Իսպանիա | Էջ - 7

16.03.2017

Զիդանը ասել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել քառորդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպել «Լեսթերի» հետ: Ֆրանսիացին գտնում է, որ ՉԼ-ում ներկայումս մրցող յուրաքանչյուր թիմ չէր ցանկանա հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել Անգլիայի գործող չեմպիոնի հետ: «Չեմ կարծում՝ կա մարզիչ, որը ցանկանում է «Լեսթերի» հետ խաղալ, ես էլ բացառություն չեմ: Նրանք շարունակում են քայլել իրենց առջև դրված նպատակի ուղղությամբ: Շատերը չէին հավատում, որ նրանք կարող են հաղթել առաջնությունը, բայց դա հաջողվեց: Շատերն էլ կարծում էին, որ նրանք չեն կարողանա հաջորդ փուլ անցնել «Սևիլիայից» պարտություն կրելուց հետո, բայց նրանք կարողացան: «Լեսթերը» ֆավորիտ չի համարվում, և նրանց վրա ճնշում չի գործադրվում, այնպես որ, ամեն ինչ էլ կարող է պատահել: Նրանց շարքերում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ողջ հոգով և սրտով: Նման թիմերի դեմ միշտ էլ դժվար է խաղալ: Մրցաշարի այս փուլում ցանկացած թիմ էլ հավատում է իր ուժերին ու առաջնությունում երազում հաղթանակի մասին»,-ասել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ:
16.03.2017

Corriere dello Sport . «Միլանը» մերժել է «Ռեալի» առաջարկը

«Միլանի» ղեկավարություն մտադիր չէ վաճառել թիմի 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որի ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալ Մադրիդը»: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport -ը, իտալացիները մերժել են մադրիդյան ակումբի ներկայացուցիչների առաջարկը: «Միլանը» մտադիր չէ բաց թողնել տաղանդավոր դարպասապահին և նրա համար նոր պայմանագիր է պատրաստում: Դոնարումայի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, ֆուտբոլիստն արդեն չափահաս է և  կարող է պայմանագիր կնքել: Corriere dello Sport -ը հայտնում է նաև, որ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան չի պատրաստվում բանակցություններ սկսել, մինչև չլուծվի «Միլանի»՝  չինացի ներդրողներին վաճառքի հարցը: Ակումբը, այնուամենայնիվ,Դոնարումայի համար պայմանագիր է պատրաստում, որը նախատեսում է 3 մլն. եվրո աշխատավարձ յուրաքանչյուր մրցաշրջանի  համար:
16.03.2017

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համոզված է, որ Պեպեն հաջորդ մրցաշրջանում չի լինի ակումբի կազմում և հավանական փոխարինող է գտել պորտուգալացու փոխարեն: «Արքայական» ակումբի ղեկավարությունը կապ է հաստատել «Պորտուի» պաշտպան Ֆելիպե Մոնտեիրոյի գործակալների հետ և հասել բանավոր համաձայնության 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման հարցում: «Ռեալը» այժմ պետք է բանակցի «Պորտուի» ղեկավարության հետ, սակայն հաշվի առնելով երկու ակումբների միջև եղած հարաբերությունները՝ մադրիդյան ակումբը որևէ արգելքի չի հանդիպի: Ավելին, «Պորտուն» կարող է բարձր գին պահանջել բրազիլացու համար, քանի որ ունի 100 մլն եվրո պարտք: Ֆելիպեն պորտուգալական ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականը: AS-ի փոխանցմամբ 25-30 մլն առաջարկի դեպքում «Պորտուն» բաց կթողնի 27-ամյա պաշտպանին:
16.03.2017

Ռոնալդուն ու Մեսին իրենց ակումբներին խորհուրդ են տվել գնել նույն ֆուտբոլիստին

Իսպանական Don Balon-ը հայտնում է, որ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին իրենց ակումբներին խորհուրդ են տվել գնել «Մոնակոյի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդո Սիլվային: Իսկոյի ու Խամեսի հեռանալու դեպքում «Ռեալը» կիսապաշտպանի կարիք կունենա, ու Ռոնալդուն այդ դիրքում տեսնում է հենց իր հայրենակցին: Իսկ Մեսին ցանկանում է վերջապես գտնել մեկին, ով կկարողանա թիմում արժանի փոխարինել Խավիին ու Ինիեստային: «Հաճելի է, որ ինձ կապում են նման ակումբների հետ, բայց ես առայժմ շատ չեմ մտածում այդ մասին: Մի օր ես կուզենամ խաղալ Անգլիայում կամ Իսպանիայում, աշխարհի երկու լավագույն լիգաներից մեկում, բայց այս պահին ես երջանիկ եմ այստեղ»,-ասել է Բեռնարդո Սիլվան:
16.03.2017

Սամպաոլին չի գլխավորի «Բարսելոնան»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին  չի հավակնում դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո: Չնայած «Սևիլիայի» հետ ունեցած հաջողություններին և «Բարսելոնայի» ղեկավարության հետ լավ հարաբերություններին՝ կատալոնական ակումբը երբեք չի դիտարկել Սամպաոլիի թեկնածությունը  որպես թիմի գլխավոր մարզիչ: Արգենտինացին չգիտի ակումբը ներսից,  և «կապտանռնագույնները» չեն ցանկանում ռիսկի դիմել և կրկնել Սամպաոլիի հայրենակից Խերարդո Մարտինոյի փորձը, որը թիմը գլխավորեց ընդամենը մեկ տարի: «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնին այս պահին հավակնում են «Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր  մարզիչ Էռնեստո Վալվերդեն և Լուիս Էնրիկեի ներկայիս օգնական Խուան Կառլոս Ունսուեն:
16.03.2017

Երկրպագուները չեն ցանկանում է Կեյլոր Նավասին տեսնել Մադրիդի «Ռեալում»

Հեղինակավոր Marca-ն հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչ կարծիքի են Մադրիդի «Ռեալի» երկրպագուները թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի մասին: Իսպանական ԶԼՄ-ն փորձում էր ճշտել, թե արդյոք կոստա-ռիկացին պետք է շարունակի հանդես է գալ «Արքայական ակումբի» կազմում: Եվ ահա երկրպագուների 47,2 %-ը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալը» պետք է հրաժարվի Նավասի ծառայություններից: Վերջին շրջանում մի շարք ԶԼՄ-ներ և ֆուտբոլային փորձագետներ շատ են քննադատում Նավասի ցուցադրած խաղը: Ավելացնենք, որ մադրիդյան գրանդը հետաքրքրվում է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի և «ՄՅՈՒ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Դավիդ դե Խեայի ծառայություններով:
15.03.2017

Ինյեստան մոտ է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մոտ է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը թարմացնելուն, տեղեկացնում է Marca-ն: Կողմերը գրեթե համաձայնեցրել են գործարքի գրեթե բոլոր կետերը: Նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի վերջին: Աղբյուրը փոխանցում է, որ իսպանացի ֆուտբոլիստը կստորագրի 2 տարվա պայմանագիր՝ 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Բացի այդ, թիմի ավագի համաձայնագրում կետ կներառվի, ըստ որի՝ Ինյեստան ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կսկսի աշխատել ակումբի ակադեմիայում:
15.03.2017

Գվարդիոլան ցանկանում է Նավասին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում: Mundo Deportivօ-ի փոխանցմամբ, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետևում է  մադրիդյան ակումբում կոստա ռիկացու շուրջ զարգացող իրադարձություններին ու խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել դարպասապահի ծառայությունները, եթե «Ռեալը» տրանսֆերի հանի վերջինիս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նավասը այլևս չի վայելում «արքայական» ակումբի նախագահության վստահությունը: Չնայած «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը  և ֆուտբոլիստի թիմակիցների աջակցությանը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ անհրաժեշտ է փոխել թիմի հիմնական դարպասապահին: Այդ դիրքում Պերեսի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է:
15.03.2017

Cadena SER. Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ Իսպանիա

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել «Բավարիայի» հարձակվող Տիագո Ալկանտարային, հաղորդում է Cadena Ser-ը: Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հետևել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Արսենալ» խաղին և տպավորվել իսպանացու խաղով, ով լքել է ակումբը 2013 թվականին: Ալկանտարան «կապտանռնագույնների» հետ պայմանագիր ուներ մինչև 2015 թվականը ,սակայն չէր մասնակցում  խաղերի մեծ մասին, ինչն էլ ստիպեց նրան հեռանալ ակումբից և միանալ Պեպ Գվարդիոլայի «Բավարիային»: 4 տարի անց «Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Ալկանտարային,քանի որ հարձակվողական ոճի կիսապաշտպանի կարիք ունի: Իսպանացու  պայմանագիրը  գերմանական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին , և «Բավարիայի» ղեկավարությունը մտադրություն  չունի բաց թողնել 26-ամյա ֆուտբոլիստին:  
15.03.2017

Կրիշտիանու Ռոնալդուն նոր ֆիտնես կենտրոն է բացել Մադրիդում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ֆիտնես կենտրոն է բացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: CR7 Crunch Fitness-ի բացմանը 32-ամյա ֆուտբոլիստը ժամանել է իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Պորտուգալացու նոր ֆիտնես կենտրոնը գտնվում է Մադրիդի հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Սյուդադ Լինեալում: Կենտրոնի բացման ընթացքում Ռոնալդուն ներկաների հետ կիսվել է մարմնի խնամքի մի քանի եղանակով: Հիշեցնենք, որ ավելի վաղ պորտուգալացին իր հայրենիքում  բացել էր Pestana CR7 հյուրանոցների ցանցը: Así es el nuevo gimnasio de @Cristiano en Madrid: CR7 Fitness pic.twitter.com/QfrT1qVp0r — Alberto Piñero (@pineroalberto) March 13, 2017
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: