Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակը» բարձրագույն խմբում 200-րդ խաղն անցկացրեց

Առաջնության 14-րդ տուրում Գյումրիում «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը հոբելյանական էր «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի համար: Նրա գլխավորությամբ «Շիրակը» բարձրագույն խմբում հոբելյանական՝  200-րդ խաղն անցկացրեց: Գյումրեցիներն ամեն ջանք գործադրեցին մարզչի հոբելյանը հաղթանակով նշելու համար, սակայն չստացվեց: Բիչախչյանի օրոք գյումրեցիները ՀՀ առաջնություններում  50-րդ ոչ-ոքին գրանցեցին: Մնացած հանդիպումներից 81-ում շիրակցիները հաղթել են, 69-ում Բիչախչյանի սաները պարտվել են: «Շիրակը» մրցակիցների դարպասը 268 գոլ է խփել, սեփականը բաց է թողել 269 գնդակ:

2008թ. մրցաշրջանից հետո «Շիրակում» ֆուտբոլային կարիերան ավարտած Վարդան Բիչախչյանը շուտով ստանձնեց հարազատ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Ժորա Բարսեղյանին: Դա տեղի ունեցավ 2009թ. առաջնության 8-րդ տուրից հետո: 32-ամյա Բիչախչյանի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում շատ անհաջող ստացվեց: Մայիսի 23-ին Գյումրիում կայացած առաջնության 9-րդ տուրի խաղում նրա սաները 0:4 հաշվով զիջեցին «Միկային»:

Ֆինանսական ծանր պայմաններում գտնվող շիրակցիները նախորդ մի քանի մրցաշրջաններում անհաջող էին հանդես եկել: Բացառություն չկազմեց նաև 2009թ. առաջնությունը: Միայն 21-րդ տուրում Վարդան Բիչախչյանին հաջողվեց իր սաների հետ վայելել առաջին հաղթանակի բերկրանքը ( մինչ այդ «Շիրակը» Ժորա Բարսեղյանի օրոք 3 հաղթանակ էր տոնել)՝ Գյումրիում 2:1 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Առաջնությունը «Շիրակն» ավարտեց 6-րդ տեղում:

Հաջորդ մրցաշրջանն ավելի անհաջող էր շիրակցիների համար, որոնք Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Անհաջող մրցաշրջանից հետո «Շիրակում» արմատական փոփոխություններ տեղի ունեցան: Ակումբի նախագահի պաշտոնը ստանձնած Արման Սահակյանը ոչ միայն զգալիորեն բարելավեց թիմի ֆինանսական վիճակը, այլև «Շիրակի» ղեկը հանձնեց Սամվել Պետրոսյանին:

Սակայն առաջին շրջանի ավարտից հետո Վարդան Բիչախչյանը կրկին վերադարձավ նախկին աշխատանքին և իր սաների հետ կարճ ժամանակահատվածում նոր նվաճումներ գրանցեց ակումբի հարուստ կենսագրությունում՝ արժանանալով հայկական ֆուտբոլի բոլոր մրցանակներին:

Bichakhchyan

2012թ. գարնանը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը, իսկ 2012/13թթ. առաջնությունում 14 տարվա ընդմիջումից հետո գյումրեցիները կրկին ուժեղագույնը ճանաչվեցին՝ դառնալով Հայաստանի քառակի չեմպիոն: 2013թ. աշնանն էլ «Շիրակն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը:

Հաջորդ երեք մրցաշրջաններում շիրակցիները մշտապես տեղ զբաղեցրին մրցանակային եռյակում: Այնպես որ արդեն մարզչական զգալի փորձ ունեցող Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակը» վերջին 5 տարիների հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր և ամենակայուն ակումբն է:

VivaroNews.am-ը ներկայացնում է Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակի» գրանցած արդյունքները ՀՀ առաջնություններում: Նշենք, որ 2015/16թթ. առաջնությունում աղյուսակում հաշվի են առնված «Ուլիսի» հետ չկայացած երկու հանդիպումներում «Շիրակին» 3:0 հաշվով գրանցած տեխնիկական հաղթանակները, որոնք բնականաբար ընդգրկված չեն Վարդան Բիչախչյանի օրոք շիրակցիների անցկացրած 200 խաղերի ցանկում:

2011թ. էլ «Շիրակը» Բիչախչյանի գլխավորությամբ «Գանձասարին» հաղթել էր 1:0 հաշվով, սակայն մրցակցի կազմում որակազրկված ֆուտբոլիստ էր խաղադաշտ դուրս եկել, ուստի շիրակցիներին 3:0 հաշվով հաղթանակ էր գրանցվել: Աղյուսակում հենց այդ արդյունքն է հաշվի առնված, իսկ Բիչախչյանի ցուցանիշներում գրանցված է իրական արդյունքը՝ 1:0-ն:

Թվական Խ Հ Ո Պ Գ Մ % Տեղ
2009 20 2 7 11 14-41 13 21,6 6
2010 28 2 4 22 22-68 10 11,9 8
2011 14 3 3 8 15-25 12 28,5 7
2012/13 42 26 10 6 70-38 88 69,8 1
2013/14 28 13 8 7 48-31 47 55,9 2
2014/15 28 14 7 7 51-32 49 58,3 3
2015/16 28 15 7 6 41-27 52 61,9 2
2016/17 14 8 4 2 15-7 28 66,6 1

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակը» ՀՀ առաջնություններում մրցել է 9 թիմերի հետ: Առավել հաջող շիրակցիները խաղացել են «Արարատի» հետ, իսկ ամենաանհարմար մրցակիցը «Փյունիկն» է:

VivaroNews.am-ը ներկայացնում է Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակի» գրանցած արդյունքները մրցակիցների հետ անցկացրած 200 հանդիպումներում:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Արարատ 25 20 4 1 55-18 64 85,3
2.Ուլիս 25 13 5 7 34-23 44 58,6
3.Գանձասար Կապան 29 12 9 8 36-35 45 51,7
4.Ալաշկերտ 15 5 6 4 23-21 21 46,6
5.Բանանց 31 10 9 12 38-52 39 41,9
6.Միկա 26 8 7 11 30-41 31 39,7
7.Իմպուլս 12 4 2 6 20-20 14 38,8
8.Կիլիկիա 7 2 2 3 10-10 8 38
9.Փյունիկ 30 7 6 17 22-49 27 30

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակի» անցկացրած հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Անդրանիկ Բարիկյանը՝  խփելով 38 գոլ: Ռմբարկուների լավագույն տասնյակում են նաև Դավիթ Հակոբյանը՝  24, Լամին Լի Յորոն և Ժան Ժակ Բուգուհին՝  22-ական, Ֆոֆանա Բեկոն և Սերժ Դեբլեն՝  15-ական, Մկրտիչ Նալբանդյանը՝  13, Դամե Դիոպն ու Վիուլեն Այվազյանը՝  12-ական և Դրիսսա Դիարասուբան՝ 11:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ