Բարձրագույն խումբ. 10 փաստ 10-րդ տուրի հանդիպումներից

Առաջնության 2-րդ շրջանի ավարտական տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք շահեցին հանդիպումներից երկուսը, մեկում պարտվեցին: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Շիրակին»: Առաջնության 30 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը տոնել են 12-ական հաղթանակ, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 5 գոլ: Երկրորդ շրջանի հանդիպումներում արդյունավետությունը նվազեց: Եթե առաջին շրջանի 15 հանդիպումներում 35 գոլ էր խփվել, ապա 2-րդ շրջանում գրանցվեց 27 գոլ: Առաջնության մեկնարկից 62 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,06 գոլ մեկ խաղում:

«Շիրակն» ընդհատեց «Գանձասար Կապանի» 3 անընդմեջ հաղթանակների շարքը՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ կապանցիներին հաղթելով նվազագույն հաշվով: Այդ հաղթանակը շիրակցիների համար 7-րդն էր գանձասարցիների նկատմամբ մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 12 հանդիպումներում: Մնացած 5 խաղերն ավարտվել են ոչ-ոքի:

«Ալաշկերտը» ռևանշի հասավ «Արարատի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց, որն առայժմ միակն է առաջնությունում:

«Արարատը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը 200-րդն էր բարձրագույն խմբում: Արարատցիներին վերջապես հաջողվեց ընդհատել 437 րոպե տևած գոլային երաշտը: Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում «Արարատը» գրավել է միայն չեմպիոնի դարպասը, իսկ մնացած 8 հանդիպումներում դաշտից հեռացել է առանց գոլի:

«Բանանցը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այդ հանդիպումներում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին, փոխարենը սեփական դարպասն ընդունելով 8 գնդակ:

Զավեն Բադոյանն ընդդեմ «Փյունիկի»

Բրայան Դե լա Ֆուենտեն առաջին գոլը խփեց «Շիրակի» կազմում, Արամ Շահնազարյանը բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում», իսկ ֆուտբոլային կարիերան «Արարատում» սկսած Արամ Լոռեցյանն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ հարազատ ակումբում:

Ալեքսանդր Պետրոսյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 99-ը նա անցկացրել է «Գանձասար Կապանի» կազմում: Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից Ալեքսանդր Պետրոսյանից ավելի շատ հանդիպումների են մասնակցել միայն Արմեն Պետրոսյանը (284) և Արա Խաչատրյանը (224):

Գրիգոր Մելիքսեթյանը գանձասարցիների դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (375) բարելավեց նախորդ առաջնությունում ցույց տված իր լավագույն արդյունքը (359 րոպե): Այդ ցուցանիշով գանձասարցիների դարպասապահներից ռեկորդակիրը վրացի Լևան Բուբուտեիշվիլին է, ով 2011թ. դարպասը 472 րոպե անառիկ էր պահել:

Ավելացված ժամանակում «Արարատի» դարպասը Վահագն Մինասյանի խփած գոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին», այլև հնարավորություն ընձեռեց փորձառու պաշտպանին 3 գնդակով ընդգրկվելու թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ