Մերոնք դրսում

30.04.2017

«Շիրակը» դուրս մնաց չեմպիոնական պայքարից, Մանուչարյանը գոլ խփեց, Մկոյանը՝ կարմիր քարտ ստացավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը: Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրը: Առաջատար «Ալաշկերտի» և հետնապահ «Արարատի» մրցավեճում գործող չեմպիոնը հաղթել է 3-1 հաշվով: Էդգար Մկրտչյանի գոլին դաշտի տերերը պատասխանել են Արտակ Եդիգարյանի դուբլով և Զավեն Բադոյանի գոլով: Տուրի կենտրոնական խաղում մրցել են «Գանձասար-Կապանը» և «Շիրակը»: Լուբամբո Մուսոնդայի գոլից հետո գյումրեցիներն առաջ են անցել հաշվի մեջ՝ շնորհիվ Ռումյան Հովսեփյանի (11մ) և Մուսա Փոլ Բակայոկոյի գոլերի, բայց Կլաուդիր Մարինին նախ հավասարեցրել է հաշիվը, ապա Վալմերսոն Գարսիան, օգտվելով Անատոլի Այվազովի կոպիտ սխալից, հաղթանակ է պարգևել կապանցիներին 3-2 հաշվով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ 2-5 հաշվով պարտություն է կրել «Թերեքից»: Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին՝ 87-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2-4: Սա Էդգարի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: «Ուրալը» 11-րդ տեղում է: http://www.vivaronews.am/video/edgar-manucharyaneh-goli-heghinak-e-dardzel-tesanyuth Իրանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Փեյքանը» 2-0 հաշվով առավելության է հասել «Սայպայի» նկատմամբ: Լևոն Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Փեյքանը» 6-րդ հորիզոնականում է: Նույն մրցաշարում «Փադիդեն» հյուրընկալել է «Էսթեղլալին» և զիջել 1-2 հաշվով: Վարազդատ Հարոյանը մնացել է «Փադիդեի» պահեստայինների նստարանին, իսկ «Էսթեղլալից» Հրայր Մկոյանը խաղին մասնակցել է մեկնարկից մինչև 90+3-րդ րոպեն, երբ ստացել է կարմիր քարտ: «Փադիդեն» 11-րդ տեղում է, իսկ «Էսթեղլալը» 2-րդ հորիզոնականում է: Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Կարմիոտիսան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջել է «Էրմիսին»: Դավիթ Մանոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տարոն Ոսկանյանը բաց է թողել խաղը որակազրկման պատճառով: «Կարմիոտիսան» վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում 5-րդ տեղում է: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 34-րդ տուրում «Ենիսեյը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության է մատնել «Ֆակելին»: Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 61-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Ֆակելից» Արթուր Առուստամյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: «Ենիսեյը» եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Ֆակելը» 8-րդ տեղում է: Նույն մրցաշարում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Նալչիկի «Սպարտակի» հետ: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «ԲՄԱ-Խաբարովսկը» եզրափակում է լավագույն քառյակը: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ստալը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Վորսկլայից»: Գոռ Մալաքյանը և Էդգար Մալաքյանը չեն հայտնվել իրենց թիմի հայտացուցակում: «Ստալը» վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում այս պահին 1-2-րդ հորիզոնականներն է կիսում «Վորսկլայի» հետ: Բելգիայի 1-ին դիվիզիոնի 6-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» սեփական հարկի տակ 1-ական գնդակ է փոխանակել «Տյուբիցեի» հետ: Իվան Յագանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «Սերկլ Բրյուգեն» 3-րդ հորիզոնականում է: Ուզբեկստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Կիզիլկումը» հյուրընկալել է «Նասաֆին» և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Կիզիլկումը» 10-րդ տեղում է:
29.04.2017

Էդգար Մանուչարյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր «Ախմատ Արենա», Գրոզնի Ապրիլի 29, 20։00 «Թերեք» 5-2 «Ուրալ» Գոլերը՝ 0-1՝ Պավլյուչենկո 21՛, 1-1՝ Մբենգե 33՛, 2-1՝ Մբենգե 63՛, 3-1՝ Սադաև 67՛, 4-1՝ Լեբեդենկո 83՛, 4-2՝ Մանուչարյան 87՛, 5-2՝ Մոհամադի 90+2՛ Էդգար Մանուչարյանը երկրորդ գնդակն է խփում Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ 26 տուրից հետո «Ուրալը» 29 միավորով 11-րդ տեղում է։ Թիմը դեռ չի ապահովել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում հաջորդ մրցաշրջանի համար։
29.04.2017

Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈՒ»-ի մարզաշապիկ է նվիրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին (լուսանկար)

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկ է նվիրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
28.04.2017

Յուրա Մովսիսյանի հայրենանվեր արարքն ԱՄՆ-ում և «Բանանց-2»-ի գերիշխանությունն Առաջին խմբում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը: Goal.com-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Կազմում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճին (0-0) և փոխարինվել 86-րդ րոպեին: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր թիմակիցների և ակումբի աշխատակիցների համար «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրություն է կազմակերպել: http://www.vivaronews.am/yura-movsisyaneh-xosel-e-xostumeh-filmi-masin-ev-nkaragrel-e-ir-hogu-caveh-tesanyuth Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկ-2»-ը և «Արարատ-2»-ը գրանցել են ոչ-ոքի՝ 2-2: Ռոբերտ Մինասյանի և Արամ Սարգսյանի գոլերին հյուրերից պատասխանել են Հովհաննես Փափազյանը և Սարգիս Մեթոյանը: «Գանձասար-Կապան-2»-ը 2-1 հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ: Ալեն Ստեփանյանի գոլից հետո հյուրերից հաշիվը հավասարեցրել է Առլեն Ծատուրյանը, իսկ կապանցիներին հաղթանակ է պարգևել Արթուր Ադամյանը: «Բանանց-2»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ալաշկերտ-2»-ի դարպասը: Դաշտի տերերին հաղթանակ է պարգևել Էդգար Մովսիսյանի դուբլը: «Բանանց-2»-ն Առաջին խմբի առաջնության առաջատարն է (47 միավոր): Նրան հաջորդում են «Փյունիկ-2»-ը (38 միավոր) և «Արարատ-2»-ը (34 միավոր): Նույնքան՝ 34 միավոր ունի նաև մեկ խաղ պակաս անցկացրած «Գանձասար-Կապան-2»-ը: Ուկրաինայի Մ-21 առաջնության 27-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 0-0 հաշվով է ավարտել «Վորսկլայի» հետ հանդիպումը: Արամ Ադամյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ խաղին: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ը 7-րդ հորիզոնականում է: Ղազախստանի Երկրորդ դիվիզիոնի 4-րդ տուրում «Աստանայի» երիտասարդական թիմը 3-2 հաշվով պարտության է մատնել «Ակտոբեի» հասակակից թիմին: Գևորգ Նաջարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 63-րդ րոպեին: «Աստանայի» երիտասարդական թիմը 14-րդ տեղում է: «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Տոմի» հետ հանդիպումից հետո (3-3) չի մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին, քանի որ վատ ինքնազգացողություն է ունեցել: Բացի այդ, մասնագետը եզրափակիչ սուլոցից հետո ավանդական հարցազրույց չի տվել հեռուստատեսությամբ: Նրա փոխարեն դրանց մասնակցել է «Անժիի» ավագ մարզիչ Դմիտրի Բեզնյակը: Մոլդովայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Զիմբրուն» հյուրընկալվելիս ուժերն է չափել «Դինամո-Ավտոյի» հետ և ջախջախել 4-0 հաշվով: Արտյոմ Խաչատուրովը եղել է մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Այդպիսով, Քիշնևի ակումբը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ:
27.04.2017

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը: Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները մայիսի 9-ին և 11-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնեն՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Կիպրոսի Մ-19 հավաքականին: http://www.vivaronews.am/artak-oseyaneh-phyuniki-9-ev-bananci-10-futbolistneri-hravirel-e-m-19-havakhakan «Ալաշկերտը» 1,5 տարվա նոր պայմանագրեր է ստորագրել թիմի միանգամից 12 ֆուտբոլիստների հետ: Խոսքը Գևորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի մասին է: Թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով: Սակայն հայկական ակումբն անմիջապես հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ո՛չ «Շիրակը», ո՛չ էլ անձամբ Վահանը համաձայն չեն լինի Թուրքիա տեղափոխությանը, եթե նույնիսկ իրականում լինի նման առաջարկ: ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն  «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր է շնորհել «Ալաշկերտին», «Փյունիկին», «Գանձասար-Կապանին», «Բանանցին» և «Արարատին»: «Շիրակ» ակումբին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիրը շնորհվել է պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Ալաշկերտի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանին 2 խաղով որակազրկել «Շիրակի» հետ առաջնության մրցավեճում կարմիր քարտ ստանալու համար, նրա ակումբին տուգանել 50000 դրամով: Իսկ «Բանանցի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը «Փյունիկի» հետ գավաթային խաղում դաշտից հեռացվելու համար որակազրկվել է 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբը՝ տուգանվել 25000 դրամով: Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի առաջնության 3-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Ռուսիչին»: Թիմերը հանդիպումից առաջ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նշենք, որ «Զելինոգրադի» հետ մրցավեճում չհայտավորված ֆուտբոլիստի խաղացնելու համար «Արարատին» այդ խաղում գրանցվել է տեխնիկական պարտություն (0-3): Մոսկվայի «Արարատից» դրա համար հանվել է 6 միավոր: Թիմը մեկնարկային 3 տուրերից հետո -5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը: Հորդանանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ալ-Ջազիրան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ է տոնել «Մանշեյատի» նկատմամբ: Մարտիկ Մարտիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ալ-Ջազիրան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
26.04.2017

Գավաթային կրքեր Գյումրիում և Աղվան Պապիկյանի վնասվածքը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 26-ի իրադարձությունների քրոնիկոնը: Հայտնի է դարձել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակցի անունը: «Շիրակը» Գյումրիում ուժերն է չափել «Գանձասար-Կապանի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Լուբամբո Մուսոնդայի գոլին (11մ) հետևել է Վասպուրակ Մինասյանի ինքնագոլը: Գյումրեցիներն առաջին խաղում հաղթել էին 1-0 հաշվով, ուստի դուրս են եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 10-ին մրցելու են «Փյունիկի» հետ: Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտություն է կրել «Շկենդիա 79»-ից: Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում: «Վարդարը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ըստ Foxsports.com-ի՝ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 1,973 մլն դոլլար: Մովսիսյանը տարեկան եկամտի ցուցանիշով ամերիկյան ՄԼՍ-ում 15-րդ տեղում է, իսկ առաջատար եռյակում են Կական («Օռլանդո Սիթի», 7,168 մլն), Սեբաստիան Ջիովինկոն («Տորոնտո», 7,116 մլն) և Մայքլ Բրեդլին («Տորոնտո», 6,5 մլն): Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Ռոստով» - «Ուֆա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (1-0): Հայազգի կիսապաշտպանը մասնակցել էր ամբողջ մրցավեճին: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Հենրիխ Մխիթարյանը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա մրցավեճում: Նրան կիսապաշտպանության ձախ եզրից կօգնի Անտոնի Մարսիալը, աջից՝ Ջեյսի Լինգարդը, իսկ հարձակվողի դիրքում կգործի Մարկուս Ռեշֆորդը: Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի «Բելհատուվ» ակումբում հանդես եկող Աղվան Պապիկյանը փոխարինվել է թիմի վերջին հանդիպման ընդմիջմանը, քանի որ կրկին ծնկի վնասվածք է ստացել: Հայ կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել ավելի քան 2 շաբաթով: Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Մակեդոնիա ՖԱ»-ն սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Ռենովայից»: Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Մակեդոնիա ՖԱ»-ն 10-րդ հորիզոնականում է:
26.04.2017

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում

Ամերիկյան FoxSport-ը կազմել է MLS-ի 50 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։ Ցանկի 15-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով տարեկան վաստակում է 1,973 մլն դոլար։ Նա իր թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Իսկ MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Կական է՝ 7,168 մլն դոլար։ Բրազիլացուն հետևում են Սեբաստիան Ջիովինկոն, Մայքլ Բրեդլին, Անդրեա Պիրլոն և Դավիդ Վիլյան։
25.04.2017

Գործող գավաթակիրը վայր դրեց զենքերը, Մկոյանը՝ նշեց նորամուտն Ասիայի ՉԼ-ում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը: Հայտնի է դարձել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը: «Փյունիկը» սեփական հարկի տակ «Բանանցին» 2-1 հաշվով հաղթելուց հետո հյուրընկալվելիս կրկին առավելության է հասել՝ այս անգամ նվազագույն հաշվով: Միակ գոլը հեղինակել է Արամ Շախնազարյանը: «Փյունիկի» մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 26-ին՝ «Շիրակ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո (առաջին մրցավեճում գյումրեցիները հաղթել են 1-0 հաշվով): Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Մակեդոնիայի առաջնության 28-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Վարդարի» կիսապաշտպանը, ով հերթական տուրում կրկին դարձել էր գոլի հեղինակ, հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում՝ ստանալով բոլորից բարձր՝ 4 գնահատականը (5 բալանոց համակարգում): Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Էսթեղլալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Ալ-Ահլիի» հետ հանդիպումը: Հրայր Մկոյանը փոխարինման է մտել ավելացված առաջին րոպեին: «Էսթեղլալը» խմբի 2-րդ տեղում է՝ 8-ական միավորով 1-ին հորիզոնականը կիսելով Դուբայի «Ալ-Ահլիի» հետ: Այդպիսով, Մկոյանը դարձել է ՀՀ քաղաքացի 4-րդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Ասիայի Չեմպիոնների լիգայում: Նրան նախորդել էին դարպասապահ Արմենակ Ստեփանյանը, կիսապաշտպաններ Լևոն Ստեփանյանը (երկուսն էլ՝ իրանական «Սեպահան») և Ժորա Հովհաննիսյանը (ուզբեկական «Պախտակոր»): Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»: Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Ուրալը» եզրափակում է լավագույն տասնյակը: Նույն մրցաշարում «Ռոստովը» հյուրընկալել է «Ուֆային» և հաղթանակ տոնել 1-0 հաշվով: Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ուֆայից» Դենիս Թումասյանը և Նիկոլայ Սաֆրոնիդին մնացել են պահեստայինների նստարանին: Իվան Դանիլյանցի գլխավորած «Ռոստովը» 5-րդ տեղում է, իսկ «Ուֆան»՝ 9-րդ: Թուրքիայի երիտասարդական առաջնության 28-րդ տուրում «Բեշիքտաշը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Ադանասպորին» : Արաս Օզբիլիսը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Բեշիքտաշի» երիտասարդական թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Փյունիկ-2» -ը 5-2 հաշվով հաղթել է «Էրեբունիին» : Հյուրերից դուբլ է ձևակերպել Արտակ Գագիկյանը, իսկ փյունիկցիներից հեթ-տրիկ՝ Ռոբերտ Մինասյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Հարություն Միրզախանյանը (ինքնագոլ) և Ռաֆիկ Մելիքյանը: Նույն մրցաշարում «Շիրակ-2» -ն ու «Բանանց-2» -ը գրանցել են արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2: Դաշտի տերերից դուբլ է ձևակերպել Առլեն Ծատուրյանը, իսկ հյուրերից գոլեր են հեղինակել Էդգար Մովսիսյանը և Կարեն Մելքոնյանը: «Արարատ-2»-ի և «Ալաշկերտ-2»-ի մրցավեճում գրանցվել է 0-0 հաշիվը: Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի 25-րդ տուրում «Արսենալ-Կիևշինան» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Կրեմենի» հետ: Թամազ Ավդալյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին: Նա դարձել է գոլի հեղինակ: «Արսենալ-Կիևշինան» ընթանում է 17-րդ տեղում: Էստոնիայի 2-րդ դիվիզիոնի 6-րդ տուրում Թալինի «Արարատը» հյուրընկալվել է «Նարվա Յունայթեդին» և պարտություն կրել 0-4 հաշվով: «Արարատը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Ռուսաստանի Երիտասարդական լիգայի 25-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն հյուրընկալել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» և հաղթել 2-0 հաշվով: Արտյոմ Ավանեսյանը խաղադաշտ է մտել 90-րդ րոպեին, իսկ Նաիր Տիկնիզյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգայի Հյուսիսային գոտու 24-րդ տուրում «Համբուրգը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Հոլշտայն Կիլին» : Երջանիկ Գուբասարյանը փոխարինվել է 60-րդ րոպեին: «Համբուրգ Մ-17»-ը 5-րդ հորիզոնականում է: Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի 35-րդ տուրում «Վիրգենը» մրցել է «Բուպոլսայի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Գագիկ Պողոսյանը խաղադաշտ է մտել 50-րդ րոպեին: «Վիրգենն» ընթանում է 8-րդ հորիզոնականում:
24.04.2017

Հենրիխ Մխիթարյան. «Մութ օր հայոց պատմության էջերում, մտքերս հայրենակիցներիս հետ են»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ապրիլի 24, 1915 թվական. մութ օր հայոց պատմության էջերում: Մտքերս հայրենակիցներիս հետ են: Երբեք չենք մոռանա»:
24.04.2017

Տիգրան Բարսեղյանի գոլը՝ «Սկոպիեի» դարպասը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ է տոնել «Սկոպիեի» նկատմամբ: Հյուրերի կազմում հաշիվը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով եղել է հիմնական կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: Ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը: Այսպիսով, Բարսեղյանը Մակեդոնիայի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում դարձել է 4 գոլի հեղինակ: Նշենք, որ «Վարդարը» գլխավորում է մրցարաշային աղյուսակը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: