Ըմբշամարտի ԵԱԱ. Մալխաս Ամոյանը բրոնզի համար կպայքարի ադրբեջանցի ըմբիշի դեմ

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվող ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում այսօր ելույթ ունեցող երեք հայ մարզիկներն էլ պարտություն կրեցին:

Մինչև 55 կգ քաշային Էդգար Թամազյանը, 1/8 եզրափակչում հաղթահարելով թուրք ըմբիշի արգելքը, քառորդ եզրափակչում ժամանակից շուտ 8-0 հաշվով պարտություն կրեց Ղրղզստանի ներկայացուցիչ Նուզուրբեկ Տոպչուբաևից: Վերջինս չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Թամազյանը վերջնականապես լքում է պայքարը:

Մինչև 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում հանդիպեց ղազախ Կահարման Կիսիմետովին, ու չնայած առաջին մրցափուլում ունեցած առավելությանը՝ պարտվեց 6-1 հաշվով: Բարեբախտաբար, ղազախ մարզիկին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը ժամանակից շուտ 10-0 հաշվով ջախջախեց բուլղարացի Դեյվիդ Դիմիտրովին և բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի դեմ:

1/8 եզրափակչում պարտություն կրած գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտերում նախ 8-0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել կանադացի Նոլան Տերանսին, իսկ ապա 5-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Վասիլ Վելիչկոյին: Բրոնզի համար Խաչատրյանը գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Իզմայլովի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ