ՖԱՖ. «Ստիպված տեղափոխվում ենք հյուսիսային տրիբունա»

Այսօր Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ /First Armenian Front/ շարժման ղեկավար կազմի անդամները հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբանեցին Հայաստան – Բելառուս խաղի տոմսերի ձեռքբերման հետ կապված վերջին զարգացումները և պատասխանեցին լրագրողների այլ հարցերին:

«Տոմսերի վաճառքի դուրս գալու առաջին իսկ օրվանից խնդիրներ առաջ եկան: Արհեստականորեն խոչընդոտվեց մեր մուտքը մարզադաշտ, որպեսզի պահանջատեր երկրպագուների մեծ խումբը չկարողանա մուտք գործել մարզադաշտ: Ողջ հարավային տրիբունան արգելափակված էր, իսկ հետագայում հայտարարվեց, որ հարավային տրիբունայի մեծ մասը ամրագրված է: Միայն լրագրողների աջակցությամբ կարողացանք ձեռք բերել տոմսեր հյուսիսային տրիբունայում:

Այն տեղերը, որոնք մենք զբաղեցրել ենք 4 տարի, այլևս տոմս ձեռք բերել հնարավոր չէ: Չնայած երկրպագուների կոչին՝ մենք չենք գնա Հայաստանի հավաքականի խաղի բոյկոտմանը, քանի որ մենք միշտ հավաքականի կողքին ենք եղել:

Ստիպված տեղափոխվում ենք հյուսիսային տրիբունայի երկրորդ սեկցիա: Կոչ ենք անում բոլոր ազատամիտ երկրպագուներին միանալ մեզ այնտեղ: Հարցը տրիբունայի մեջ չէ: Մենք մի անգամ տեղափոխվել ենք հարավային տրիբունա ու այն դարձրել ֆանատական, հիմա էլ հյուսիսայինը կդարձնենք»,-նշեց Սերգեյ Ջանջոյանը:

Շարժման անդամները հայտարարեցին, որ նրանց թույլ չի տրվել նաև մուտք գործել մարզադաշտ՝ Ռոման Բերեզովսկուն նվիրված երկրպագուական ակցիայի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, նրանք նախատեսում են հրաժեշտի միջոցառումներ թե՛ Բերեզովսկու, թե՛ Ռոբերտ Արզումանյանի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ