«Դինամո Թբիլիսի» 2-0 «Ալաշկերտ». Խաշմանյանի թիմին Երևանում շատ բարդ խնդիր է սպասվում

  • Չեմպիոնների լիգա, որակավորման 2-րդ փուլ
  • «Դինամո Արենա» մարզադաշտ, Թբիլիսի
  • Հուլիսի 12, 21:00
  • «Դինամո Թբիլիսի» 2–0 «Ալաշկերտ»
  • Գոլեր` 1-0` Կիտեիշվիլի 55′, 2-0` Կվիլիտայա 69′ 11մ

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպումը մեկնարկեց: «Դինամոն» բավականին լուրջ աջակցություն ունի իր ֆան-ակումբի կողմից, սակայն ընդհանուր առմամբ մարզադաշտը նույնիսկ կիսով չափ լցված չէ, մոտ 5000 հանդիսական: Լսելի են նաև հայ երկրպագուները, ովքեր տեղակայված են հյուսիսային տրիբունայում:

5’ Վտանգավոր տուգանային նշանակվեց «Ալաշկերտի» դարպասին: Էլ ավելի վտանգավոր ստացվեց դրա իրացումը: Վրացական թիմի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի հարվածը շոշափեց ցանցի կողային մասը:

10’ Խաղն առայժմ ընթանում է տանտերերի առավելությամբ: Լուրջ պահերի բանը դեռ չի հասել, բայց «Ալաշկերտի» տուգանայինին մոտենալու հարցում նրանք կարծես թե խնդիրներ չունեն:

15’ Ժամանակն է, որ «Ալաշկերտը» սկսի կենտրոնում ինչ-որ բան ձեռնարկել: Մրցակցի ակտիվությունը,  վերջիվերջո, կարող է վերածվել առավելության:

20′ Վտանգավոր երկու հարվածներ եղան Գևորգ Կասպարովի դարպասին:  Բացի մրցակցից, մեր թիմին սկսեցին ճնշել նաև տրիբունաները:

25′ «Դինամոյի» ֆուտբոլիստներից մեկի վնասվածքը բավականին ժամանակ տվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հանգիստ շունչ քաշելու ու սկսելու ինչ-որ բան ձեռնարկել: Այդպես էլ եղավ: Հաջորդող մի քանի րոպեն անցավ հայկական թիմի առավելությամբ, ու անմիջապես լսվեց «Ալաշկերտ, հուպ տուր» բացականչությունը: Ցավոք բանը հարվածի չհասավ:

30′ Մրցակցի հակագրոհը կանխելիս խաղի առաջին դեղին քարտը ստացավ Վահագն Մինասյանը: Խաղը բավականին աշխուժացավ, գնդակի տեղաշարժը մի դարպասից մյուսը արագացավ:

35′ Կրկին փոխադարձ գրոհներ, բավականին արագ տեմպ:

40′ Գևորգ Պողոսյանը երկրորդ դեղին քարտը ստացավ հայկական թիմի կազմում, մրցակիցն առայժմ առանց զգուշացումների է: Խաղը կենտրոնացել է հիմնականում դաշտի կենտրոնում, վտանգավոր պահերը սակավ են:

45′ Խաղակեսի վերջնամասում տանտերերը կրկին փորձեցին ճնշում գործադրել, բայց անօգուտ: Թիմերը գնացին ընդմիջման առանց գոլերի:

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ

Ընդմիջմանը «Ալաշկերտի» կազմում Ալեքսանդր Տաշինին փոխարինել է Արամ Բարեղամյանը:

50’ Երկրորդ կեսում արդեն կարելի է նկատել, որ երկրպագուների թիվը բավականին աճել է, 15000-ից ավելի: Խաղակեսը սկսվեց տանտերերի հարձակվողի հերթական վնասվածքով, իսկ ապա «Ալաշկերտին» հաջողվեց առաջին հարվածը կատարել դեպի դարպասը: Բացի այդ, մրցակից կազմում Ուչա Լոբզանիձեին փոխարինեց Օթար Կիտեիշվիլին:

55′ Խաղի ամենավտանգավոր պահը: Մրցակցի ֆուտբոլիստը եզրից կատարված փոխանցումից հետո ազատ հարվածելու հնարավորություն ստացավ, բայց Կասպարովը անհավանական սեյվ կատարեց:

56′ ԳՈԼ: Փոխարինման դուրս եկավ Օթար Կիտեիշվիլին բացեց հաշիվը տուգանայինի մատույցներից դեպի հեռավոր անկյունը կատարած հարվածով:

60′ «Դինամոն» խփած գոլից հետո շարունակում է ճնշումը: Խաշմանյանը ակտիվացել է տեխնիկական գոտում, բայց երևի ժամանակն է ավելի լուրջ միջամտել խաղին:

65′ Խաշմանյանը պայքարի նետեց Արթուր Եդիգարյանին, ով փոխարինեց Անտոն Սավինին:

70′ 2-0: Մրցակիցը վաստակեց 11 մետրանոց, որն անսխալ իրացրեց Գեորգի Կվիլիտայան:

75′ «Ալաշկերտի» կազմում հերթական զգուշացումը ստացավ Արամ Բարեղամյանը: Ընդ որում, նա հազիվ հասցրեց խախտումն անել մինչև տուգանային հասնելը: Մրցակցի խաղարկումը ավարտվեց հարվածով, սակայն պաշտպանները փակեցին ճանապարհը: ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ գրոհը «Ալաշկերտի» կատարմամբ, Արտակ Գրիգորյանը լավ դիրքից հարվածեց, սակայն մրցակցի պաշտպանից անդրադառնալով գնդակը դիպավ դարպասաձողին:

80′ Գիորգի Պապունաշվիլին փոխարինեց 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձած Գիորգի Կվիլիտայան: Գևորգ Կասպարովը ևս 2 անհավանական սեյվ կատարեց, մինչև «Ալաշկերտի» պաշտպանությանը հաջողվեց հաղթահարել խուճապը:

85’ «Ալաշկերտի» կազմում փոխարինման մտավ նորեկ Սամվել Մելքոնյանը, ով փոխարինեց Նորայր Գյոզալյանին: Մրցակցի կազմում էլ Դվալիշվիլիին փոխարինեց Մաթիաս Կուրորը:

90′ «Ալաշկերտը» ևս մեկ շատ իրական պահ ստեղծեց, սակայն Արտակ Գրիգորյանի գլխով հարվածը մի փոքր շեղ էր:

Վերջ, հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: «Ալաշկերտին» Երևանում շատ բարդ փորձություն է սպասվում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ