ԶԼՄ-ների միջեւ շախմատի 2-րդ առաջնությունը ավարտվեց

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց  ԶԼՄ-ների միջև  երկրորդ շախմատային առաջնությունը: Երկրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց “Գոլոս Արմենիի” սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6.5 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր դարձյալ “Գոլոս Արմենիի” թերթի ներկայացուցիչը` Ռուբեն Մարգարյանը, իսկ երրորդը` “Ֆուտբոլ+” թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

Մրցաշարին մասնակցում էին 24 լրագրող տարբեր լրատվամիջոցներից եւ այն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:

Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը, ինչը, ակընհայտ, հաջողվեց: Անցած տարվա համեմատ ԶԼՄ-ների շախմատի մրցաշարի մասնակիցների թիվը կրկնապատկվել է` եթե 2015 թվականին էր 12, ապա այս տարի արդեն` 24 հոգի:

Մրցաշարի ավարտին մրցանակներ հանձնեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Վիվառո» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Տիգրան Ավետիսյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը:

1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով եւ գումարային մրցանակներով, իսկ 4-5 տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան նվերներ: Մրցանակների արժանանան նաեւ 3 անվանակարգով աչքի ընկած մասնակիցները` ամենաարագ հաղթանակի համար` “Արմենպրեսս” լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ամենագեղեցիկ պարտիայի համար` մրցաշարի միակ կին-մասնակիցը vivaronews.am կայքի աշխատակից Անի Հակոբյանը եւ կամքի ուժ դրսեւորելու համար` “Կենտրոն” հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Բաղդասար Մհերյանը:

Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորներն էին` «Վիվառո» (գլխավոր հովանավոր) ընկերությունը, Հայաստանի Շախմատի Ակադեմիան, “Մեգա Սպորտ” խանութը եւ “Սիլ Մաազա” ընկերությունը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ