Զավեն Բադոյան. «Կրկնե՞լ «Ալաշկերտին» խփածս հայտնի գոլը: Ինչու ոչ, կփորձեմ»

Զավեն Բադոյանը «Բանանցի» կազմում իր նորամուտը նշեց «Փյունիկին» խփած հաղթական գոլով: Նա նաև գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների ստուգողական խաղում: Ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցը Բադոյանը սկսել է՝ պատմելով իր մարզավիճակի մասին:

– Մոտ չորս ամիս է չեմ խաղացել և այդ պատճառով մարզավիճակս բարելավելու համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ երեք-չորս տուր անց լավագույն մարզավիճակում կլինեմ: Բայց «Փյունիկի» դեմ խաղում ինձ լավ էի զգում և «Ալաշկերտի» դեմ խաղին նույնպես լավ եմ մոտենում:

– Դժվա՞ր չէր չորս ամիս անցկացնել առանց ֆուտբոլի:
– Իհարկե դժվար էր, սակայն գրեթե ամեն օր մարզվում էի ինքնուրույն:

– «Բանանցում» իսպանացի մարզիչների հետ հաղորդակցվում ես իսպաներենով: Ի՞նչպես է ստացվել, որ տիրապետում ես այդ լեզվին:
– Երբ խաղում էի Բելառուսում, շատ ազատ ժամանակ էի ունենում: Ամուսնացած չէի, միայնակ էի ապրում և ժամանակը իզուր չէի վատնում, սկսեցի իսպաներեն սովորել և շարունակում եմ անընդհատ կատարելագործել իսպաներենի իմացությունս:

– Այստեղ իրական շփում ունես իսպանացի մասնագետների հետ: Որքանո՞վ է իրական լեզուն տարբերվում քո դասագրքերով սովորած իսպաներենից:
– Իհարկե, բաներ կան, որ չեմ հասկանում եմ, սակայն մեծամասնությունը հասկանում եմ: Մարզիչն ինձ հետ խոսում է առանց թարգմանիչի և ավելի լավ է ստացվում հաղորդակցումը:

– Ֆուտբոլից դուրս այլ ի՞նչ հետաքրքրություն ունես:
– Իմ հոբբին լեզուներն են: Օրական կես կամ մեկ ժամ պետք է հատկացնեմ իսպաներենին, անգլերենին կամ այլ լեզուների: Չեմ ասի, թե ուրիշ ինչ լեզուներ եմ սովորում: Երբ խոսեմ, կիմանաք այդ մասին (ժպտում է):

– Իսկ մարզումներից բացի ժամանակ հատկացնու՞մ ես ֆուտբոլին: Եվ ֆուտբոլին հատկացված ժամանակը փորձի հետ նվազե՞լ է, թե աճել է:
– Բնականաբար, փորձի հետ միասին ավելի լուրջ ես մոտենում ֆուտբոլին: Մինչև 20-21 տարեկան լինելս խաղում էի դրսում, ընկերների հետ, թեև 16 տարեկանից «Կիլիկիայի» կազմում էի խաղում: Մարզումներից հետո էլ միշտ խաղում էինք: Թեև Բարձրագույն խմբում էի խաղում, բայց չէի էլ մտածում, որ կարող եմ հեռու գնալ որպես ֆուտբոլիստ կամ հավաքական հրավիրվել: Միշտ խաղացել եմ հաճույքի համար:

– «Բանանցն» ինչո՞վ է տարբերվում քո խաղացած նախկին ակումբներից:
– Այստեղ բոլոր պայմանները կան, որպեսզի ֆուտբոլիստն արագ զարգանա և կատարելագործվի: Լավ պայմաններ կան մանկապատանեկան ֆուտբոլում հաջողություն հասնելու համար: Բայց բոլոր ակումբներում էլ մարզիչները ցանկանում եմ հաղթել:

– Մոտ մեկ տարի առաջ «Փյունիկի» կազմում «Ալաշկերտի» դարպասը քո խփած գնդակը մեծ աղմուկ բարձրացրեց: Արտասահմանյան կայքերի կողմից այն ճանաչվել էր աշխարհում շաբաթվա լավագույն գոլ, նույնիսկ կատակներ սկսեցին տարածվել: Հետևու՞մ էիր այդ ամենին:
– Միայն տեսագրությունը դիտելուց հետո հասկացա, թե ինչ գեղեցիկ գոլ է ստացվել: Շատ հաճելի էր, տարածվեց նաև համաշխարհային կայքերում: Ոչ միայն նրա համար, որ իմ անունը տարածվեց, այլ հաճելի էր այն, որ Հայաստանի մասին մի փոքր ավելի շատ իմացան Հայաստանի մասին:

– Հնարավո՞ր է կրկնել այդ գոլը:
– Կփորձեմ (ժպտում է): Եթե այդպիսի լավ փոխանցում գա, կարելի է փորձել: Ինչու՞ ոչ:

– «Ալաշկերտի» դեմ խաղում ինչի՞ հաշվին կարելի է հաջողության հասնել:
– Հենց այնպես չէ, որ «Ալաշկերտն» առաջին տեղով ընթանում: Մարզիչները պետք է գտնեն մրցակցի թույլ կողմերը մեզ ասեն և մենք էլ փորձենք օգտագործենք դրանց: Պետք չէ հարցազրույցի միջոցով խոսել այդ մասին, քանի որ հակառակորդը նույնպես կարող է կարդալ:

Բլից

Ամենանվիրված երկրպագուն – Տատիկս: Հարազատներս գալիս են, սակայն նույնիսկ հեռու տեղերում ընթացող խաղերին նա ներկա է լինում:

Սիրած կենդանին – Շատ կենդանիներ եմ սիրում: Կատու, շուն, սկյուռիկ, նապաստակ:

Հոբբին – Միայն լեզուներ:

Ինչպիսի՞ն է առավոտյան գրաֆիկդ – Մարզումը սկսվում է 10:30: 10:00-ին պետք է լինեմ բազայում: 9-ին արթնանում եմ, նախաճաշ եմ անում և գալիս եմ աշխատավայր:

Վատ սովորություն – Շատ եմ ինքս ինձնից դժգոհում:

Ամենալավ վայրը աշխարհում – Հայաստանը

Ֆուտբոլիստի համար որ որակն է ամենակարևորը – խելքը

Լավագույն պահը կարիերայիում – ԲԱՏԷ տեղափոխվելը, դա ինձ շատ մեծ փորձ տվեց:

Հարցազրույցի՝ «Բանանց ՖԱ» պաշտոնական կայքի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ