Ֆելլինի. «Քաղցր կյանք»

Բարձրարվեստ կինո
Կանն 2017. Ո՞վ կտանի տուն 70-րդ «Ոսկե արմավենին»՝ շուտով կիմանանք: Բայց սպասելու փոխարեն եկեք տեսնենք, թե որո՞նք են Կաննի ողջ պատմության ընթացքում «Արմավենի շահած լավագույն ֆիլմերը:

Սկսենք Ֆելլինիի լավագույն ֆիլմերից մեկով, որը 1960 թ. Կաննում լավագույնն է ճանաչվել:

ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ  /La Dolce Vita/ 1959

La Dolce Vita

Դարակեսի բարձր խավի կյանքն է «Քաղցր կյանքը», փայլունի, գեղեցիկի, շքեղի, փառքի ու հայտնիության տվածն ու խլածն է «Քաղցր կյանքը»: Մարդու հոգեբանական սպառման, հոգու միայնության պատճառներն ու հետևանքներն են «Քաղցր կյանքը»:

Ֆիլմում գլխավոր դերը խաղում է Մարչելո Մաստրոյանին՝ Ֆելինիի սիրելի դերասանն ու մտերիմ ընկերը. «Ես և Մարչելոն մի ամբողջություն ենք», – ասում է Ֆելինին: Ֆիլմում գլխավոր հերոսի անունն էլ Մարչելո է. գրող, լրագրող, ով հոգևոր և ստեղծագործական ճգնաժամ է ապրում, ով կանգնած է ընտրության առաջ՝ գրականությո՞ւն գրել, որը պահանջում է երկար աշխատանք, մեծ ջանքեր և քիչ եկամուտներ ու հայտնիություն, թե՞ լրագրությունն ընտրել, որ «քաղցր կյանքի» դուռն է:

Նա խճճվել է ինքն իր մեջ, չի կարողանում կողմնորոշվել՝ ի՞նչ է ուզում կյանքից, ո՞րն է իր տեղը, ի՞նչն է իրենը: Նա անդադար փնտրում է և անդադար տանջվում: Մարչելոն իր հոգու քաոսի պատճառները փնտրում է իրենից դուրս՝ այլոց ու տարբեր հարաբերությունների մեջ: Այդ պատճառով էլ չի գտնում ճիշտ ուղին, շուտ է հանձնվում, դադարում է պայքարել-փնտրել, տրվում է քաղցր կյանքի դատարկ ու դատարկող, անիմաստ ու իմաստազրկող հմայքներին: Նա դավաճանում է ինքն իրեն, իր կոչմանը: Այդպես է ավարտվում ֆիլմը, այդպիսի եզրակացության է հանգում Ֆելինին:

La-Dolce-vita-1600x900-3-1600x900-c-default

Իտալացի մեծն ռեժիսորը շատ կարևոր հետք է թողել կինոյի պատմության մեջ. նա մի ամբողջ դարաշրջան է բացել իր ֆիլմերով: Եվ եթե դեռ չեք դիտել նրա այս ֆիլմը, ապա շտապե՜ք. գեղեցիկ, բարձրաճաշակ, նուրբ և ռետրո տրամադրություն ապահովող ֆիլմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ