«Բարսելոնան» կարող է պատժել Ալվեշին հրապարակած տեսանյութի համար

Կատալոնական «Բարսելոնան» կարող է պատժամիջոցներ կիրառել թիմի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշի նկատմամբ ֆուտբոլիստի հրապարակած վիճահարույց տեսանյութի պատճառով: Ալվեշն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ փորձում է կեղծամը գլխին, ընկերուհու ձայնը նմանակելով՝ բացատրել, որ կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից դուրս մնալն «աշխարհի վերջը» չէ:

Ակումբի ղեկավարությունից Ժորդի Մոնեսը կատալոնական TV3 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ ակումբի ղեկավարությունը քննարկելու է Ալվեշի պահվածքը: Անլրջության և անպատշաճության համար Ալվեշը կարող է պատժվել:

«Միգուցե լավագույն ժամանակը չէր կատակելու համար: Ակումբի որոշ անդամներ զանգահարել են մեզ ու իրենց դժգոհությունը հայտնել այս դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ վիրավորվել են նրա պահվածքից»,- ասել է Մոնեսը:

Ավելի ուշ հարցին ավելի խորություն է տվել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն. «Առավոտյան արթնացանք այս տեսանյութով, որը որոշակի տպավորություն թողեց: Առաջինն այն է, որ թիմն ընդամենը չորեքշաբթի է կարևոր խաղում պարտվել, իսկ այս տեսանյութը կարծես ծիծաղ, կատակ ու լավ տրամադրություն է քարոզում: Բացի այդ, եղել են նաև մարդիկ, ովքեր այս դեպքի առնչությամբ իրենց դժգոհությունն են հայտնել, քանզի գտնում են, որ նման բան անելը տեղին չէր»:

Նշենք, որ պաշտպանը տեսանյութում ասում է. «Կյանքը շատ ավելի կարևոր է, քան ֆուտբոլային խաղը: Դու շատ ավելիին ես արժանի: Ես քեզ այնքա՜ն եմ սիրում, ես քեզ սիրում եմ»:

Խոսքը վերաբերում է հետևյալ տեսանյութին՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ