Ռիո-2016. Այսօր մեդալի համար կպայքարի Անդրանիկ Կարապետյանը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը սպասում ենք 20-ամյա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանից, ով մեկնարկում է այսօր գիշեր: Անդրանիկը Եվրոպայի գործող չեմպիոնն է, իսկ Աշխարհի առաջնությունում Հյուսիսային Կորեան ներկայացնող մարզիկի որակազրկումից հետո արժանացել է բրոնզե մեդալի: Երիտասարդ ծանրորդը նորամուտն է նշելու Օլիմպիական խաղերում, սակայն նա Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում հանդես գալու մեծ փորձ ունի: Մարզիչն է Վիգեն Խաչատրյանը:

Ո՞ր քաշային կարգում է հանդես գալու
Անդրանիկ Կարապետյանը հանդես է գալիս մինչև 77 կգ քաշային կարգում: Հայ մարզիկն ընդգրկված է A ենթախմբում: Այստեղ հենց այսօր, երկու վարժությունների ավարտից հետո հայտնի են դառնալու բոլոր մեդալակիրները:

Ե՞րբ
Նախնական ժամանակացույցով Անդրանիկ Կարապետյանի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով 02:00:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Ինչպես արդեն նշեցինք՝ Անդրանիկ Կարապետյանը մեդալի իրական հավակնորդ է: Ավելին, եթե նա որևէ մեդալ չբերի, դա կլինի ձախողում: 2015թ. Աշխարհի առաջնությունում հայ մարզիկը երկամարտում բարձրացրել է 363 կգ ու միայն անձնական քաշով երկրորդ տեղը զիջել եգիպտացի Մոհամեդ Ահմեդ Մահմուդին: Իսկ ահա Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը ցույց տվեց 367 կգ արդյունք: Օլիմպիական խաղերում նա մեկնարկելու է երկամարտի 370 կգ քաշով: Նույնքան պատվիրել է Օլիմպիական ոսկու գլխավոր հավակնորդ Լյու Սյացզյունը, ով գործող Օլիմպիական չեմպիոնն է՝ Լոնդոնում ցույց տված 379 կգ արդյունքով: Կարապետյանի մյուս լուրջ մրցակիցը ղազախ Նիջատ Ռագիմովն է, ով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 370 կգ արդյունքով:

Այսպիսով, հաջող ելույթի դեպքում Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մեդալ պարգևել Հայաստանի թիմին: Նրա՝ ոսկե մեդալ նվաճելու հավանակությունը Վիվառոն գնահատում է 6.50 գործակցով: Ավելի ցածր գործակիցներ ունեն միայն Լյու Սյացզյունը /1.30/ և Նիջատ Ռագիմովը /5.00/:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ