Արտյոմ Սիմոնյան. «Որպես ավագ՝ ցանկանում եմ ներողություն խնդրել»

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Արտյոմ Սիմոնյանը Ուելսի թիմից կրած 1-3 հաշվով պարտությունից հետո ամփոփել է անհաջող ընտրական փուլը VivaroNews.am-ի թղթակցի հետ զրույցում.

– Անհաջող ընտրական փուլ ստացվեց, ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

– Որպես ավագ ցանկանում եմ ներողություն խնդրել: Ես ինքս նույնպես շատ վատ խաղացի այս 2 տարիների ընթացքում ու չկարողացա թիմին օգնել: Չենք էլ կարող ասել, որ մարզիչն է մեղավոր, որովհետև երեք մարզիչ է փոխվել, բայց ոչ մեկի մոտ արդյունք չկա: Ամեն խաղացող պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունն ու դասեր քաղի, որ ապագայում այդքան վատ չխաղանք:

– Այսօր բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձաք, զգացվում էր, որ ցանկանում էիք խաղը վերցնել Ձեր վրա: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզավիճակն այս պահին:

– «Ցյուրիխում» բավականաչափ խաղային պրակտիկա չունեի, ուստի մարզավիճակս վերջին 2 տարիներին լավ չէր: Այսօր էլ առաջին կեսում դժվար ստացվեց, բայց երկրորդ կեսում բացվեցի: Ափսոս, գոլս թիմին բավարար չեղավ լավ արդյունքի համար:

– Ի՞նչն է պատճառը, որ «Ցյուրիխում» խաղաժամանակ չէիք ստանում:

– Վնասվածք էլ կար, մարզչի փոփոխություն էլ կար, բայց ես չեմ ուզում դրա մասին խոսեմ: Ես ունեի շանս, որը չկարողացա օգտագործել: Նոր մարզիչն ինձ ասեց, որ խաղաժամանակ կստանամ, բայց ոչ շատ, ուստի որոշեցի տեղափոխվել մի քիչ ավելի թույլ թիմ, բայց ավելի շատ խաղամ:

– Ժամանակին ավելի հաճախ էիք հրավիրվում Ազգային հավաքական: Ի՞նչ պետք է անել, որպեսզի նորից արժանանաք մարզիչների ուշադրությանը:

– Ես իմ ուժերը գիտեմ: Եթե ես խաղային պրակտիկա ունենամ ու մարզավիճակ հավաքեմ, վստահ եմ, ինձ կհրավիրեն:

– Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի հավաքականն այսօր չի կարողանում ցուցադրել իր նախկին խաղը:

– Լավ մարզավիճակում չեն երևի ֆուտբոլիստները, դրա համար էլ խաղերը լավ չի ստացվում: Կարծում եմ՝ այս խմբում կարող ենք դեռ մի քանի միավոր վաստակել, ու եթե ամեն ինչ լավ ստացվի, հետագայում պայքարենք ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ