Ըմբշամարտի ՊԱԱ. Հրաչյա Պողոսյանը նվաճել է բրոնզե մեդալ

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը: Առաջին խաղային օրը պայքարի մեջ էին մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գրիգորյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ պարտվել է հնդիկ Վիջայ Վիջային ու լքել հետագա պայքարը:

Մինչև 54 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակ տարավ լեհ Ֆիլիպ Կարոլ Պետրոնչժակի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 6-2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անար Մանսուրովին:

Մինչև 58 կգ քաշային Տիգրան Մինասյանը մեկնարկային գոտեմարտում 8-0 հաշվով ժամանակից շուտ պայքարից դուրս թողեց բելառուս Էլդար Հասանաուին, ապա 1/8 եզրափակչում կրկին շատ վստահ հաղթեց բուլղար Նիկալաս Պետրովին: Ցավոք, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 12-1 հաշվով զիջեց ռուս Աբդուլվախաբ Ասաինովին:

Մինչև 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը նախ որակավորման փուլում ջախջախեց ադրբեջանցի Ջավիդ Միրալաևին 8-0 հաշվով, ապա 1/8 եզրափակչում կրկին ժամանակից շուտ ձեռնունայն թողեց ուկրաինացի Վասիլ Պանասյուկին: Քառորդ եզրափակչում Պողոսյանը 1-2 հաշվով զիջեց իրանցի Յուսեֆ Հաջիալի Հուսեյնվանդ Ֆաթիին, սակայն քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, հայ մարզիկը մասնակցեց սփոփիչ գոտեմարտի: Այստեղ, կրկին 8-0 հաշվով հաղթանակ տանելով պորտուգալացի Դանիել Ժոաո դե Մաթոս Օլիվեյրայի նկատմամբ, իսկ ապա 5-3 հաշվով հաղթելով ճապոնացի Ռյոմա Անրակուին, Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ