Էդգար Մանուչարյան.«Ղազարյանի, Մովսիսյանի ու Կասպարովի բացակայությունը կորուստ է մեզ համար»

Հայաստանի հավաքականի մարզական հավաքի առաջին օրվա ավարտին Էդգար Մանուչարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

-Տեղյա՞կ եք ՖԱՖ-ՀՖՖ «հակամարտության» մասին:

-Ոչ, տեղյակ չեմ: Իհարկե, կցանկանայինք, որ մեր երկրպագուները միշտ մեր կողքին լինեին: Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ խնդիր կա, որովհետև դա իմ խնդիրը չէ: Իսկ ինչ վերաբերում է երկրպագուներին, մենք միշտ ուրախ ենք, որ նրանք մեր կողքին են:

-Բերեզովսկին այլևս չի պաշտպանելու Հայաստանի հավաքականի դարպասը: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

-Ուշ դե շուտ դա լինելու էր: Նա երկար տարիներ բարձր մակարդակով պաշտպանում էր Հայաստանի հավաքականի դարպասը: Ամենակարևորը` գլուխը բարձր է հեռանում հավաքականից, շատ քչերն են այդպես հեռանում: Ցանկանում ենք նրան առաջին հերթին առողջություն, որ ինչքան հնարավոր է` մեզ հետ լինի և պատանի ֆուտբոլիստներին ճիշտ ուղղություն ցույց տա:

-Մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում` Յուրա Մովսիսյանը, Գևորգ Կասպարովը և Գևորգ Ղազարյանը չեն հրավիրվել Հայաստանի հավաքական, դրա մասին ի՞նչ կասեք:

-Դա կարելի է մարզչին հարցնել: Իհարկե, դա կորուստ է մեզ համար, նրանք միշտ մեր կողքին են եղել թե ծանր, թե ուրախ պահերին: Բայց մենք պետք է լրացնենք նրանց տեղը: Իհարկե, նրանց կարիքը անպայման կզգանք, բայց ինչ արած` ֆուտբոլ է:

-Ըստ Ձեզ հետագայում նրանք կհրավիրվե՞ն:

-Ես մարզիչը չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել:

-Առաջին մարզումը անցկացրեցիք նոր մարզչի ղեկավարությամբ, ինչպիսի՞ն են տպավորությունները: Ի՞նչ սպասելիքներ կան նոր ընտրական մրցաշարից:

-Տպավորությունները լավն էին: Բոլորն էլ գիտեն, որ Վարուժան Սուքիասյանը փորձառու մասնագետ է: Ընտրական փուլին դեռ ժամանակ կա, բայց ընկերական խաղերից ելնելով` արդեն պարզ կլինի, թե մենք ինչքանով պատրաստ կլինենք ընտրական խաղերին: Իհարկե, ընկերական խաղերն էլ իրանց տեղն ունեն: Պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք ու նոր փուլին մոտենանք լավ մարզավիճակում:

-Հավաքականի նորեկների մասին ի՞նչ կասեք:

-Դեռ չենք հասցրել միասին շատ մարզվել: Բայց եթե հրավիրվել են, ուրեմն արժանի են: Խաղից հետո ավելի պարզ կլինի, թե ինչպես կդրսևորեն իրենց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ