Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-«Արարատի» հետ հանդիպումները միշտ այսպես լարված են ստացվում: Մենք երկու գոլի առավելություն ունեինք, բայց պատահական գոլ բաց թողեցինք, և լարվածություն մտավ խաղի մեջ: Ամեն դեպքում, շնորհավորում եմ մեր տղաներին: Մրցաշրջանի վերջն է, նրանք հոգնած են, բայց այսօր կամային որակներ դրսևորեցին ու մեզ համար ցանկալի երեք միավոր վաստակեցինք: Շնորհավորում եմ ակումբի բոլոր աշխատակիցներին:

«Ալաշկերտն» այսօր ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Սա նշանակո՞ւմ է, որ չեմպիոնության համար պայքարը նոր ուժով բորբոքվեց: 

-«Ալաշկերտին» պարտվելուց հետո էլ տղաներին ասել էի, որ սա ֆուտբոլ է, ոչինչ կորած չէ: Մենք շատ ենք տեսել, որ թիմերը թուլացրել են զգոնությունն ու ամենավերջին պահին բաց թողել չեմպիոնությունը: Հիշենք «Բանանցի» օրինակը, երբ «Փյունիկը» կորզեց չեմպիոնությունը Կառլեն Մկրտչյանի գոլի շնորհիվ: Ուստի պետք է նշեմ՝ մենք ամեն խաղում փորձելու ենք հաղթել՝ անկախ մրցակցի ելույթներից:

Ձեր թիմը վերջնամասում սեղմվել էր դարպասին և որոշակի խնդիրներ ուներ պաշտպանությունում: Դա ինչի՞ հետ եք կապում: 

-Հաշիվը 2-0 էր, տղաները ցանկանում էին հեշտությամբ ավարտել խաղը, բայց այդպես չի լինում… Պետք է մինչև վերջ պայքարել: Մենք այսօր շատ գոլային պահեր ունեինք, 2-0 հաշվի ժամանակ անհանգստանում էի, որ կարող է ինչ-որ պատահական գոլ ստացվել մրցակցի մոտ, ինչն էլ եղավ: Տղաները պետք է հասկանան, որ ֆուտբոլում հանգստանում են սուլոցից հետո: Այսպես ամեն խաղում լարվում ու նյարդայնանում ենք: Չեմ հասկանում, թե ինչու այդպես եղավ: Պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք:

Տղաներից մի քանը վերջնամասում հոգնել էին: Այսօր փոխարինման մտցրի Սարգիս Շահինյանին, ով նոր է ապաքինվել վնասվածքից: Նա քիչ էր մարզվել, և ես գիտեի, որ իր լրիվ հնարավորություններով չի կարող խաղալ: Բայց հուսով ենք՝ առաջիկա խաղերում օգտակար կլինի մեզ, դրա համար էլ այսօր խաղաժամանակ հատկացրինք:

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ