Էդգար Մալաքյան. «Կարևոր է որակապես լավ պատրաստվել մրցաշրջանին»

«Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին:

-Էդգա՛ր, «Ստալն» այսօր ոչ-ոքի խաղաց Սլովենիայի 8-րդ թիմի հետ. ի՞նչ տպավորություն թողեց խաղը քեզ վրա առաջին խաղակեսում պահեստայինների նստարանին և երկրորդ կեսում խաղադաշտում.

-Ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչ արդյունք է գրանցվել խաղում: Կարևորն այն է, որ որակապես լավ պատրաստվենք մրցաշրջանին, թիմային խաղ կառուցենք: Հետզհետե մենք ավելի ու ավելի լավ ցուցանիշներ ենք գրանցում և մինչև մրցաշրջանի մեկնարկն ամբողջովին պատրաստ կլինենք:

-Առաջին խաղակեսում Էրիկ վան դեր Մեյերը Գոռ Մալաքյանին հանդես էր բերում հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ երբ դու խաղադաշտ դուրս եկար, թիմի դասավորությունը նախկին տեսքն ստացավ. ի՞նչ կասես այս մասին.

-Դասավորությունն ընտրում է մարզիչը: Այս ընթացքում տակտիկական տարբեր մոտեցումներ են կիրառվում, որպեսզի թիմը պատրաստ լինի դիրքային տարբեր խաղերի, օրինակ՝ երկու հենակետայինով խաղալուն: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ապա երկրորդ կեսում մենք ավելի լավ խաղացինք:

-Վնասվածքը դեռ անհանգստացնո՞ւմ է.

-«Վորսկլայի» դեմ խաղից հետո՝ 10-12 օր, ես մեջքի ցավեր ունեի: Հիմա լավ եմ զգում: Օր օրի մարզավիճակ կհավաքեմ, որպեսզի մրցաշրջանին պատրաստ լինեմ ամբողջովին:

-Խաղավերջում շատ վտանգավոր հարված ստացվեց, երբ գնդակն ուղարկեցիր դարպասի հեռավոր անկյունը. միտումնավո՞ր այդտեղ հարվածեցիր.

-Այո՛, գիտակցաբար. ուզում էի հենց այդտեղ հարվածել:

-Կարելի՞ է ասել, որ Լազիչի հեռանալուց հետո թիմը պաշտպանությունից հարձակման անցնելիս խնդիրներ ունի.

-Լազիչը շատ ուժեղ և կարևոր ֆուտբոլիստ էր թիմի համար: Նրա մասնակցությամբ էր մշակվում «Ստալի» գրեթե բոլոր հարձակվողական գործողությունները: Նրա հեռանալուց հետո, իհարկե, թիմում առաջացան խնդիրներ: Սակայն Ջորջեի որոշումը պետք է հարգել: Ես նրան լավագույնն եմ ցանկանում: Լազիչի հեռանալու հետևանքները չտեսնելու համար պետք է թիմն ամրապնդվի:

-Մի քանի խոսք Ավստրիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի մասին.

-Ի՞նչ կարող եմ ասել… Լավ հյուրանոց, հիանալի սնունդ. կարճ ասած՝ ամեն ինչ բարձր մակարդակով: Մեզ համար ամեն ինչ ապահովված էր ուսումնամարզական լավ հավաք անցկացնելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ