնահատելու է մեր ընտրանուն. ի վերջո ամեն ինչ պարզ է դառնալու խաղադաշտում: Աչքի տակ անցկացնելով Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման համար «Վիվառոյի» սահմանած գործակիցները՝ փորձեմ մի քանի իրադարձություն առանձնացնել, որոնք, ըստ իս, շատ հավանական են: Հայաստանի հավաքականը չի պարտվի – 1.70 գործակից(հաղթած) Ընտրական փուլում Դանիայի, Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականներին պարտվելուց հետո կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը խմբում իր առաջին միավորները կվաստակի Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը: Վիճակագրությանը նայելով՝ նման կարծիք կազմելը բարդ է, սակայն այս խաղում մեր ընտրանին ամեն ինչ անելու է նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ առաջին պարտությունը չկրելու համար: Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմին, հետևաբար մեր հավաքականի՝ խաղի կազմակերպման ամբողջ ծանրությունը նրա ուսերին է: Մխիթարյանի համար այս հանդիպումը շատ մեծ նշանակություն է ունենալու: Նրա յուրաքանչյուր գործողություն դիտվելու ու դիտարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև այնտեղ՝ Մանչեսթերում: Մխիթարյանի գործոնը մեր հավաքականի համար իսկապես կենսական նշանակություն ունի՝ թե՛ խաղային տեսանկյունից, թե՛ բարոյահոգեբանության, և Հայաստանի հավաքականի առաջատարն ամեն ինչ կանի, որպեսզի երկրպագուներն ուրախանան, թիմը վերջապես կայուն խաղ ցուցադրի, իսկ ինքն ապացուցի, որ խաղադաշտում անելիք ունի, և որ իրեն չվստահելը երբեք մեծագույն մարզչի ճիշտ որոշում համարվել չի կարող: Հայաստանի հավաքականը գոլ կխփի – 1.50 գործակից(հաղթած) Հայաստանի ազգային հավաքականն ընտրական խմբում միայն լեհերի դարպասն է գրավել, սակայն դա չի նշանակում, թե մերոնք «դարպասի տեղը չգիտեն»: 10 հոգով խաղալով լեհերի դեմ՝ Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կամային ուժ ունի ու չհանձնվեց՝ պայքարելով մինչև վերջ: Նույնիսկ խաղավերջում Արաս Օզբիլիսն ստացավ հիանալի հնարավորություն մեր ընտրանուն հաղթանակ պարգևելու համար: Այո՛, հաղթանակ, քանի որ այդ գոլից հետո լեհերի համար գրեթե անհնարին կլիներ փրկել խաղը, սակայն եղավ հակառակը… Ինչևէ, առաջիկա խաղը նման է լինելու լեհերի դեմ հանդիպմանը, և հակագրոհներ կազմակերպելու հիանալի հնարավորությունները կարող են կիրառվել մեր ընտրանու կողմից ու հաջողություն բերել: Չեռնոգորիայի հավաքականը 2 կամ ավելի գոլ չի խփի – 1.50 գործակից(պարտված) Չնայած նրան, որ Չեռնոգորիայի հավաքականը Լեհաստանի ընտրանու հետ միասին խմբում ամենաշատ(7) գոլերն է հեղինակել՝ պետք է հաշվի առնել, որ այդ գոլերից միայն 5-ը թիմը խփել է Ղազախստանի ընտրանու դարպասը: Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Չեռնոգորիայի ֆուտբոլիստները դարձել են 1 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Եվ ահա նախորդ տուրում Չեռնոգորիայի ընտրանին նվազագույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Դանիայի ընտրանուն: Խաղի ստույգ հաշիվը՝ 1-1 – 5.98 գործակից(պարտված) Բարդ հանդիպումներում Չեռնոգորիայի հավաքականը վստահություն այդքան էլ չի կարողանում պահպանել, առավել ևս, երբ խաղասկզբից լրիվ այլ հանդիպման պատկերացում է ունենում: Իհարկե Դանիայի հավաքականի դեմ խաղը բացառություն է, սակայն պետք է հասկանալ, որ դա բառի բուն իմաստով բացառություն է, իսկ մյուս խաղերում հիմնականում դա չի ստացվում: Փաստն այն է, որ Չեռնոգորիայի հավաքականը 2015 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև այժմ(Ղազախստանի հավաքականի դեմ խաղից բացի) չի կարողանում մրցակցի դարպասն ուղարկել 1 գոլից ավելի թե՛ պաշտոնական, թե՛ ընկերական խաղերում: Մեր հավաքականի դեմ խաղը, կարծում եմ, բացառություն չի լինի, քանի որ Չեռնոգորիայի ընտրանուն լուրջ պայքար է սպասվում: Ամեն դեպքում հյուրերը, կարծում եմ, կկարողանան գրավել մեր ընտրանու դարպասը պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով, սակայն ոչ ավելի, քան մեկ անգամ, իսկ Հայաստանի ընտրանին ընձեռված հնարավորություններից, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգտագործել միայն մեկը: Ոչ-ոքին Հայաստանի հավաքականի համար բավարար կլինի, իսկ Չեռնոգորիայի հավաքականը ոչ հեշտությամբ, բայց կհամակերպվի դրա հետ…
07.11.2016

Հայաստան – Չեռնոգորիա խաղը կսպասարկի չեխ մրցավարը

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստան - Չեռնոգորիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Պավել Կրալովեցը՝ հայտնում է reprezentacija.me-ն: Նշենք, որ Կրալովեցը նախկին ֆուտբոլիստ է, 1993 թվականին վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան: ՖԻՖԱ-ի մրցավար է 2005 թվականից: Հատկանշական է, որ 2016 թվականի մարտի 1-ից նա նշանակվել է այն մրցավարների շարքում, որոնք սպասարկելու են Եվրոպա լիգայի հանդիպումները: Հիշեցնենք, որ Հայաստան - Չեռնոգորիա խաղը կայանալու է նոյեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում:
07.11.2016

Հենրիխ Մխիթարյանը կնշանակվի ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:
06.11.2016

Մ-17. Հայաստանի ընտրանին հաղթեց իսլանդացիներին՝ նվաճելով էլիտ ռաունդի ուղեգիր

Իսրայելի Շեֆայիմ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ է մղել Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրել է հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, իսկ 63-րդ րոպեին Կուրբաշյանը հաշիվը դարձրել է 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրել է 3:2: Հայաստանի ընտրանին հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 12. Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան
06.11.2016

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Այսօր տեղի ունեցած առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ» Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան» Պաշտպաններ Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ» Կիսապաշտպաններ Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ» Դավիթ Հակոբյան, «Շիրակ» Հարձակվողներ Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան) Վարդան Պողոսյան, «Փյունիկ» Նշենք, որ Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ նոր է ժամանել Երևան, Ռուսլան Կորյանը Երևան է ժամանելու այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով:
05.11.2016

Հայաստանի հավաքական է հրավիրվել ևս մեկ դարպասապահ

«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է կապանյան ակումբի ֆեյսբուքյան էջը, իսկ ապա հաստատեց նաև ՀՖՖ-ն: Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելով «Փյունիկին» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել, որի ընթացքում իր խաղով աչքի է ընկել դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Հանդիպմանը ներկա Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները որոշել են նրան ազգային թիմ հրավիրել։ Հիշեցնենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը նախկինում էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է ընկերական մեկ հանդիպում։ ՀՖՖ կայքը հայտնում է, որ Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի կազմում կփոխարինի վնասվածք ստացած Գոռ Մանուկյանին:
04.11.2016

Վիկտորինա. Թվարկե՛ք բոլոր ֆուտբոլիստներին, ում Վարուժան Սուքիասյանը հրավիրել էր ազգային հավաքական

Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը սիրում էր հնարավորություն տալ նոր ֆուտբոլիստների՝ մեծապես ուշադրություն հատկացնելով նաև Հայաստանի առաջնության կադրերին: Նրա առաջին պաշտոնավարման ընթացքում 12 ֆուտբոլիստներ իրենց նորամուտը նշեցին Հայաստանի հավաքականում, որոնցից շատերը հետագայում դարձան առանցքային դերակատարներ: Նորեկների թիվը մեծ էր նաև Սուքիասյանի երկրորդ ու առայժմ վերջին պաշտոնավարման ընթացքում, որի ժամանակ մասնագետը հավաքական հրավիրեց ընդհանուր առմամբ 40 ֆուտբոլիստի: Առաջարկում ենք ստուգել, թե նրանցից քանիսին կհիշեք դուք հիմա: Նշենք, որ մասնակցելու համար անհրաժեշտ է հայերենով գրել ֆուտբոլիստների ազգանունները / կամ անուն/ազգանունները/: http://www.vivaronews.am/articles/havakhakani-futbolistner-oronc-dukh-havanabar-chekh-tchanachum-viktorina
03.11.2016

Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ Չեռնոգորիայի դեմ խաղի համար

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 6-ից 11-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.  Դարպասապահներ Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ» Գոռ Մանուկյան «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ) Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ» Դավիթ Հակոբյան, «Շիրակ» Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ» Հարձակվողներ Գեղան Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա) Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան) Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան) Վարդան Պողոսյան, «Փյունիկ» Ավելացնենք, որ ազգային հավաքականում Արթուր Պետրոսյանի օգնականները լինելու են Սարգիս Հովհաննիսյանը և Ռազմիկ Գրիգորյանը, դարպասապահների մարզիչը՝ Հայկ Կիրակոսյանը:
03.11.2016

Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը իր շնորհանդեսի ժամանակ անդրադարձել է իր չկայացած տեղափոխությանը «Արսենալ»: «Երեկոյան ես առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան արդեն այն հետ էին կանչել: Ինձ համար սա մեծ հոգեբանական հարված էր: Հաջորդող մեկ տարում, ովքեր որ հետևել են կհիշեն, խաղադաշտում Արթուր Պետրոսյանի ստվերն էր, այլ ոչ թե ես»,-նշեց Պետրոսյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթին հայտնեց, որ իր պաշտոնը ստանձնելու ժամանակ ծանոթացել է ֆեդերացիայի ներկայացուցիչների և «Արսենալ» ակումբի նամակագրությանը և համոզվել, որ տրանսֆերի ձախողումը ՀՖՖ այդ ժամանակվա ղեկավարության մեղքով է եղել, ովքեր աստղաբաշխական գումար են պահանջել հայ ֆուտբոլիստի դիմաց:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: