«Ուրարտուն» լուրջ առաքելություն ունի հայկական սպորտում

Հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալու է նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբի անդրանիկ հանդիպումը Ռուսաստանի Սուպերլիգա-1 առաջնությունում: Թիմի հիմնադիրների խոսքերով՝ գլխավոր նպատակը բասկետբոլի ազգային հավաքականի համար բազա ապահովելն է: Սակայն, հայկական սպորտի ներկայիս վիճակը «Ուրարտուին» պարտադրելու է նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ, որոնք ակումբը կամ կարող է որոշակիորեն լուծել ու կայանալ որպես հայկական սպորտի լուրջ դերակատար, կամ անցնել կողքով ու կենտրոնանալ իր նեղ խնդիրների վրա:

Սպորտային ժամանցի կայացումը Հայաստանում

Սպորտը ողջ աշխարհում, իսկ մասնավորապես բասկետբոլը՝ հատկապես ԱՄՆ-ում վաղուց ամենահետաքրքիր ժամանացային իրադարձությունների շարքում է: Այնտեղ բասկետբոլային հանդիպումները մի ամբողջ շոու են, որին կարող են հաճախել նույնիսկ նրանք, ովքեր սպորտի սիրահարներ չեն: Ավելորդ է նշել նաև նաև հեռուստատեսային հեռարձակումների մասին, որոնք հսկայական լսարան են հավաքում: Սակայն սկզբունքը մեկն է՝ այն առաջին հերթին մարդկանց համար ժամանցի շատ հետաքրքիր տարբերակ է:

Հայաստանում սպորտային ժամանցը վերջին տարիներին գրեթե մահացած է: Ըմբշամարտը և ծանրամարտը, որտեղ մենք ունենում ենք հաջողություններ, անհատական մարզաձևեր են, կանոնավոր առաջնություններ այստեղ չկան, իսկ Հայաստանում լուրջ միջազգային մրցաշարեր տեղի են ունենում շատ հազվադեպ: Թիմային մարզաձևերի մասով, որոնք իհարկե ավելի դինամիկ ու հետաքրքիր են դիտելու համար, Հայաստանում առկա է միայն ֆուտբոլ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, չնայած առանձին ակումբների կողմից գործադրված ջանքերին, այդպես էլ չի կարողանում դառնալ սպորտային ժամանցի լավ տարբերակ: Խնդիրը ոչ միայն ոչ դիտարժան ֆուտբոլն է, այլ մրցակիցների միջև խաղերում սկզբունքայնության ու ինտրիգի մակարդակը, և հենց դա է պատճառը, որ եվրոգավաթներում այլ երկրների թիմերի հետ հանդիպումներում արդեն դիտվում է որոշակի հետաքրքրվածություն ու հանդիսականների թվի աճ: Մեծ հաշվով, վերջին տարիներին սպորտային ժամանցի քաղցը լրացնում էր միայն ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, սակայն 2010-ականների սկզբի վերելքի ու մի քանի փայլուն հաղթանակների հիշողությունները վերջին մեկ տարվա ընթացքում այլևս չեն կարողանում ստիպել մարզասերին գնալ մարզադաշտ, հատկապես գնային նման քաղաքականության պայմաններում: Հոկտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան – Ռումինիա հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները, վստահ եմ, ապացուցելու են խոսքերիս ճշմարտացիությունը:

Այս պայմաններում միջազգային մակարդակում հանդես եկող «Ուրարտուն» կարող է լուրջ հետաքրքրություն ստեղծել հայ մարզասերի շրջանում: Նախադրյալները շատ են՝ հանդիպումներ այլ երկրների ակումբների հետ, մարզադաշտի փոխարեն մարզադահլիճ, որն ավելի հարմարավետ է ընտանիքով հաճախելու համար, շատ մատչելի գնային քաղաքականություն, վերջապես ավելի դինամիկ ու գրավիչ մարզաձև: Բացի այդ, բասկետբոլային հանդիպումների ձևաչափը երկրպագուների հետ աշխատելու լայն հնարավորություններ է ստեղծում, որը պետք է գործի դրվի ակումբի ղեկավարության կողմից: Այնուամենայնիվ, որոշիչ խոսքը պետք է ասի նաև հենց թիմը, որովհետև առանց հաղթանակների «Ուրարտուին» չի հաջողվի բավականին երկար մրցաշրջանի ընթացքում ապահովել լիքը տրիբունաներ նույնիսկ 1500 հանդիսական ընդունող մարզադահլիճում:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի մարզումը

Հայկական բասկետբոլի ձևավորում ու զարգացում

Վրացի կոլեգաներիցս մեկը արդեն մի քանի տարի առիթը չէր կորցնում խայթելու, թե դուք՝ հայերդ բասկետբոլ չունեք: Դե, Վրաստանում կանոնավոր առաջնություն է ընթանում 8 թիմերով, նրանց թիմերից մեկն էլ փորձում էր ցատկել մինչև ՎՏԲ միասնական լիգայի մակարդակ, թեև մեծ ձախողում ապրեց: Իհարկե, երկար ժամանակ ես նրան պատասխանելու բան չունեի, մինչև որ մեր մինչև 18 տարեկան աղջիկները հաղթեցին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը հենց Թբիլիսիում, իսկ «Ուրարտուն» վերջերս ուսումնամարզական հավաքի շրջանակներում կրկին հաղթեց մի քանի վրացական թիմերի: Բայց դեռ վաղ է ասել, որ «Հայկական բասկետբոլ» բառակապակցությունն արդեն կայացած սպորտային երևույթ է:

Հավաքականի համար բազա հանդիսանալուց զատ «Ուրարտուն» պետք է դառնա հայկական բասկետբոլի շոգեքարշը: «Ուրարտուի» խաղերից ոգևորված պատանիները պետք է գնան ու ծնողներին համոզեն տանելու իրենց բասկետբոլի մարզումների: Հենց դա է այն ակունքը, որից սկսվելու է մարզաձևի զարգացումը, մարզվողների թվի աճը բերելու է ենթակառուցվածների ու պետական ուշադրության ավելացման, նոր ակումբների ձևավորման, ու վերջապես՝ ուժեղ հավաքականի կայացման:

Իհարկե, սա տասնամյակներ տևող գործընթաց է, որը մեր նման երկրում ավելի հակված է ձախողման: Բայց սպորտը միշտ ունակ է հրաշքներ գործելու, թե խաղադաշտում ու խաղահրապարակում, թե իրական կյանքում: Դատելով խոսքերից ու առաջին քայլերից՝ «Ուրարտուի» ղեկավարությունը շատ լավ պատկերացնում է իր անելիքը ու վերցված պատասխանատվության չափը: Մնում է հուսալ ու սպասել, որ նրանք կկարողանան նաև կյանքի կոչել այդ ամենը, որովհետև հերթական ձախողված մարզական ծրագիրը շատ մեծ հարված կլինի հայ մարզասերի համար:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ