Աշոտ Բարսեղյան. «Շիրակը» մեզ թույլ չտվեց շատ պահեր ստեղծել իր դարպասի մոտ»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում «Շիրակից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Առաջին հերթին, շնորհավորում եմ «Շիրակին», որն արժանի հաղթանակ տարավ: Այսօր մեր խաղը չստացվեց. ֆուտբոլում այդպես էլ է լինում: Ես տղաներին քաջալերեցի հանդերձարանում: Ոչինչ կորած չէ: Հենց այս պահից պետք է նախապատրաստվենք հաջորդ խաղին: Այսօր մենք արժանի ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց հաջողությունը «Շիրակի» կողմն էր:

Հարձական գծում այսօր գրեթե ոչինչ չէր ստացվում: Ո՞րն էր պատճառը: 

-Համաձայն եմ: Այսօր, նախորդ խաղերի համեմատ, այդքան էլ շատ պահեր չստեղծեցինք: Բայց պետք է ազնիվ լինենք և խոստովանենք՝ «Շիրակը» մեզ թույլ չտվեց դա անել, նրանք կարգապահ պաշտպանվեցին: Խաղացին հակագրոհների մարտավարությամբ և իրենց առաջադրանքը կատարեցին: Մրցակիցն այսօր կազմակերպված պաշտպանվեց և համակարգված խաղաց: Ես մեր տղաներին հանդերձարանում ասացի, որ գլուխները չկախեն, որովհետև ես մեր ելույթից դժգոհ չեմ: Իմ սաներն այսօր շատ էներգիա ծախսեցին: Այս գրաֆիկն էլ խնդիրներ է առաջացնում:

Երկու փոխարինումներ կատարեցիք միայն վերջնամասում: Դրանք ուշացած չէ՞ին: 

-Նրանք, ովքեր խաղադաշտում էին, լավ էին հանդես գալիս: Չկար մեկը, ով փոխարինման կարիք ուներ: Ես զգում էի՝ պետք էր հարձակման գիծն ուժեղացնել, բայց չպետք էր մոռանալ նաև պաշտպանության մասին: Հակառակ դեպքում կարող էինք պատժվել: Մեր հարձակման գիծն այսօր այնպես էր գործում, որ ես նրանցից ամեն վայրկյան գոլ էի սպասում: Վերջում մեկ հենակետայինով էինք հանդես գալիս, երբ խաղադաշտ մտավ Վարդան Բակալյանը: Փորձեցինք փրկել խաղը, բայց չստացվեց:

Եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Պատմությունն ինձ հուշում է, որ ամեն ինչ հնարավոր է: Նախորդ տարի մենք հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցինք «Միկային», բայց Կապանում դուրս մնացինք պայքարից: Ուստի այդ մասին դեռ չեմ ցանկանում մտածել: Ամենայն լրջությամբ ենք մոտենալու այդ խաղին:

Դուք միշտ նշում եք, որ թիմը պահեստայինների երկար նստարան չունի: Այսպիսի կազմով իրատեսակա՞ն է պայքարել և՛ առաջնության չեմպիոն, և՛ գավաթակիր դառնալու համար:

-Պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները: Ես որոշ ժամանակ առաջ զրուցել եմ ամբողջ թիմի հետ և տղաներին ասել, որ բոլորը պետք է պատրաստ լինեն: Նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ նույնիսկ մեկ րոպե չեն խաղացել, պետք է պատրաստ լինեն օգնելու թիմին: Ես շատ ուրախ եմ ունենալ այնպիսի պահեստայիններ, որոնք այսօր մեր կազմում են: Նրանք դեռ կօգնեն մեզ:

«Շիրակն» ընդհատեց «Գանձասար-Կապանի» հաղթարշավը և հաղթանակած լքեց Երևանը (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ