Աշոտ Բարսեղյան. «Շնորհակալ եմ տղաներից լավ խաղի համար»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Միկայի» հետ գավաթային խաղից հետո կիսվել է տպավորություններով։

— Բարդ խաղ ստացվեց, բայց կարևորն այն է, որ ինչ հրահանգ տվել էինք, ֆուտբոլիստները շատ կազմակերպված կերպով իրականացրին, շատ գոհ ենք այդ առումով, մասնավորապես՝ առաջին խաղակեսում ճիշտ էինք տեղաշարժվում խաղադաշտում։ Ցավոք, երկու հարկադրված փոխարինում արեցինք։ Տիգրան Բարսեղյանը ձգեց աճուկային մկանը, Գոգիտաշվիլին էլ վնասվածք ստացավ։ Գիտեինք, որ մրցակիցն ամեն գնով կփորձի հավասարեցնել հաշիվը, բայց երկրորդ կեսում էլ երկու-երեք ռեալ գոլային պահեր ունեցանք։ Ավելորդ շտապողականության պատճառով չկարողացանք արդյունքի հասնել, բայց շնորհակալ եմ տղաներից, որ այսօր շատ լավ խաղացին։ Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։

— Թիմը մի շարք գոլային պահեր ունեցավ։ Ափսոսանք չե՞ք զգում, որ հնարավոր չեղավ ավելի մեծ առավելություն ստեղծել հաշվի մեջ ու ավելի վստահ մոտենալ պատասխան խաղին։
— Շատ կարևոր հարց եք տալիս այն առումով, որ եթե այսօր մենք օգտագործած լինեինք մեր պահերը, երկրորդ խաղից առաջ հանգիստ կլինեինք։ Իսկ այս 1-0 հաշվի պարագայում նորից նույն լարվածությունն ու նույն խնդիրները կլինեն, այսինքն մի քանի անգամ ավելի շատ ուժ պետք է գործադրենք եզրափակիչ դուրս գալու համար։ Իհարկե ճիշտ եք ասում, պետք է սառնասիրտ լինենք գրոհի եզրափակիչ փուլում։ Բայց նշենք նաև, որ մրցակիցը շատ լավ պահ ունեցավ հաշիվը հավասարեցնելու համար։ Կարող էր գործել ֆուտբոլի ճգրված կանոնը՝ «չես խփում դու, խփում են քեզ»։ Իհարկե ցավալի է սա, բայց ինչ արած։

— Լու՞րջ է արդյոք Տիգրան Բարսեղյանի վնասվածքը։
— Հանդերձարանում մի պահ զննեցի վնասված հատվածը։ Ձգել է աճուկային հատվածի մկանը, ճիշտ է, վնավածքը շատ լուրջ չէ, բայց ռիսկի չդիմեցի, չնայած նա ցանկություն էր հայտնում շարունակել խաղը, չէի կարող թույլ տալ, որ վնասվածքը ավելի լրջանա։ Նրա փոխարեն ավելի թարմ ֆուտբոլիստ մտցրինք դաշտ ու խուսափեցինք ավելի վտանգավոր հետևանքներից։

— Նա կհասցնի՞ ապաքինվել մինչ հավաքականի խաղը:
— Հենց այդ մասին էլ մտածում էի: Զգուշացանք, որ նա կարող է խորացնել վնասվածքը, որից հետո վերականգնումը շատ ավելի մեծ ժամանակ կպահանջեր: Խաղից հետո հարցրի առողջականի մասին, ասաց, որ լավ է զգում իրեն:

— Նախորդ խաղից հետո ասացիք, որ Մուսոնդան դուրս մնաց խաղից ու բավարար ֆուտբոլ չցուցադրեց։ Այսօր նա լավ էր գործում։ Ի՞նչ աշխատանք էիք կատարել այդ ուղղությամբ։
— Գիտեք ինչ, անցած խաղում մենք հոգի չդրեցինք խաղի մեջ, իսկ 21-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո թիմը հուսալքվեց ու հիասթափվեց, հոգի չդրեց խաղում։ Բոլորն էլ իրենց նման չէին, բայց երբ առանձնազրույց ունեցանք, ասում էին, որ պարզապես լարվածությունից «վառվեցին», չնայած ուզում էին լավ խաղալ ու հաղթել։ Ամեն դեպքում, սա ֆուտբոլում արդարացում չէ, ֆուտբոլում ամեն ինչ լինում է։ Գիտենք, որ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստները 2-3 գոլ ընդունելուց հետո հավաքվել են ու փոխել խաղի ընթացքը։ Ցավալի էր այն, որ տղաները չպայքարեցին։ Իսկ այսօր հակառակն եղավ, ամեն քառակուսի մետրի համար պայքար էր ընթանում։ Այն թիմը, որ հաղթում է մենապայքարները, ունենում է հաղթելու ավելի լավ շանսեր։ Սա էր խնդիրը, ու այսօր լավ էր, որ թիմը հասկացել էր իմ խոսքերը։ Պետք է այնպես անենք, որ սա շարունակական լինի։

— Առաջնության առաջիկա տուրում նորից մրցելու եք «Միկայի» հետ։ Այսօրվա խաղը հաշվի առնելով՝ սպասվու՞մ են փոփոխություններ կազմում կամ տակտիկայի մեջ։
— Նախ պետք է տեսնենք, թե ինչ վիճակում են տղաները, վնասվածքները։ Ճիշտ է, մեր պահեստայինների թվում կան որակյալ ֆուտբոլիստներ, բայց մենք չունենք հիմնական ֆուտբոլիստներին լիովին համարժեք փոխարինողներ ամեն դիրքում։ Լինում է, երբ ցանկանում ես փոխարինում անել, բայց չկա համարժեք ֆուտբոլիստ, ու ստիպված մի դիրքի ֆուտբոլիստին խաղացնում ենք մեկ այլ դիրքում։ Այս բացն էլ պետք է լրացվի։ Մյուս խաղից առաջ շատ կարևոր է ճիշտ վերականգնվելը։ Թե՛ մեզ, թե՛ մրցակցի համար դժվար կլինի 3 օրում վերականգնվել, իսկ խաղադաշտն էլ շատ ծանր էր, ինչը զգացվեց անգամ նախավարժանքի ժամանակ։ Որ թիմը ավելի լավ վերականգնվեց, նա էլ ավելի հեշտ կանցկացնի մյուս խաղը։

— Դարպասապահի դիրքում այսօր խաղում էր Գրիգոր Մելիքսեթյանն, ում հաջողվեց լավ հանդիպում անցկացնել։ Կարծու՞մ եք, որ նրան հաջողվել է լիովին փոխարինել թիմից հեռացած Արսեն Պետրոսյանին։
— Ես միշտ գովեստի խոսքեր եմ հղել Արսեն Պետրոսյանի հասցեին, շատ եմ հարգում նրան թե՛ իր մարդկային որակների համար, թե՛ խաղային ունակությունների համար։ Նրանից մեծ սպասումներ ունեմ, ու չնայած նա որոշ ժամանակ խաղային պրակտիկայից զրկվեց հայտնի պատճառներով, կարողացավ վերգտնել իրեն։ Բայց Գրիգորն էլ շատ ջանասիրաբար աշխատում է, այս խաղերում էլ պրակտիկա է ձեռք բերում։ Տա Աստված, որ լավ դարպասապահ դառնա ու մեր թիմին օգուտ տա, ինչու՞ չէ, նաև հավաքականի համար լավ դարպասապահ կպատրաստենք։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ