Շախմատ

29.03.2017

Վլադիմիր Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրն այնքան էլ հաջող չէր հայ շախմատիստների համար, որոնցից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել: Առավել հաջող հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսոդլոյի հետ: Փորձառու գրոսմայստերը վաստակած 4,5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Հակոբյանը մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող հնդիկ շախմատիստ Բաշկարան Ադհիբանին և ուկրաինացի Մարտին Կրավցիվին: Ուզբեկ Նոդիրբեկ Յակուբբոևի հետ մրցախաղում Գաբրիել Սարգսյանն էլ հաշտություն կնքեց: Գաբրիելը վաստակած 4 միավորով ընթանում է 34-րդ տեղում: Նշենք, որ մեր երկու գրոսմայստերներն էլ առայժմ անպարտելի են: Իսկ ահա Էդուարդ Հակոբյանը, ով նախորդ երկու տուրերում հաղթանակներ էր տարել ու զգալիորեն բարելավել էր մրցաշարային վիճակը, պարտվեց հնդիկ Սաուրաբ Անանդին: Պատանի շախմատիստը 3 միավորով 108-րդ տեղում է:
27.03.2017

Հայ շախմատիստների հաղթական օրը

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրը հաղթական էր հայ շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը սիրիացի Հիշամ Ալ Յաղշին էր: Հակոբյանը 3,5 միավորով 6-րդ հորիզոնականում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում 5 առաջատարներին: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանի որդին՝ Էդուարդն առաջին հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով հնդիկ շախմատիստուհի Ռութ Պադմինիին: Պատանի շախմատիստը 2 միավորով 126-րդ տեղում է: Իր օգտին հաղթական միավոր գրանցեց նաև Գաբրիել Սարգսյանը՝ սակայն առանց խաղի: Նրա մրցակից Ժուանե Ռովեն չներկայացավ հանդիպմանը: Գաբրիելը  3 միավորով 22-րդ տեղում է:
25.03.2017

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրը հաջող էր Հայաստանի 3 ներկայացուցիչների  համար: Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով հնդիկ միջազգային վարպետ Նիթին: Գաբրիել Սարգսյանն էլ իր օգտին անդրանիկ հաղթանակը գրանցեց գերմանացի միջազգային վարպետ Էրիկ Զուդեի հետ մրցավեճում: Մրցաշարում առաջին կես միավորը վաստակեց Վլադիմիր Հակոբյանի որդին՝ Էդուարդը, ով հաշտություն կնքեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ Մոհամադ Մոսալամի հետ: Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 1,5-ական միավոր: 31 շախմատիստներ 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ինչ վերաբերում է մրցումներին հայտավորված Կարեն Գրիգորյանին ու Լիլիթ Գալոյանին, տեղեկացնենք, որ նրանք մրցավայր չեն մեկնել և մրցաշարին չեն մասնակցում:
24.03.2017

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում տրվեց շախմատի միջազգային խոշոր մրցաշարի մեկնարկը, որի 229 մասնակիցների թվում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Մեր փորձառու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը մրցաշարը սկսեցին ոչ-ոքի արդյունքով: Հակոբյանը սևերով հաշտություն կնքեց ուզբեկ ՖԻԴԵ-ի վարպետ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, իսկ Գաբրիելը միավորը կիսեց ադրբեջանցի գրոսմայստեր Զաուր Մամադովի հետ: Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանի որդին՝ Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդն անհաջող մեկնարկեց՝ պարտվելով հնդիկ շախմատիստ Ռաունակ Սադհվանիին: Մեր մյուս երկու պատվիրակներին՝ Կարեն Գրիգորյանին ու Լիլիթ Գալոյանին մրցումների պաշտոնական կայքում մրցակիցների հետ հանդիպումներում պարտություն է գրանցված: Սովորաբար դա տեղի է ունենում այն դեպքում, երբ շախմատիստն ուշանում է մրցումներից կամ չի ներկայանում հանդիպմանը: Առայժմ կոնկրետ պատճառը հայտնի չէ: Իսկ ընդհանրապես առաջին տուրում նախատեսված 114 պարտիաներից 34-ը չկայացան
21.03.2017

Հայկական շախմատի վետերանները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Շախմատի Հայաստանի վետերանների հավաքականը կմասնակցի ապրիլի 24-ից մայիսի 2-ը Հունաստանի Կրիտ կղզում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի տարիքային երկու խմբով (50-ից բարձր և 65-ից բարձր): Տարիքային յուրաքանչյուր խմբում հանդես կգան 22-ական թիմեր: Հայաստանի հավաքականը վետերանների աշխարհի առաջնությունում հանդես կգա 50-ից բարձր տարիք ունեցող շախմատիստների մրցաշարում: Մեր հավաքականը կգլխավորի հայկական շախմատի անվանի վետերան, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Նրա թիմակիցները կլինեն շախմատային օլիմպիադաների կրկնակի հաղթող, Հայաստանի վեցակի չեմպիոն Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Նորայր Քալանթարյանը և Սերգեյ Գալդունցը: Այս հնգյակից մշտապես մրցաշարերի է մասնակցում միայն Կարեն Մովսիսյանը: Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցների թվում կլինեն Անգլիայի տղամարդկանց 4 թիմերը, Ռուսաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, Գերմանիայի տղամարդկանց երկու հավաքականներն ու կանանց ընտրանին, Շվեդիայի և Իսրայելի տղամարդկանց երկուական թիմերը, Լատվիայի կանանց հավաքականը, ինչպես նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Նորվեգիայի, Հունաստանի և Բերմուդյան կղզիների տղամարդկանց հավաքականները: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն գավաթներով ու մեդալներով, ինչպես նաև դրամական մրցանակներով: Չեմպիոնը կպարգևատրվի 1300 եվրոյով, 2-րդ մրցանակակիրը՝ 900, 3-րդը՝ 600: 4-5-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան համապատասխանաբար 500 և 400 եվրո:  Կպարգևատրվեն նաև կանանց հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած երեք հավաքականները (համապատասխանաբար՝ 600, 400 և 300 եվրո): Մեդալներով կպարգևատրվեն նաև անհատական հաշվարկով յուրաքանչյուր խաղատախտակի վրա լավագույն արդյունքի հասած շախմատիստները:
20.03.2017

Սամուել Սևյանը չդիմացավ մրցակցությանը

Սամուել Սևյանը բավական անհաջող հանդես եկավ ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որը բավական ուժեղ կազմ էր հավաքել: Շրջանաձև մրցակարգով 10 շախմատիստների մասնակցությամբ անցկացված մրցաշարում Սևյանը վաստակեց ընդամենը 2,5 միավոր և գրավեց նախավերջին՝  9-րդ տեղը: 16-ամյա գրոսմայստերը բավական հաջող էր մեկնարկել՝  երկու պարտիաներում վաստակած 1,5 միավորով գտնվելով առաջատարների շարքում: Սակայն 3-րդ տուրում Սևյանը պարտվեց Դեյվիդ Հաուելին, ապա հետևեցին երկու ոչ-ոքիները: Իսկ ահա վերջնագիծը հայ շախմատիստը լրիվ ձախողեց՝ պարտվելով բոլոր 4 պարտիաներում էլ: Մրցաշարի հաղթող ճանաչվեց անգլիացի գրոսմայստեր Դեյվիդ Հաուելը, ով վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավորով հետ մնացին ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը և լեհ Դարիուշ Սվերչը:
20.03.2017

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Հայաստանի շախմատի ակադեմիայում վերջնագիծը հատեց «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը: Մրցաշարի 100 մասնակիցների թվում էին նաև երկու հայ շախմատիստներ Վրաստանից և մեկը՝ Բելառուսից: Մասնակիցների թվում էին 5 գրոսմայստերներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Չիբուխչյանն  ու Լևոն Բաբուջյանը: Սակայն նրանցից և ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցաշարի հաղթող: Առավել հաջող հանդես եկան միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, ինչպես նաև Արտավազդ Հայրապետյանը, որոնք 7 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր: Գրոսմայստերներից Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Վահե Բաղդասարյանն առաջատարներից հետ մնացին կեսական միավորով: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2017» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլի հաղթող դարձավ Տիգրան Հարությունյանը, ով արժանացավ 40 հազար դրամ պարգևի: 2-րդ տեղը զբաղեցրած Մանուել Պետրոսյանին հանձնվեց 25 հազար դրամ, իսկ լավագույն եռյակը եզրափակած Դավիթ Շահինյանը պարգևատրվեց 20 հազար դրամով: Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ, որոնց արժանացան Սիրանուշ Ղուկասյանը (լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի), Վաչե Եգանյանը (լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից) և Ռոբերտ Փիլիպոսյանը (լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից):
13.03.2017

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Grand Chess Tour-ի կազմակերպիչները հրապարակել են այն շախմատիստների ցանկը, որոնք կմասնակցեն հունիսին Փարիզում և բելգիական Լյովեն քաղաքում կայանալիք արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին: Grand Chess Tour-ի հիմնական մասնակից Լևոն Արոնյանը հանդես կգա Լյովենում, որտեղ արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 2-ը: Լյովենում Արոնյանը կմրցի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենի, Ուեսլի Սոյի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի, Յան Նեպոմնյաշչու, Վլադիմիր Կրամնիկի, Անիշ Գիրիի, Վասիլի Իվանչուկի և Բայադուր Ջոբավայի հետ: Մրցակիցներից առաջին 5 շախմատիստները Grand Chess Tour-ի հիմնական մասնակիցներն են, իսկ մնացած 4-ը՝ հրավիրվել են կազմակերպիչների կողմից: Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ն իր մեջ ներառում է 5 մրցաշար (2-ը՝ դասական, 3-ը՝ արագ և կայծակնային շախմատի): Grand Chess Tour-ի հիմնական 9 շախմատիստներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցելու 5 մրցաշարերից 4-ին, որոնց ընդհանուր արդյունքներով էլ կորոշվի հաղթողը: Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույնն Ուեսլի Սոն էր:
06.03.2017

Վահե Բաղդասարյանին շնորհվեց գրոսմայստերի կոչում

ՖԻԴԵ-ն կոչումներ է շնորհել մի շարք շախմատիստների, որոնց թվում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչները: Շախմատային բարձրագույն տիտղոսի՝ գրոսմայստերի կոչմանն է արժանացել Վահե Բաղդասարյանը: 24-ամյա շախմատիստը վաղուց էր լրացրել գրոսմայստերի նորման ու սպասում էր պատվավոր այդ կոչման պաշտոնական հաստատմանը: Վահե Բաղդասարյանը դարձավ հայաստանցի 37-րդ գրոսմայստերը: Արամ Հակոբյանին և Սիրանուշ Ղուկասյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում: Ներկայումս Հայաստանում այդ կոչումը կրում են 29 շախմատիստներ:
06.03.2017

Մարիա Գևորգյանը ձախողեց մրցաշարի մեկնարկն ու վերջնագիծը

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն այնքան էլ հաջող հանդես չեկավ Յուրմալայում անցկացված արագ շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Մարիան անցկացրած 11 հանդիպումներում վաստակեց 5 միավոր և 132 մասնակիցների մեջ գրավեց 83-րդ տեղը: Նա հատկապես անհաջող հանդես եկավ մրցաշարի մեկնարկում և վերջնագծում: Մեկնարկային երկու տուրերում հայ շախմատիստուհին պարտվեց, իսկ ավարտական 3 տուրերում վաստակեց ընդամենը կես միավոր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: