Հայաստանի ազգային հավաքական | Էջ - 8

11.11.2016

ԱԱ 2018. Հայաստան – Չեռնոգորիա. Հավանական մեկնարկային կազմեր

ԱԱ 2018թ. որակավորման փուլ Հայաստան - Չեռնոգորիա «Հանրապետական» մարզադաշտ, Երևան Հանդիպման մեկնարկը ՝ 21:00 Հայաստան - Չեռնոգորիա. Հավանական մեկնարկային կազմեր ` ըստ Վիվառո Նյուզի   Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմը ՝ ըստ Football Expert-ի  
10.11.2016

Գևորգ Ղազարյան. «Մենք պետք է նվիրվենք»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Չեռնոգորիայի հետ խաղին ընդառաջ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը. - Ինչպիսի՞ մարզավիճակում եք: - Մարզավիճակս լավ եմ գնահատում, վերջին խաղերին մասնակցել եմ ու պատրաստ եմ խաղին: - Ի՞նչ կասեք մրցակցի մասին: - Գիտենք, որ բավականին ուժեղ մրցակից ունենք, շատ ամուր պաշտպանություն ունեն ու լավ հակագրոհում են: Նայել ենք նրանց խաղը և գիտենք ինչպես ենք խաղալու: Կարծում եմ` հավասար շանսեր ունենք: Մենք պետք է նվիրվենք և ամեն ինչ անենք: http://www.vivaronews.am/arthur-petrosyan-mrcakiceh-favoritn-e-bayc-es-shansereh-havasar-em-gnahatum
10.11.2016

Հենրիխ Մխիթարյանը և խաղընկերները մարզում անցկացրեցին «Հանրապետական» մարզադաշտում (ֆոտոշարք)

Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի դեմ հանդիպմանն ընդառաջ բաց մարզում անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում:
10.11.2016

Արթուր Պետրոսյան. «Մրցակիցը ֆավորիտն է, բայց ես շանսերը հավասար եմ գնահատում»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Չեռնոգորիա խաղից առաջ նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին. - Ի՞նչ տպավորություններ ունեք թիմի հետ առաջին մարզական հավաքից: - Թիմի վիճակը շատ լավ է: Ես տղաներին նոր չեմ ճանաչում, աշխատել եմ նրանց հետ նաև երկու տարի առաջ: - Ինչպիսի՞ վիճակում է Հենրիխ Մխիթարյանը, ում մարզավիճակից վերջերս մշտապես բողոքում է Ժոզե Մոուրինյոն: - Հենրիխ Մխիթարյանի վիճակը փայլուն է, տրամադրությունը շատ բարձր է, ոչ մի խնդիր չեմ տեսնում: - Դավիթ Մանոյանի վնասվածքի պայմաններում արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ նա ունենար փոխարինող, օրինակ` Արթուր Եդիգարյանը, ով շատ լավ մարզավիճակում է: - Մանոյանը վաղը միանշանակ չի խաղալու: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ես տեսել եմ նրա խաղը, զրուցել եմ նրա հետ: Այս պահին կտրուկ շարժումներ անել պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է: - Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին: - Մրցակիցը խաղի ֆավորիտն է, բայց ես շանսերը գնահատում եմ հավասար: Մրցակցի հարձակման գծում շատ ուժեղ խաղացողներ են, ովքեր փայլում են թե թիմային, թե անհատական խաղում: Շատ կազմակերպված, գրագետ, կարգապահ թիմ է: Շատ դժվար մրցակից է: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար: - Արդյո՞ք ոչ-ոքի արդյունքը կբավարարի Ձեզ: - Միանշանակ փորձելու ենք հաղթել: Բայց ելնելով վերջին խաղերի արդյունքներից` կարծում եմ ցանկացած դրական արդյունք մեզ առաջ է տանելու: Իհարկե, տանը կցանկանայինք հաղթել: - Հնարավո՞ր է Ձեր գլխավորությամբ թիմը հարձակողական ֆուտբոլ խաղա: - Մենք շատ խնդիրներ ունենք, ու չենք կարող միանգամից բոլոր խնդիրները լուծել: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Իհարկե, ամեն ինչ կախված է նաև մեր խաղացողներից, մրցակցից, ու ամեն խաղում պետք է այս ամենը հաշվի առնելով մարտավարություն մշակենք: - Որքանո՞վ է հաջողվել լուծել հավաքականի հոգեբանական խնդիրը: - Կարծում եմ` հաջողվեց, որովհետև թիմում տրամադրությունը լավ էր, մթնոլորտը հանգիստ էր, տղաները` ժպտերես: Կարծում եմ` վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին: - Արդյո՞ք քայլեր ձեռնարկել եք մեր հավաքականի ամենաթույլ օղակներից մեկի` պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ: - Իհարկե, ինչպես նշեցի, մենք ամեն ինչ անելու ենք քայլ առ քայլ: Մեր առաջին քայլը հենց դա է եղել: Այս 4 օրերի ընթացքում մեծ աշխատանք ենք տարել: - Երկրպագուները թերահավատ են հավաքականի նկատմամբ, արդյո՞ք դա չի ճնշի տղաներին ու զգացնել չի տա: - Ճնշել չեմ կարծում, բայց զգացնել կտա: Նրանք էլ կարդում են, նրանք էլ հեռուստացույց են դիտում: Բայց երկրպագուները իրավունք ունեն, 3 տարի հաղթանակ չի եղել: Կփորձենք մեր լավ խաղով փոխել երկրպագուների կարծիքը, բերել նրանց մարզադաշտ և վերականգնել հավատը: - Բացի Մանոյանից կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը ևս կասկածի տակ է: - Պետրոս Ավետիսյանը ևս վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին: Մյուս տղաների հետ առայժմ ամեն ինչ նորմալ է: - Արդյո՞ք պատրաստվում եք խաղալ ընդգծված հարձակվողով: - Այո, խաղալու ենք, բայց չեմ ասի, թե ով կլինի այդ դիրքում:
10.11.2016

Հույսը վերադառնում է. Ինչո՞ւ ենք վաղը մենք տեսնելու միանգամայն այլ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի վերջին տարիների արդյունքները ստիպել են, որ երկրպագուները ոչ մի լուրջ ակնկալիք չկապեն մեր ազգային թիմի հետ: Աշխարհի առաջնության ընտրական փուլ դուրս գալու երազը փշրվեց նույնքան արագ, ինչքան Գոռ Մալաքյանը կարմիր քարտ ստացավ Ռումինիայի հետ խաղում: Առաջիկա երկու տարում մեզ մնում է ուղղակի դիտել ֆուտբոլ, փնտրել որոշակի ինտրիգներ ու հուսալ, որ մեր հավաքականը աճում է: Նույն խնդիրն իր առջև դրել է նաև նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Յուրաքանչյուր խաղ իր հետ կբերի իր կրքերն ու հետաքրքրությունները, իսկ այս խաղն այն մեկն է, որը առավելագույնս հարուստ է դրանցով: Բացի այն, որ նոր մարզչի ղեկավարությամբ հավաքականը նոր կյանք է սկսելու, մեր երկրպագուները կարող են ունենալ հաջող ելքի մեկ այլ հույս՝ Հենրիխ Մխիթարյանը: Նա միշտ էլ եղել է այդ մեկը, սակայն կան մի քանի պատճառներ, որոնք ստիպում են այս խաղում ավելին սպասել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանից: Նոր մարզիչ, որի համար արժե նվիրվել Հենրիխ Մխիթարյանի խոսքերն Արթուր Պետրոսյանի մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ իրենց մեջ երախտապարտության զգացում էին պարունակում: Արթուր Պետրոսյանն այնքան մաքուր ու սիրված է հայկական ֆուտբոլում, որ նրա համար պատրաստ կլինի նվիրվել յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ, ով շփվել է նրա հետ: Իսկ Մխիթարյանը նշում էր մարզչի՝ մինչ այս ունեցած աջակցության մասին, և ուրեմն պարտքը պետք է վերադարձնել: Հարց կառաջանա՝ իսկ միթե՞ Սուքիասյանի համար Մխիթարյանը պատրաստ չէր նվիրվելու: Կամ միթե՞ հավաքականի մարզաշապիկը բավարար չէր, որ Հենոյի նման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը նվիրվեր: Բայց վերջին մեկ տարում ինձ համար այդ հարցը միանշական պատասխան չուներ, ու Մխիթարյանի խաղը ազգային թիմում շատ հեռու էր նրա ցուցադրած ակումբային ֆուտբոլից: Ու ես չեմ մեղադրում նրան որպես ֆուտբոլիստ, որովհետև երբեմն իզուր է կոտրել քո ապագան ու վերջին ջանքերը դնել հավաքականում, երբ այդ թիմը տվյալ պահին լուրջ խնդիրներ չունի իր առջև: Իսկ հիմա ամեն ինչ նոր է, թիմը հերթական անգամ առանց ավագի բնավորություն է ցույց տվել վերջին խաղում, ու ստեղծված իրավիճակում Մխիթարյանն ուղղակի չի կարող թիկունք չդառնալ նոր մարզչին: Մխիթարյանը խաղալու է նաև իր համար Վաղը Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ ավելի շատ, քան սեպտեմբերից ի վեր: Նրա խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդում» սկսվեցին մանչեսթերյան դերբիից, ու այդ խաղից ի վեր նա դարձել է Հայաստանի հավաքականի տիպային ֆուտբոլիստ՝ հազվադեպ է հայտնվում իր թիմի հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը «կողպված» վիճակում է, խաղաժամանակ գրեթե չի ստանում, որպեսզի ցույց տա, թե ինչի է ունակ: Առաջին անգամ վերջին մի քանի տարում՝ հավաքականը կարող է Մխիթարյանին շատ մեծ բան տալ, այլ ոչ թե միայն վերցնել: Դա այն խաղաժամանակն է, որով Հենրիխը կարող է վերջապես ցուցադրել իր որակները ողջ աշխարհին, այդ թվում և Ժոզե Մոուրինյոյին: Եթե հիշենք մեր հավաքականի լավագույն տարիները՝ 2010-2013թթ., դա այն շրջանն էր, երբ ազգային ընտրանին հիշեցնում էր փոխշահավետ բիզնես բոլոր կողմերի համար: Ֆուտբոլիստները նվիրվում էին հավաքականին, որովհետև Հայաստանի հավաքականում ցուցադրած խաղը նրանց կարիերայում նոր ճանապարհներ էր բացում իրենց առջև: Հիմա Մխիթարյանը ևս մեկ անգամ օգտվելու է այս հնարավորությունից, ու ինչքան շատ օգուտ տա հավաքականին, այնքան մեծ օգուտ կստանա անձնապես: Սա հույս է: Կարեն Ռաֆայելյան
10.11.2016

Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականը կշարունակի նախապատրաստվել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը 23 ֆուտբոլիստներով: Խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով արդեն լքել է ազգային հավաքականի ճամբարը: Արագ ապաքինում և առողություն ենք մաղթում Դավիթ Մանոյանին: ՀՖՖ պաշտոնական կայք
09.11.2016

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Արթուր Ալեքսանյանը ողջունել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ մեր ընտրանուն հաջողություն մաղթելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ հանդիպմանը: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանն անվանական մարզաշապիկ է հանձնել Արթուր Ալեքսանյանին:
09.11.2016

Արաս Օզբիլիսն սկսել է մարզվել (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ուսի վիրահատությունից հետո Արասն սկսել է մարզումները:
09.11.2016

Լյուբիշա Տումբակովիչ. «Մխիթարյանը լուրջ վտանգ է ներկայացնում»

Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանը արդեն մեկ ամիս  լիարժեք մարզվում է և «Ֆեներբահչեի» հետ խաղում անցկացրեց 30 րոպե: Նա լուրջ վտանգ է ներկայացնում խաղադաշտում: Նա կառուցողական ոճի ֆուտբոլիստ է, ինչպիսին է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կամ Ռումինիայի ընտրանու ֆուտբոլիստ Ստանկուն: Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ում պետք չէ լրացուցիչ ներկայացնել: Բավական է դիտել նրա խաղը թիմերում, որտեղ նա խաղացել է»,- ասել է Տումբակովիչը: http://www.vivaronews.am/chernogoriayi-havakhakan-glxavor-marzich-galis-enkh-yerevan-3-miavori-hamar
09.11.2016

Հենրիխ Մխիթարյան. «Կարևորը ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը»

Հենրիխ Մխիթարյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան դառնալու արարողության ժամանակ ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների հարցերին. - Ի՞նչ առաքելություն ունեք նոր կարգավիճակում: - Կարծում եմ՝ բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբնական շրջանում կփորձեմ օգնել իմ խորհուրդներով, իսկ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրի, որ պետք է առավել անել, խնդիր չկա՝ միշտ պատրաստ եմ: -Ի՞նչ կտա Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականին որպես մարզիչ: - Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ նրանով, միշտ աջակցություն եմ ստացել նրանից, երբ դեռ փոքր էի: Կարող եմ ասել, որ սկսելով նրա հետ աշխատել այս օրերին՝ մեծ տպավորություններ եմ ստացել, քանի որ նա ունի շատ մեծ գիտելիքներ, շատ լավ է հասկանում ֆուտբոլը: Կարծում եմ, որ նրա հետ կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այսպիսի մասնագետների հետ, որովհետև գիտեմ, որ նրանք կարող են հավաքականին ինչ-որ բան տալ: - Ի՞նչ մարզավիճակում եք: Ի՞նչ եք կարծում առաջիկա հանդիպման ու մրցակցի մասին: - Ճիշտ է, վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆեներբահչեի» հետ, ընդամենը 30 րոպե, բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև կարևորն այստեղ ցանկությունն է, այլ ոչ թե մարզավիճակը: Եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի, ապա մարզավիճակը մղվում է երկրորդ պլան: Այնպես որ՝ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ հավաքականին, քանի որ սպասելիքները շատ մեծ են: Մոնտենեգրոյի հավաքականին դեռ լավ ծանոթ չեմ, բայց ժամանակ կա ծանոթանալու ու վերլուծելու նրանց խաղը: - Ի՞նչ կերպ եք պատկերացնում Ձեր ներդրումը որպես Բարի կամքի դեսպան, գործնականում ի՞նչ եք անելու: - Եթե ընտրվել եմ որպես Բարի կամքի դեսպան, ուրեմն ինչ-որ բան կարող եմ անել, գուցե Մեսիի չափ չեմ օգնի, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ըստ նախնական պայմանավորվածության՝ միջոցառումները կազմակերպվելու են, երբ ես արձակուրդում լինեմ ու Հայաստանում գտնվեմ: Կարծում եմ, բացի կրթությունից կկարողանամ նաև ֆիզիկական կուլտուրայի հարցերով զբաղվեմ երեխաների շրջանում: - Ինչպե՞ս են Ձեր գործերը «Մանչեսթեր Յունայթեդում»: - Ամեն ինչ շատ լավ է: Կարծում եմ՝ քիչ խաղաժամանակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այնտեղ: Ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքն իրականացնել ու առաջ շարժվել: Եթե այս պարագայում ես հանձնվեմ, կնշանակի, որ ոչնչի չեմ հասել ու ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար, ու ամեն ինչ ջուրը կընկնի: Փորձում եմ այս իրավիճակում ինձ մեջ ուժ գտնել ու պայքարել, ու ամեն ինչ անում եմ, որ իմ ուզածին հասնեմ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: