Ըմբշամարտի ՊԱԱ. Երեք հայ մարզիկներ կպայքարեն բրոնզե մեդալի համար

Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը: Այսօր գորգ դուրս եկան 5 հայ մարզիկներ:

Մինչև 42 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը որակավորման փուլում 4-2 հաշվով պարտության մատնեց բելառուս Ալիաքսանդր Նիախոդային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այստեղ հայ մարզիկը 5-2 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Կուզկոյին: Սփոփիչ առաջին գոտեմարտում Ասատրյանը 1-0 հաշվով հաղթահարեց ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Չամբալի արգելքը ու բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Զաուր Ալիևի հետ:

Մինչև 46 կգ քաշային կարգում Աշոտ Մխիթարյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող Մոշա Շվարցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ հայ ըմբիշը 1-3 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադ Մեհրաբիին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Մինչև 69 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 2-0 հաշվով հաղթեց հայազգի Ալեքսանդր Մարգարյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը: 1/8 եզրափակչում Ամոյանը 8-2 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 4-0 հաշվով պայքարից դուրս թողեց ճապոնացի Գակույո Տագուչիին ու 3-րդ տեղի համար կմրցի բելառուս Արտյոմ Վալասկովիչի հետ:

Մինչև 76 կգ քաշային կարգում Վահե Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 8-0 հաշվով պարտվեց ռուս Ալեքսանդր Կոմարովին: Ցավոք, Պողոսյանը չօգտագործեց նաև սփոփիչ գոտեմարտի հնարավորությունը՝ 4-2 հաշվով զիջելով իրանցի Հոսեին Ֆորուզանդե Ղոջեհբեյգլուին:

Մինչև 85 կգ քաշային կարգում Հակոբ Բաղդասարյանը շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալու, սակայն կիսաեզրափակչում 2-1 հաշվով պարտվեց ավստրացի Մարկուս Ռագինգերին: Մինչ այդ նա 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել էր Բրանդոն Ուիտմանին, ապա 4-0 հաշվով պայքարից դուրս թողել ռուս Ստանիսլավ Պսեունովին: Բրոնզե մեդալի համար Բաղդասարյանը կպայքարի ադրբեջանցի Թեհրան Ամինզադեի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ