Զավեն Բադոյան. «Ամեն բան պատրաստ եմ անել Հայաստանի հավաքականին օգնելու համար»

Երևանի «Բանանցի» ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը կրկին ցուցադրում է իրեն հատուկ գեղեցիկ ֆուտբոլն ու խփում է գոլեր: Հենց դրա շնորհիվ էլ նա հայտնվեց Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում ու հրավեր ստացավ՝ մասնակցելու Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը: Այդ կապակցությամբ Vivaro News-ը հարցազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ՝ քննարկելով ինչպես հավաքականին վերաբերող հարցեր, այնպես էլ՝ ակումբային:

– Նախ շնորհավորում ենք հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ինչ նշանակություն ունի ֆուտբոլիստի համար ազգային հավաքականից հրավեր ստանալը:
– Առաջին հերթին հավաքականից հրավեր ստանալը մեծ պատիվ է ֆուտբոլիստի համար: Ազգային թիմի մարզաշապիկը հագնելը երազանք է յուրաքանչյուրի համար:

– Համեմատած վերջին անգամվա, երբ հրավիրվեցիք հավաքական, մարզավիճակի տարբերություն կա՞ հիմա, այն ժամանա՞կ էիր ավելի լավ մարզավիճակում մոտեցել խաղին, թե՞ այս պահին:
– Ես կասեի նույն մարզավիճակն է, նույնիսկ կարծում եմ հիմա մի փոքր ավելի լավ վիճակում եմ մոտենում խաղին: Այն ժամանակ դեռ «Փյունիկում» էի գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում, իսկ հիմա նույնը անում եմ «Բանանցի» կազմում: Տարբերությունն այդքան էլ մեծ չի, բայց կարող եմ ասել, որ հիմա մի փոքր ավելի լավ մարզավիճակում եմ:

– Դա իրոք զգացվում է՝ հաշվի առնելով «Բանանցի» կազմում ցուցադրած արդյունավետ խաղը: Ձեր կարծիքով, ի՞նչ է պետք անել, որպեսզի նույն արդյունավետությունը պահպանվի Հայաստանի հավաքականի կազմում:
– Նախ և առաջ հավաքականի կազմում պետք է, որ մարզիչները ավելի շատ վստահեն, ճիշտ այնպես, ինչպես վստահում են «Բանանցի» մարզիչներն ու թիմակիցներս: Վստահությունից շատ բան է կախված: Մի բան է, երբ ընդամենը 10-15 րոպեով ես մտնում դաշտ ու բան չես կարողանում անել, մեկ այլ բան է, երբ երեք-չորս խաղ վստահում են քեզ, այսինքն պետք է անընդհատ խաղալ, որպեսզի դու էլ իմանաս, որ քեզ վստահում են ու ավելի լավ արդյունք ցույց տաս և կարողանաս օգնել հավաքականին թե՛ գոլերով, թե՛ գոլային փոխանցումներով:

– Իսկ ի՞նչ կարող է տալ Զավեն Բադոյան ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականին, և հակառակը, ի՞նչ կարող է տալ Հայաստանի հավաքականը Զավեն Բադոյանին:
– Կարծում եմ, երկուսը փոխկապակցված են, ու եթե ես հավաքականին մի բան եմ տալիս, հավաքականն ինձ տասնապատիկ ավելի շատ հետ է վերադարձնում, քանի որ ավելի մեծ դռներ են բացվում քո առաջ, հնարավորություն ես ստանում տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություններ:

– Շատ լավ: Իսկ հիմա անցում կատարենք ակումբային ֆուտբոլին: Մինչև «Բանանց» տեղափոխվելը մի քանի ամիս հայ երկրպագուների տեսադաշտից դուրս էիք մնացել: Ինչո՞վ եք զբաղվել այդ ընթացքում, ու ինչպե՞ս ստացվեց «Բանանց» տեղափոխությունը:
– Այդ ընթացքում եղել եմ Նորվեգիայում ու Ռումինիայում, փորձաշրջան էի անցնում, ուղղակի ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Մի ամիս եղել եմ Նորվեգիայում, մի ամիս՝ Ռումինիայում: Ցանկանում էին ինձ հետ պայմանագիր ստորագրել, և երբ եկա Հայաստան, գործակալս զանգեց ու ասեց, որ նորից պետք է մեկնեմ՝ պայմանագիր կնքելու: Գնացի, բայց վերջին պահին հրաժարվեցին պայմանագիր կնքելուց: Դրանից հետո հրավեր ստացա «Բանանցից», ու իմանալով ակումբի մասին, թե ինչ մասնագետներ են մարզում թիմը, ինչ տնօրինություն կա՝ որոշեցի ընտրել այդ տարբերակը ու շատ ուրախ եմ այս ընտրությանս համար, ընդհանրապես չեմ փոշմանել:

– Իսկ ո՞ր հանգամանքն է ամենակարևորը, որ համոզեց Ձեզ տեղափոխվել «Բանանց»: Նոր մարզիչնե՞րը, նոր ղեկավարությու՞նը…
– Մեծամասամբ որոշիչ եղավ իսպանացի մասնագետների գործոնը, քանի որ միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում, իսկ երբ իմացա, որ մարզիչները իսպանացիներ են, նրանց հետ աշխատելու ցանկություն առաջացավ, ցանկացա իմանալ՝ ինչո՞վ են նրանք տարբերվում հայ մասնագետներից, որն է ֆուտբոլի նրանց տեսլականը:

– «Բանանցի» խաղում արդեն զգացվում է իսպանական ձեռագիրը՝ կարճ, արագ փոխանցումներով հագեցած: Արդյո՞ք դա հոգեհարազատ է Ձեզ, թե ավելի նախընտրում եք արագ ու սուր հակագրոհների տակտիկան:
– Ինձ շատ հոգեհարազատ է կարճ փոխանցումներով խաղալը, բայց շատ դեպքերում էլ պետք է ընտրել խաղաոճը՝ ելնելով մրցակցից, քանի որ կան խաղեր, երբ պետք է հետ քաշվել ու խաղալ հակագրոհներով, ինչն իմ մոտ նույնպես շատ լավ է ստացվում: Բայց ընդհանուր առմամբ որևէ խնդիր չունեմ այդ տակտիկայի հետ, ընդհակառակը, ավելի հետաքրքիր է խաղալ կարճ փոխանցումներով:

– «Բանանցը» սկսել է տարբերվել մյուս ակումբներից ոչ միայն մարզչական կազմի ընտրությամբ կամ ղեկավարման համակարգով, այլ նաև երկրպագուներին մարզադաշտ բերելու ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
– Շատ դրական կարծիք ունեմ, քանի որ «Բանանցը» մեծ քայլեր է կատարում հայկական ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, իսկ երկրպագուների առկայությունը այդ զարգացման հիմնաքարն է, քանի որ ֆուտբոլիստներն ավելի մեծ հաճույքով են մտնում դաշտ, երբ տրիբունաները լեփ-լեցուն են:

– Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առաջ թե՛ ակումբային մակարդակում, թե՛ հավաքականի:
– Կոնկրետ մեկ նպատակ չունեմ իմ առաջ դրած: Պարզապես ամեն խաղին դաշտ եմ դուրս գալիս բավականություն ստանալու ու թիմիս օգուտ տալու համար: Հավաքականում, իհարկե, ավելի մեծ կարևորություն ունի պատասխանատվության զգացումը, ու ես վստահեցնում եմ, որ միշտ ուժերիս առավելագույն չափով կանեմ ամեն բան թիմին օգնելու համար:

– Իսկ հաշվի առնելով այն, որ «Բանանցը» բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել ու հեռուն գնացող նպատակներ ունի՝ այս պահին կլքեի՞ք Հայաստանն ու կհամաձայնվեի՞ք տեղափոխվել արտասահմանյան ոչ այնքան ուժեղ առաջնություն, օրինակ՝ Ղազախստանի կամ Ուկրաինայի միջին թիմեր:
– Ճիշտն ասած, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաջարկ կստանամ, պետք է քննարկել, ու եթե լավ տարբերակ առաջարկվի, անպայման կմտածեմ այն ընդունելու շուրջ: Սակայն իմ նպատակն է ուժեղ առաջնություն հանդես գալ, քանի որ արդեն հասել եմ ֆուտբոլային զարգացման մի աստիճանի, որն ինձ թույլ է տալիս նման ամբիցիաներ ունենալ:

– Շնորհակալությու՛ն, Զավե՛ն, հետաքրքիր հարցազրույցի համար:
– Ձեզ նույնպես շնորհակալություն:

Զրուցեց՝ Գևորգ Լոռեցյանը

Լուսանկարները՝ «Բանանց ՖԱ» մամուլի ծառայություն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ