Ո՞վ կորդեգրի Հայաստանի հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հեռացավ: Հեռացավ այն պահին, երբ, իր խոսքով, նման բան անել չէր կարելի: ՆԱ Ռումինիայի հետ խաղից հետո նշեց, որ հավաքականին չի թողնի նման վիճակում: Բայց, ի վերջո, թողեց: Հիմա փորձենք հասկանալ, թե ով և ինչու պետք է կանգնի հավաքականի ղեկին:

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆ

Khashmanyan     

Վարդան Մինասյանի հրաժարականից հետո հենց նա էր դիտարկվում որպես հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու: Մանավանդ, որ դրա համար կար անհրաժեշտ ժամանակահատված: Վարդան Մինասյանը հեռացավ Իտալիայի հետ ԱԱ ընտրական մրցաշարի խաղից հետո: Մինչև Եվրո 2016-ի որակավորման փուլ շատ ժամանակ կար: Կարելի էր հրավիրել ու տալ հնաավորություն:

Ինչու այո – Խաշմանյանը Հայաստանում ամենամեծ համբավ ունեցող մասնագետներից է: Նա վայելում է երկրպագուների ամենաշատ սերն ու հարգանքը: Նրա ակումբային հաջողությունները թույլ են տալիս իր հետևում ունենալ երկրպագուների ու հավաքականի ուժերին դարձյալ հավատացողների մեծ բանակ, վայելել ֆուտբոլիստների վստահությունը: Նման կարգի հաջողություններ ունեցող մարզիչը ՊԵՏՔ Է, ՈՐ շարունակի կերտել իր` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով կանաչ ճանապարհը:

Ինչու ՈՉ –  ՀՖՖ-ն երբեք Աբրահամ Խաշմանյանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ չի եղել: Իսկ ինչպես մենք գիտենք, ով որ ՀՖՖ-ի հետ երկխոսություն չունի, նրա գործունեությունը հայկական ֆուտբոլում կասեցվում է: Աբրահամ Խաշմանյանը երիտասարդական հավաքականում աշխատելու փորձ ունի, սակայն ՀՖՖ ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հեռացավ: Բացի դրանից, նա բազմիցս հայտարարել է, որ ցանկություն չունի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ

Bichakhchyan

Վարդան Բիչախչյանը ներքին առաջնությունում, Խաշմանյանի պես, հասել է բոլոր հաջողություններին, բայց այլ պաշտոնում նրան դեռ ոչ ոք չի տեսել: Ասել, որ նա հաջողության չի հասնի հավաքականում, միանշանակ չի կարելի: Բայց գուցե ստացվի:

Ինչու այո – Ֆուտբոլում բախտի գործոնը երբեմն ամենավճռական դերն է խաղում: Այ հենց այդ բախտից էլ չունի Հայաստանի հավաքականը, ցավոք: Վարդան Բիչախչյանը: «Շիրակի» պատմության ամենատիտղոսակիր ու սիրելի մասնագետն է: Նրա հետ են կապված Գյումրու թիմի վերջին տարիների բոլոր հաջողությունները՝ ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Ինչու ոչ – Եթե Աբրահամ Խաշմանյանը ՈՐԵՎԷ հավաքականում աշխատելու փորձ ունի, ապա Բիչախչյանը` ոչ: Ու դժվար է, շատ դժվար է, փոքրիկ առաջնության ակումբից միանգամից անցնել խիստ պատասխանատու ու, կարելի է ասել, անծանոթ աշխատանքի: Որտեղ մթնոլորտը լրիվ այլ է, գաղափարները` ևս: Աշխարհում կան բազում մասնագետներ, ովքեր խուսափում են հավաքականի հետ աշխատելուց:

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Minasyan

­

Հայաստանի նորանկախ պատմության ամենասիրելի, որոշ դեպքերում, նաև պաշտելի մարզիչը: Մասնագետ, ում օրոք Հայաստանի հավաքականը հասավ իր պատմության գագաթնակետին: Մոտ էր Եվրո 2012-ի ուղեգիր նվաճելուն, մասնագետ, ով գտավ հաղթանակի բանալին: Մարդ, ում միշտ սպասում է հայ երկրպագուն:

Ինչու այո – Երիտասարդ մարզչի հետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի հարաբերությունների մեջ են: Նրա հեռանալուց հետո բոլորի սոցցանցերի էջերը ողողվեցին նրա նկարներով ու շնորհակալական նամակներով: Նրա հեռացումից ի վեր, Հայաստանի հավաքականը կորցրեց իր տեղը ֆուտբոլային վերնախավում ու սկսվեց պարտությունների ու ձախողումների շարան: Երկրպագուները բոլոր խաղերում վանկարկում են նրա անունը` հենց Վարդան Մինասյանի հետ կապելով մեր թե նախկին, թե ապագա հաջողությունները որպես մարդու, ով ծանոթ է այս ամենի ներքին խոհանոցին: Բացի դրանից, նա վայելում է ՀՖՖ նախագահի սերն ու հարգանքը, ինչը խիստ կարևոր է:

Ինչու ոչ – Ինքը` Վարդան Մինասյանը բազմիցս ասել, է որ այլևս ցանկություն չունի գլխավոր հավաքականը` պատճառաբանելով, որ այլևս հավաքականին տալու ոչինչ չունի: Եվ իսկապես: Վերջին շրջանում նկատվում էր լճացում: Միշտ նույն խաղն ու տակտիկան, որը վաղուց կարդացված էր մրցակիցների կողմից: Հավերժ հակագրոհներ անգամ այն պահին, երբ պետք է խաղ առաջին համարով: Անգամ 9 հոգով խաղացող բուլղարիային մենք հաղթեցինք հակագրոհի միջոցով, իսկ Մալթայի պես համեստ թիմի հետ չկարողացավ թիմը գործել առաջին համարով, որովհետև բառի բուն իմաստով երբեք դա չէր արել: Պետք է գիտակցել, որ նրա շրջանը հավաքականում ավարտվել է ու բաց թողնել նրան: Գուցե 10 տարի հետո նա կվերադառնա` նոր ու թարմ մտահղացումներով:

JOKER

joker

Ալտերնատիվ տարբերակ միշտ էլ կա: Մինասյանի հեռանալուց հետո շրջանառվում էին մեծանուն արտասահմանցի մասնագետների անուններ: Բայց ընտրությունը կատարվեց հօգուտ անհայտ Բեռնար Շալանդի: Հիմա Վարուժան Սուքիասյանի հեռանալուց հետո հարց է ծագում: Նորից վստահել տեղի ներկայացուցչի՞ն, թե՞ իրավիճակը շտկելու համար հրավիրել արտասհմանյան, իսկապես որակյալ մարզչի: Այս հարցերի պատասխանը պիտի տա Ֆեդերացիան:

Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում շատ է քննարկվում նաև ՀՖՖ-ի նախագահի հնարավոր հրաժարականի թեման, ապա սպասվում է, որ Սուքիասյանի հրաժարականով սկսվում է փոփոխությունների հսկա շղթա, որը լույս կվառի հայկական ֆուտբոլի` գնալով ավելի խորն արտամտներ ձգող թունելի վերջում:

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ