Վերջին 5 մրցաշրջաններում ՀՀ չեմպիոնները մեկնարկում չեն հաղթել

Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով «Ալաշկերտն» առաջնության անդրանիկ հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի՝ այդպես էլ չգտնելով «Գանձասար Կապանի» դարպասի բանալին: Նախորդ 4 առաջնություններում ՀՀ չեմպիոններն ավելի անհաջող էին մեկնարկել՝ զիջելով մրցակիցներին: Այնպես որ արդեն 5-րդ մրցաշրջանն է, ինչ գործող չեմպիոնը մեկնարկում հաղթանակ չի տոնել:

ՀՀ չեմպիոնների համար այդ տխուր ավանդույթի սկիզբը դրեց «Ուլիսը»՝ 2012/13թթ. առաջնության մեկնարկային խաղում 0:1 հաշվով պարտվելով «Միկային»: Հաջորդ մրցաշրջաններում նման ճակատագրի արժանացան նաև «Շիրակը», «Բանանցն» ու «Փյունիկը»: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության մեկնարկային տուրում հենց «Ալաշկերտն» էր պարտության մատնել գործող չեմպիոն «Փյունիկին»՝  2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով:

Առաջնության մեկնարկային տուրում չեմպիոնի հետ հաջող են խաղացել նաև գանձասարցիները, որոնք բացի «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց, 2013/14թթ. մրցաշրջանում 3:2 հաշվով պարտության են մատնել «Շիրակին»:

Հարկ է նշել, որ մինչև 2011թ. առաջնությունը ներառյալ ընդհանուր առմամբ չեմպիոնը 18 անգամ առաջնությունը սկսել էր հաղթանակով, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Չեմպիոններից առավել հաջող է հանդես եկել ՀՀ 14-ակի չեմպիոն «Փյունիկը», որը մինչև 2011թ. մրցաշրջանը ներառյալ ուժեղագույնի կարգավիճակով անցկացրած մեկնարկային 13 հանդիպումներն էլ շահել էր: Ընդ որում 2005-2011թթ. մեկնարկային հանդիպումներում փյունիկցիները սեփական դարպասն անառիկ են պահել՝ խփելով 15 գնդակ, տոնելով խոշոր հաշվով 3 հաղթանակ:

 «Շիրակը» 4 անգամ է առաջնությունում հանդես եկել չեմպիոնի կարգավիճակով և միայն մեկ անգամ է մեկնարկում պարտվել: 1993թ. առաջնությունը գյումրեցիները սկսել են «Ցեմենտի» նկատմամբ տարած հաղթանակով` 2:0: 1994թ. 2-րդ անգամ չեմպիոն հռչակված «Շիրակը» հաջորդ առաջնությունում մեկնարկել էր «Վանի» հետ ոչ-ոքի արդյունքով` 2:2:

 Իսկ ահա 2000թ. չեմպիոնի կարգավիճակով առաջին խաղում գյումրեցիները պարզապես ջախջախել էին Կապանի «Լեռնագործին»` տոնելով ՀՀ առաջնություններում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը` 13:1:

Ավելի խոշոր հաշվով առաջնության մեկնարկային խաղում հաղթել էր միայն 1993թ. չեմպիոն «Արարատը»` 14 անպատասխան գնդակ ուղարկելով Գորիսի «Զանգեզուրի» դարպասը:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ՀՀ չեմպիոնների մեկնարկային հանդիպումների արդյունքները:

ԹՎԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՄՐՑԱԿԻՑ ՀԱՇԻՎ
1993 «Շիրակ»

ՀՄԸՄ

«Ցեմենտ»

«Իմպուլս»

2:0

3:0

1994 «Արարատ» «Զանգեզուր» 14:0
1995/96 «Շիրակ» «Վան» 2:2
1996/97 «Փյունիկ» «Շիրակ» 1:0
1997 «Փյունիկ» «Կոտայք» 4:1
1998 «Երևան» «Շիրակ -2» 4:0
1999 «Ցեմենտ» «Զվարթնոց» 1:0
2000 «Շիրակ» «Լեռնագործ» 13:1
2001 «Արաքս» «Բանանց» 2:2
2002 «Փյունիկ» «Բանանց» 3:1
2003 «Փյունիկ» «Շիրակ» 2:0
2004 «Փյունիկ» «Արարատ» 4:1
2005 «Փյունիկ» «Միկա» 1:0
2006 «Փյունիկ» «Գանձասար» 3:0
2007 «Փյունիկ» «Ուլիս» 5:0
2008 «Փյունիկ» «Ուլիս» 1:0
2009 «Փյունիկ» «Բանանց» 1:0
2010 «Փյունիկ» «Շիրակ» 3:0
2011 «Փյունիկ» «Իմպուլս» 1:0
2012/13 «Ուլիս» «Միկա» 0:1
2013/14 «Շիրակ» «Գանձասար» 2:3
2014/15 «Բանանց» «Ուլիս» 0:1
2015/16 «Փյունիկ» «Ալաշկերտ» 1:2
2016/17 «Ալաշկերտ» «Գանձասար Կապան» 0:0

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ