Ֆուտբոլ

30.04.2017

«Շիրակը» դուրս մնաց չեմպիոնական պայքարից, Մանուչարյանը գոլ խփեց, Մկոյանը՝ կարմիր քարտ ստացավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը: Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրը: Առաջատար «Ալաշկերտի» և հետնապահ «Արարատի» մրցավեճում գործող չեմպիոնը հաղթել է 3-1 հաշվով: Էդգար Մկրտչյանի գոլին դաշտի տերերը պատասխանել են Արտակ Եդիգարյանի դուբլով և Զավեն Բադոյանի գոլով: Տուրի կենտրոնական խաղում մրցել են «Գանձասար-Կապանը» և «Շիրակը»: Լուբամբո Մուսոնդայի գոլից հետո գյումրեցիներն առաջ են անցել հաշվի մեջ՝ շնորհիվ Ռումյան Հովսեփյանի (11մ) և Մուսա Փոլ Բակայոկոյի գոլերի, բայց Կլաուդիր Մարինին նախ հավասարեցրել է հաշիվը, ապա Վալմերսոն Գարսիան, օգտվելով Անատոլի Այվազովի կոպիտ սխալից, հաղթանակ է պարգևել կապանցիներին 3-2 հաշվով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ 2-5 հաշվով պարտություն է կրել «Թերեքից»: Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին՝ 87-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2-4: Սա Էդգարի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: «Ուրալը» 11-րդ տեղում է: http://www.vivaronews.am/video/edgar-manucharyaneh-goli-heghinak-e-dardzel-tesanyuth Իրանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Փեյքանը» 2-0 հաշվով առավելության է հասել «Սայպայի» նկատմամբ: Լևոն Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Փեյքանը» 6-րդ հորիզոնականում է: Նույն մրցաշարում «Փադիդեն» հյուրընկալել է «Էսթեղլալին» և զիջել 1-2 հաշվով: Վարազդատ Հարոյանը մնացել է «Փադիդեի» պահեստայինների նստարանին, իսկ «Էսթեղլալից» Հրայր Մկոյանը խաղին մասնակցել է մեկնարկից մինչև 90+3-րդ րոպեն, երբ ստացել է կարմիր քարտ: «Փադիդեն» 11-րդ տեղում է, իսկ «Էսթեղլալը» 2-րդ հորիզոնականում է: Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Կարմիոտիսան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջել է «Էրմիսին»: Դավիթ Մանոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տարոն Ոսկանյանը բաց է թողել խաղը որակազրկման պատճառով: «Կարմիոտիսան» վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում 5-րդ տեղում է: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 34-րդ տուրում «Ենիսեյը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության է մատնել «Ֆակելին»: Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 61-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Ֆակելից» Արթուր Առուստամյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: «Ենիսեյը» եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Ֆակելը» 8-րդ տեղում է: Նույն մրցաշարում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Նալչիկի «Սպարտակի» հետ: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «ԲՄԱ-Խաբարովսկը» եզրափակում է լավագույն քառյակը: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ստալը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Վորսկլայից»: Գոռ Մալաքյանը և Էդգար Մալաքյանը չեն հայտնվել իրենց թիմի հայտացուցակում: «Ստալը» վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում այս պահին 1-2-րդ հորիզոնականներն է կիսում «Վորսկլայի» հետ: Բելգիայի 1-ին դիվիզիոնի 6-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» սեփական հարկի տակ 1-ական գնդակ է փոխանակել «Տյուբիցեի» հետ: Իվան Յագանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «Սերկլ Բրյուգեն» 3-րդ հորիզոնականում է: Ուզբեկստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Կիզիլկումը» հյուրընկալել է «Նասաֆին» և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Կիզիլկումը» 10-րդ տեղում է:
30.04.2017

Հազարավոր երկրպագուներ ներխուժում են խաղադաշտ և տոնում իրենց թիմի վերադարձը Լա Լիգա (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ Սեգունդայի հերթական տուրի խաղում Վալենսիա քաղաքը ներկայացնող «Լևանտե» ակումբը 1-0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին» և ապահովել իր վերադարձը Լա Լիգա։ «Լևանտեն» 36 տուրում վաստակել է 77 միավոր՝ 15-ով ավելի, քան մոտակա հետապնդող «Ժիրոնան»։  Բարձրագույն դիվիզիոն վերադարձի համար պայքարում են նաև «Խետաֆեն», «Տեներիֆեն», «Կադիսը», «Ռեալ Օվիեդոն», «Վալյադոլիդը» և մի քանի այլ ակումբներ։ Հիշեցնենք, որ «Լևանտեն» Լա Լիգայից դուրս էր մնացել նախորդ մրցաշրջանում։ Ակումբի վերադարձը Լա Լիգա այնքան է ուրախացրել երկրպագուներին, որ նրանք խաղի ավարտից հետո ներխուժել են խաղադաշտ և տոնել հաջողությունը։
30.04.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Lowry հյուրանոց (լուսանկարներ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ ապրիլի 30-ին, 15։00-ին կընդունի «Սուոնսի Սիթիին»։ Սովորության համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այսօր հավաքվել են Lowry հյուրանոցում՝ նախապատրաստվելու խաղին։ 8 խաղ բացակայելուց հետո այս անգամ թիմակիցներին միացել է նաև Խուան Մատան։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է նրա ներկայությունը մեկնարկային կազմում։ Կադրային խնդիրները Ժոզե Մոուրինյոյին ստիպել են թիմ հրավիրել նաև 20-ամյա կիսապաշտպան Սքոթ Մակթոմինեյին, ով կարող է փոխարինել որակազրկված Մարուան Ֆելայնիին։ Տիմոտի Ֆոսու Մենսան վնասվածք է ստացել, ուստի պաշտպանությունում Էրիկ Բայիին ու Դեյլի Բլինդին կարող է փոխարինել միայն Աքսել Տուանզեբեն։ Հյուրանոց ժամանած կազմը հետևյալն է՝ դե Խեա, Ռոմերո, Պերեյրա, Վալենսիա, Դարմիան, Տուանզեբե, Բայի, Շոու, Քերիկ, Էրերա, Մաքթոմինեյ, Լինգարդ, Յանգ, Մատա, Մխիթարյան, Ռունի, Ռեշֆորդ, Մարսիալ։
30.04.2017

Սուարեսի դուբլը «Բարսելոնային» պահում է չեմպիոնական պայքարում (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 35-րդ տուր RCDE մարզադաշտ, Բարսելոնա Ապրիլի 29, 22։45 «Էսպանյոլ» - «Բարսելոնա» Գոլերը՝ 0-1՝ Սուարես 50՛, 0-2՝ Ռակիտիչ 76՛, 0-3` Սուարես 87՛
30.04.2017

Կիլիան Մբապեն շրջանցում է Ռունիի ռեկորդը ու «Մոնակոյին» մոտեցնում տիտղոսին (տեսանյութ)

Ֆրանսիայի Լիգա 1, 35-րդ տուր «Ստադ Լուի II», Մոնակո Ապրիլի 29, 19։00 «Մոնակո» 3-1 «Թուլուզ» Գոլերը՝ 0-1՝ Տոյվոնեն 46՛, 1-1՝ Գլիկ 49՛, 2-1՝ Մբապե 64՛, 3-1՝ Լեմար 75՛ Կիլիան Մբապեն իր 15-րդ գոլը խփեց Ֆրանսիայի Լիգա 1-ում և դարձավ ռեկորդի հեղինակ։ 18 տարեկան 129 օրական ֆրանսիացին դարձավ 21-րդ դարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով եվրոպական թոփ-5 լիգաներում 15 գոլի հեղինակ է դառնում։ Նա շրջանցել է Ուեյն Ռունիի ռեկորդը, ով նույն ցուցանիշին հասել էր 18 տարեկան 172 օրական հասակում։ «Մոնակոն» 34 խաղից հետո ունի 83 միավոր՝ 3-ով ավելի, քան նույնքան խաղ անցկացրած ՊՍԺ-ն։
29.04.2017

«Ատլետիկոն» խոշոր հաշվով տապալեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 35-րդ տուր «Գրան Կանարիա» մարզադաշտ, Լաս Պալմաս Ապրիլի 29, 20։30 «Լաս Պալմաս» 0-5 «Ատլետիկո Մադրիդ» Գոլերը՝ 0-1՝ Գամեյրո 2՛, 0-2՝ Սաուլ 17՛, 0-3՝ Գամեյրո 18՛, 0-4՝ Պարտի 72՛, 0-5՝ Տորես 90+1՛
29.04.2017

«Ռեալի» չեմպիոնության դեպքում «Մալագան» 1 մլն եվրո կստանա

Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև անհաշտ պայքարը շարունակվելու է, ու չեմպիոնն, ամենայն հավանականությամբ, կորոշվի միայն վերջին տուրում։ Հիշեցնենք, որ մադրիդցիները վերջին տուրում հանդիպելու են «Մալագայի» հետ, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ էր տվել վերջին շրջանում։ Այսօր կրքերը ավելի են թեժացել՝ նոր բացահայտումից հետո։ Իսպանական AS-ը պարզել է, որ Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի չեմպիոն դառնալու դեպքում «Մալագան» կստանա 1 մլն եվրո։ Բանն այն է, որ 2013թ. Իսկոյին ձեռք բերելիս «Արքայական» ակումբը պայմանագրում պարտավորվել էր 1մլն եվրո վճարել «Մալագային» ամեն անգամ, երբ ֆուտբոլիստը «Ռեալի» հետ հաղթի Լա Լիգան։ Առաջին անգամ պայմանագրի այդ կետը կարող է աշխատել։ Այսպիսով, «Մալագային» ոչ մի կերպ ձեռնտու չէ «Ռեալին» չեմպիոնական տիտղոսից զրկելը։ http://www.vivaronews.am/malagayi-sephakanater-kataloniayi-takankhnereh-chen-zga-chempionuthyan-hameh
29.04.2017

Էդգար Մանուչարյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր «Ախմատ Արենա», Գրոզնի Ապրիլի 29, 20։00 «Թերեք» 5-2 «Ուրալ» Գոլերը՝ 0-1՝ Պավլյուչենկո 21՛, 1-1՝ Մբենգե 33՛, 2-1՝ Մբենգե 63՛, 3-1՝ Սադաև 67՛, 4-1՝ Լեբեդենկո 83՛, 4-2՝ Մանուչարյան 87՛, 5-2՝ Մոհամադի 90+2՛ Էդգար Մանուչարյանը երկրորդ գնդակն է խփում Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ 26 տուրից հետո «Ուրալը» 29 միավորով 11-րդ տեղում է։ Թիմը դեռ չի ապահովել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում հաջորդ մրցաշրջանի համար։
29.04.2017

«Բավարիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին» և դարձավ Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգա, 31-րդ տուր «Ֆոլկսվագեն արենա» մարզադաշտ, Վոլֆսբուրգ Ապրիլի 29, 20։30 «Վոլֆսբուրգ» 0-6 «Բավարիա» Գոլերը՝ 0-1՝ Ալաբա 19՛, 0-2՝ Լևանդովսկի 36՛, 0-3՝ Լևանդովսկի 45՛, 0-4՝ Ռոբեն 66՛, 0-5՝ Մյուլեր 80՛, 0-6՝ Կիմիխ 85՛ «Բավարիան» այս խաղից հետո անհասանելի դարձավ մրցակիցների համար և ժամանակից շուտ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Մյունխենցիները 27-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ լավագույնն են Բունդեսլիգայում։ Միաժամանակ, Կառլո Անչելոտիի սաների համար այսքանով մրցաշրջանն ավարտված է, քանի որ մյուս մրցաշարերում նրանք պայքարից դուրս են մնացել։
29.04.2017

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (2-3) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը. -Ցավալի է նման խաղում պարտվելը: Պետք է խոստովանել, որ սա մեր թիմի լավագույն խաղն էր 2017 թվականին: Ցավոք, ունենալով բազմաթիվ գոլային պահեր, խաղավերջում էլ բաց թողնելով գոլ, պարտվեցինք: Մրցաշարային աղյուսակը հուշում էր, որ այսօր կողմերից ոչ մեկին ձեռնտու չէր ոչ-ոքին: Մեզ բավարարող արդյունքը միայն հաղթանակն էր: Տղաներն արեցին ամեն ինչ դրա համար: Ամեն դեպքում, խաղի որակը բավարարեց: Մրցակիցը հաղթական գոլը խփեց Անատոլի Այվազովի կոպիտ սխալից հետո: Նրա հետ զրո՞ւցել եք հանդիպումից հետո, ի՞նչ հոգեբանական վիճակում է նա:  -Նա շատ լուրջ տղա է, շատ ծանր է տանում: Թե՛ խաղացողները, թե՛ մարզչական շտաբը մոտեցան նրան ու քաջալերեցին: Այդ տղան ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմին իր հետևից տարել է, շատ է փրկել: Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են: Նա մտածելու ոչինչ չունի: Բնական է, իր սխալից վատ է զգում, բայց մենք դրան բացարձակ ուշադրություն չենք դարձնում: Չլիներ նա, կարող էր լինել մեկ ուրիշը: Ընդամենը երեք օր առաջ էիք գավաթային ծանր հանդիպում անցկացրել նույն «Գանձասար-Կապանի» հետ, բայց «Շիրակն» այսօր բավականին թարմ տեսք ուներ: Ինչի՞ շնորհիվ այդպես ստացվեց:  -Հիմնական կազմում 6 փոփոխություն էինք կատարել: Եվ հետո, մենք մեր նվազագույն առաջադրանքն արդեն կատարել ենք, հոգեբանական լարվածությունը մի կողմում է մնացել: Նման կարևորության խաղեր առաջնությունում շատ չեն լինում, և ֆուտբոլիստներն այդ դեպքում մոռանում են հոգնածության մասին: Եթե մարզիչը վստահել է ֆուտբոլիստին, նա պետք է արդարացնի իրեն: Կարծում եմ՝ այսօր թե՛ ռոտացիան, թե՛ տղաների տրամադրվածությունը բերեցին նրան, որ բոլորը մեկ մարդու պես չարչարվեցին, բայց չստացվեց հաղթել: Առաջատարից միավորների տարբերությունը դարձավ 8 միավոր: Դեռ 5 խաղ ունենք, և կան տեսական շանսեր: Մեր առաջադրանքն անփոփոխ է՝ ամեն հաջորդ խաղում մտնելու ենք դաշտ հաղթանակի հասնելու համար: Կարելի՞ է ասել, որ Ձեր թիմի համար գլխավոր խնդիրը գավաթի խաղարկությունում հաղթանակն է:  -Չեմ կարծում, որովհետև անկախ նրանից՝ գավաթի խաղարկություն է, թե առաջնություն, անկախ նրանից՝ ինչ հարցեր ենք լուծում մեր խաղով, ֆուտբոլիստները պարտավոր են 100%-ով նվիրվելու հանդիպումներին: Հաղթանակի ձգտումը պետք է միշտ երևա: Սա առաջնության լավագույն հանդիպումներից մեկն էր: Դա կարելի՞ է կապել նրա հետ, որ այն կայանում էր «Հանրապետական» մարզադաշտում, որի պայմանները շատ լավն են:  -Անխոս: Մենք ամբողջ տարին դրա վրա էլ աշխատում ենք, որպեսզի կարողանանք համակարգված դաշտում ֆուտբոլ խաղալ: Առաջնայինը հենց խաղադաշտի որակն է: Բայց մեկ բան էլ կա: Այսօր կային ֆուտբոլիստներ, ովքեր մեր՝ Թուրքիայում ուսումնամարզական հավաքի կեսերին վնասվածքներ էին ստացել և երկար ժամանակ բաց թողել: Խաղ-խաղի վրա ժամանակ է անցնում, ֆունկցիոնալ վիճակը կարծես տեղն է գալիս: Այսօր ոչ միայն թիմի լավագույն խաղն էր, այլև կարելի է առանձնացնել անհատների՝ Նվաբուեզեին, Կաինային, Բակայոկոյին: Նրանք այս որակի խաղ դեռ չէին ցուցադրել: Նրանցից յուրաքանչյուրը 40 օր էր բաց թողել: Եթե հնարավոր լիներ 40 օրվա բաց թողածը 5 կամ 10 մարզումով հետ բերել, շատ ավելի հեշտ կլիներ, բայց դա այդպես չէ: Այդուհանդերձ, այս կարևոր խաղում ունեցանք միավորների կորուստ, որը մեզ դրեց ծանր իրավիճակի մեջ: Աֆրիկացի ֆուտբոլիստների հետ աշխատանքը կարծես այս թիմի «ճակատագիրն» է...  Դե, ինչ կարող ենք անել... Հուսանք՝ մի քանի տարի հետո կկարողանանք այդ բացը լրացնել: http://www.vivaronews.am/ashot-barseghyan-aysor-mer-baxteh-berec-futbolum-da-shat-ban-e-nshanakum http://www.vivaronews.am/gandzasar-kapan-shirak%D5%9D-3-2-ayvazovi-kopit-sxaleh-haghthanak-pargevec-kapancinerin-tesanyuth
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: